Մշակույթն ապրեցնում է և իրականությունն ավելի լավատեսորեն ընկալելու հնարավորություն տալիս
15.01.2018թ. 11:16:42

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի տեղեկատվական պայքարին, մշակութային արժեքների պահպանությանը, երիտասարդության խնդիրներին, զբոսաշրջության զարգացմանն ու այլ հարցերի:

– Պարո՛ն Շահվերդյան, Արցախը պատերազմական երկիր է, և առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է: Այստեղ տուժո՞ւմ է հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ:

– Արցախյան հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ չի մարել նույնիսկ ամենադժվարին պահերին: Կասեի նույնիսկ հակառակը: Մշակույթը բուժելու և դատարկությունը լցնելու հատկություն ունի: Մշակույթն ապրեցնում է և իրականությունն ավելի լավատեսորեն ընկալելու հնարավորություն տալիս: Իսկ այդ հնարավորությունը մեր հասարակությունն օգտագործում է առավելապես:

– Արցախը հին մշակույթ ունեցող երկիր է, քարոզչական և տեղեկատվական պատերազմով հարևան պետությունը փորձում է իրականությունն այլ կերպ ներկայացնել: Ինչպես է Արցախը պայքարում կեղծ տեղեկատվության տարածման դեմ Արցախի մշակույթի մասին:

– Խոսելով մշակութային ժառանգության պահպանության բնագավառում տեղեկատվական պատերազմի մասին` նախ պետք է արձանագրենք, որ գործիքակազմը, որով կարողանում ենք հակազդել Ադրբեջանի կեղծ քարոզչությանը, այդքան էլ մեծ չէ` հաշվի առնելով թե՛ չճանաչվածության հանգամանքը, թե՛ կոորդինացված աշխատանքների կարիքը: Այնուամենայնիվ, տեղեկատվական դաշտում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ փորձում ենք թիրախավորված պատասխաններ տալ այս կամ այն ապատեղեկատվությանը:

Մենք մեր ամենօրյա գործունեությամբ և այդ գործունեության լուսաբանմամբ ենք նաև ներկայացնում իրականությունն ի տարբերություն Ադրբեջանի, որի կեղծ քարոզչությունն ու հայկական մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման գործողությունները միջազգային հանրության կողմից օբյեկտիվ գնահատական ստանալու կարիք ունեն:

– Լինելով չճանաչված պետություն` Արցախը միազգային մշակութային ծրագրերի մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե մասնակցում է, ապա ինչպե՞ս:

– Ինչպես ասում են՝ մշակույթը սահմաններ չի ճանաչում: Մեր պետության սահմաններն էլ շատերը դեռ չեն ճանաչում: Մենք մշակույթը ներկայացնում ենք առանց սահմանների: Այս առումով, երբեմն, գուցե ավելի հեշտ է:

Իրականում, միջազգային ծրագրերի մասնակցության հաջող փորձ ունենք` հատկապես արցախցի շնորհալի երիտասարդները: Ու չնայած արհեստականորեն ստեղծվող խոչընդոտներին՝ հաջողվում է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանն ու Արցախը, հայկական մշակույթը միջազգային տարբեր հարթակներում:

-Երիտասարդության թիվ մեկ խնդիրը ո՞րն է Արցախում, ի՞նչ ծրագրեր ունեն:

-Երիտասարդության շրջանում պասիվություն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահություն կա, ինչն էլ խանգարում է կառուցողական գործունեությանը:

Ըստ այդմ, երիտասարդության ոլորտում տարվող քաղաքականության կարևորագույն սկզբունքը հետևյալն է. ստեղծել հարմարավետ միջավայր, որտեղ ինքնադրսևորվելու առավելագույն հնարավորություն կունենա յուրաքանչյուր երիտասարդ: Առանձին ծրագրեր են իրականացվելու շրջաններում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող, ինչպես նաև ծառայության մեջ գտնվող շնորհալի երիտասարդների համար: Աջակցություն են ստանալու այն նախաձեռնությունները, որոնք միտված են երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանմանը: Մշակութային գրագիտությանն ուղղված տարատեսակ միջոցառումները ևս հետևողականորեն իրականացվելու են:

