Մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ արժանացել են ԼՂՀ նախագահի կողմից պարգեւների
25.05.2017թ. 13:13:24

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ 39 աշակերտների եւ նրանց ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, եւ այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ըստ ամենայնի նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

«Ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը, եւ մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած եւ քայլեն ժամանակին համընթաց»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: