«Մուկլիմանդիլ»-ը վերաբացվեց
19.04.2017թ. 15:00:35

Արցախի մայրաքաղաքի փոքր կենտրոնում, սրճարանների, ռեստորանների շղթայում անցած տարվա մայիսից հայտնված եւ երեք ամսով դադար տված «Մուկլիմանդիլ»-ը պատրաստ է ավելի շատ մարդ գցել իր «ոստայնը»:

Ցանցի հիմնադիրները հորդանանահայ Կարո Սերպեկյանն եւ երևանցի Նաիրա Իսրայելյանն են: Հորդանանում ծնված եւ մեծացած Կարոն միշտ երազել է Հայաստանում ապրել, աշխատել: Կարոն «Դեպի հայք» ծրագրի շրջանակներում որպես կամավոր եկավ Հայաստան։ Կամավարության ծրագրի մի մասն անցկացրեց Արցախում և այդ ժամանակ էլ հասկացավ, որ ուզում է մնալ այստեղ։

«Հայաստան տեղափոխվելու միտք վաղուց ունեի, ուղղակի հարմար առիթ էի փնտրում։ Հորդանանում ես լավ աշխատանք ունեի։ Մասնագիտությամբ հաշվապահ եմ, դրան զուգահեռ նաև երաժշտությամբ էի զբաղվում։ Կամավորությունը հարմար առիթ էր գալ Հայաստան ու մոտիկից ծանոթանալ երկիրին, հասկանալ, թե ինչով կարող եմ զբաղվել այստեղ։ Հետո եկա Արցախ ու հասկացա, որ սա մեկ ուրիշ աշխարհ է, և ուզում եմ հենց այստեղ մնալ։ Իմ նախնիները շատ վաղուց Արցախից են տեղափոխվել Արևմտյան Հայաստան՝ Մարաշ, որտեղից էլ Եղեռնի ժամանակ գաղթել են Հորդանան։ Միգուցե արցախցու արյունն է, որ ինձ կապեց այս հողին»,- ասում է նա։

Կամավորական ծրագիրն ավարտելուց հետո Կարոն սկսեց լրջորեն մտածել Արցախում սեփական գործ հիմնելու ուղղությամբ։ Սրճարան-գինետուն բացելու վերջնական գաղափարը հաստատվեց, երբ Երևանի փաբերից մեկում հանդիպեց ծանոթներից մեկին ու սկսեցին խոսել Արցախում որևէ գործ սկսելու մասին։

«Սրճարանի անունը մտածելուց հետո որոշեցինք, որ այն պետք է յուրովի մի ցանց լինի, որն Արցախը կկապի աշխարհի հետ։ «Մուկլիմանդիլը» պիտի լինի մի վայր, որտեղ կարելի է ոչ միայն համով սնվել, այլև շնորհիվ յուրահատուկ մթնոլորտի, մարդիկ գան այստեղ պարզապես շփվելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու։ Հենց այդ նպատակով էլ սրճարանում սեղաներն իրար բավականին մոտ ենք դրել։ Միգուցե սկզբում ոմանք ընդդիմանան՝ ասելով, որ անձնական տարածք չենք թողել, բայց մեր նպատակն այն է, որ մանավանդ երիտասարդները ճանաչեն իրար և միասին հետաքրքիր ժամանակ անցկացնեն»,- ասում է Կարոն։

Յուրահատուկ մթնոլորտ ստեղծելու համար Կարոն ու նրա գործընկեր Նաիրան շատ գաղափարներ ունեն, իսկ երեք ամսյա դադարի ժամանակ ուսումնասիրել եւ համեմատել են «Մուկլիմանդիլ»-ը Երեւանի սրճարանների հետ։ Ասում է, որ լիքը փոփոխություններ են լինելու սպասարկման, ճաշացանկի, գների եւ գաղափարների առումով։

«Անցյած տարին սովորելու տարի էր, շատ բաներ սովորեցինք,- ասում է Կարոն,- «Մուկլիմանդիլ»-ը պետք է միավորի քաղաքի երիտասարդներին: Հենց այս միտքն է եղել անկյունաքարը. ստեղծել հավաքատեղի, որտեղ տեղացիներն ու արտերկրացիները կշփվեն, կուրախանան, կծանոթանան իրար հետ: Միավորող այս գաղափարից էլ ծնվեց անվանումը՝ ցանց, սարդոստայն, որն արցախյան բարբառով արտասանվում է «մուկլիմանդիլ»։

«Մուկլիմանդիլ. սուրճ և գինի» անվանումն էլ  պատահական չէ։ Կարոյի խոսքով՝ պլանավորել են օրվա ցերեկային ժամերին սրճարանի ոճով աշխատել, իսկ երեկոյան ժամերին՝ ավելի շատ գինետան, որը կլինի նաև երիտասարդության հավաքատեղի։

«Մեր պոտենցիալ հաճախորդները պետք է տեղացիները լինեն, մենք այդ ուղղությամբ ենք աշխատելու։ Ճիշտ է, լավ է՝ եթե զբոսաշրջիկներ էլ ներգրավենք, բայց դա սեզոնային է, դրա վրա միայն հույս դնել չենք կարող»,-ասում է նա։

Սրճարանը բացելու համար Կարոն իր սեփական միջոցներից է ներդրում արել։ Նա ինչ-որ հաշվարկներ ուներ, թե երբ կարող է եկամուտ ակնկալել, բայց քառօրյա պատերազմը այդ բոլոր հաշվարկները զրոյացրել է։ Այնուամենայնիվ, ոչ պատերազմը, ոչ էլ ընդհանուր լարվածությունը հետ չեն պահել Կարոյին իր միտքը կյանքի կոչելուց։

«Ես հավատում էի, որ չի կարող պատահի՝ Հորդանանից հասնեմ Արցախ ու մի վատ բան պատահի, ես չկարողանամ իմ գործը շարունակել։ Ես պարզապես վստահ էի, որ չնայած քառօրյա պատերազմին և ընդհանուր լարվածությանը, ամեն ինչ լավ է լինելու։ Հակառակը, պատերազմն ինձ ավելի մոտիվացրեց, որ ես իմ գործով մեսիջ հղեմ աշխարհին ու մանավանդ Ադրբեջանին, որ ինչքան էլ իրենք կրակեն, մեզ դրանով չեն կարող կոտրել։ Մենք կշարունակենք ստեղծել ու զարգացնել մեր երկիրը»,- ասում է Կարոն։

Հ․Գ․ Ցանցը հիմնադրած Կարոն իր օրինակով ապացուցեց, որ սրճարանը կարող է միավորել մարդկանց: 2016-ի ամռանը «Մուկլիմանդիլում» Կարոն հանդիպեց Սյուզաննային։ Մի քանի ամսից նրանք կամուսնանան։

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