– Արցախը հին մշակույթ ունեցող երկիր է, քարոզչական և տեղեկատվական պատերազմով հարևան պետությունը փորձում է իրականությունն այլ կերպ ներկայացնել: Ինչպե՞ս է Արցախը պայքարում կեղծ տեղեկատվության տարածման դեմ Արցախի մշակույթի մասին:

– Խոսելով մշակութային ժառանգության պահպանության բնագավառում տեղեկատվական պատերազմի մասին` նախ և առաջ պետք է արձանագրենք, որ գործիքակազմը, որով կարողանում ենք հակազդել Ադրբեջանի կեղծ քարոզչությանն այդքան էլ մեծ չէ, հաշվի առնելով թե՛ չճանաչվածության հանգամանքը, թե՛ կոորդինացված աշխատանքների կարիքը: Այնուամենայնիվ, տեղեկատվական դաշտում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ փորձում ենք թիրախավորված պատասխաններ տալ այս կամ այն ապատեղեկատվությանը:

Մենք մեր ամենօրյա գործունեությամբ և այդ գործունեության լուսաբանմամբ ենք նաև ներկայացնում իրականությունը, ի տարբերություն Ադրբեջանի, որի կեղծ քարոզչությունն ու հայկական մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունները միջազգային հանրության կողմից օբյեկտիվորեն դատապարտման կարիք ունեն:

– Մշակութային արժեքների պահպանման խնդիր, կարծում եմ, Արցախն ունի: Կա՞ հատուկ ռազմավարություն մշակութային արժեքների պահպանման համար և ի՞նչ ծրագրեր կան:

– Մշակութային արժեքների պահպանման խնդիրը գրեթե բոլոր փոքր երկրներում ու հասարակություններում առկա է: Արցախում տվյալ ոլորտում ձևավորված օրենսդրական դաշտը, համագործակցությունը տարբեր կառույցների միջև, ինչպես նաև պետության զարգացման ծրագրերը փաստում են առ այն, որ իշխանություններն ու հասարակությունը մշակութային արժեքներին ընկալում են որպես մեր պատմության, ավանդույթների և ամենակարևորը՝ ապրելակերպի անքակտելի մասը: Իսկ ռազմավարությունը մեկն է` ճանաչել ու սերնդեսերունդ փոխանցել այն արժեքները, որոնք փաստում են մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը:

– Տուրիզմի զարգացման համար Արցախն ի՞նչ է անում, ինչո՞վ է Արցախը ճանաչելի դառնում աշխարհին:

– Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է Արցախի զբոսաշրջային բարենպաստ նկարագրի ձևավորումը և տարածումը, ինչպես նաև Արցախի ճանաչելիության բարձրացումը թիրախային շուկաներում: Այդ նպատակներին ուղղված ջանքերի և տեղում մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման շնորհիվ այս տարի ունեցանք 41 տոկոս ներգնա զբոսաշրջիկների քանակի աճ, ինչը խոսում է արդյունավետ աշխատանքի մասին: Ես կառանձնացնեի երեք բաղադրիչ, որոնց միջոցով Արցախը գրավում է զբոսաշրջիկներին. հարուստ և ունիկալ պատմամշակութային ժառանգություն, աուտենտիկություն, որի մեջ դրված է նախ և առաջ արցախցիների ապրելակերպը և բնական լադշաֆտ: Ահա սրանք են այն հիմնասյունները, որոնց վրա փորձում ենք հենվել՝ չմոռանալով նաև այլ տարրերի մասին:

– Կա՞ վիճակագրություն, թե հատկապես որ երկրներից են այցելում Արցախ և որն է Արցախի ամենատեսարժան վայրն` ըստ զբոսաշրջիկների:

– Նման վիճակագրություն, իհարկե, տարվում է: 2017 թվականի համար ցուցանիշները դեռ մշակման փուլում են և շուտով հանրության համար հասանելի կլինեն: Իսկ, ընդհանուր առմամբ, մեր դիտարկումների համաձայն` ավելի շատ զբոսաշրջիկներ այցելում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից, Գերմանիայից:

Որպես ամենաայցելվող զբոսաշրջավայր կառանձնացնեի Շուշի քաղաքը, Հունոտի կիրճը, Գանձասարի վանական համալիրը, Տիգրանակերտն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը: