Նաթանյահու․ «Որտե՞ղ կարող է լինել Իսրայելի մայրաքաղաքը, եթե ոչ Երուսաղեմում»
11.12.2017թ. 11:08:36
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է հասկանան եւ ընդունեն, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է։ Այդ դեպքում հնարավոր կլինի հասնել խաղաղության։

Նաթանյահուի խոսքերով, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է եղել 3000 տարի եւ «երբեք չի եղել որեւէ այլ ժողովրդի մայրաքաղաք»։ Իսրայելի վարչապետը հրեական ժողովրդի հազարամյա կապը Երուսաղեմի հետ ժխտելու փորձերն անմտություն է համարել։

«Դուք կարող եք այդ մասին կարդալ մի լավ գրքում, որը կոչվում է «Աստվածաշունչ»․․․ Որտե՞ղ կարող է լինել Իսրայելի մայրաքաղաքը, եթե ոչ Երուսաղեմում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք։