Միացում. 30 տարի անց՝ 88-ի խորհուրդով
13.02.2018թ. 17:57:47

Փետրվարի 13-ին՝ 30 տարի անց նույն ոգով, նույն պահանջներով եւ նույն վայրում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էին հավաքվել Ղարաբաղյան շարժման մասնակիցները, Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հերոսները, պաշտոնյաններ, ուսումնական հաստատությունների ուսուցիչներ ու աշակերտներ, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվի անդամներ:

Արցախյան շարժմանը նվիրված միջոցառումը մեկնարկել է երթով: Արցախի պետական համալսարանից մեկնարկած երթի մասնակից երիտասարդները տանում էին 25 մետր երկարությամբ՝ Արցախի Հանրապետության դրոշը, ինչպես նաև՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տարբերանշանով դրոշակներ, ցուցապաստառներ, դրոշներ: Երթի ընթացքում պարբերաբար հնչում էին 1988-ի Շարժման կոչեր և ժամանակակից լոզունգներ: Ազատամարտիկների պողոտայի երեք հատվածներում հնչում էր 1988-ի հանրահավաքների կոչերի արխիվային ձայնագրությունները:

Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են հայ ժողովրդի ազատությունն ու անկախությունը կյանքի գնով պաշտպանած հայորդիների հիշատակը: Այնուհետեւ, ինչպես 30 տարի առաջ, ամբիոնից ազդարարվել է հանրահավաքի սկիզբը՝ նոր ժամանակների սկիզբը, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու արցախահայության վճռականության սկիզբը:

Հանրահավաքին ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Շնորհավորելով ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ՝ նախագահը նշել է, որ 1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

«1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայացքն ուղղված է միմիայն դեպի ապագան: Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, եւ բոլորիս պարտքն է առավելագույնն անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար: Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք, եւ կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ»,- նշել է նախագահ Բակո Սահակյանը:

Հանրահավաքի մասնակիցներին շնորհավորել եւ օրհնանքի խոսք է ուղղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այսօր մեզ համար մեծագույն տոն է, հաղթանակի տոն, արդարության տոն: 30 տարի առաջ, Տյառնընդառաջի օրվա նախաշեմին, ընդառաջ Աստծո գնացինք դեպի ճշմարտությունը եւ արդարությունը հաստատելու: Այսօր 30 տարեկան ենք: Քրիստոսը  30 տարեկանում մկրտվեց, եւ այսօր մեր մկրտության օրն է: Աստծուց եւ սուրբ հոգուց ենք մկրտվում, մկրտվում ենք մեկ նպատակով՝ շարունակելու մեր արդար եւ ազնիվ ճանապարհը»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շարժման առաջամարտիկ Համլետ Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ այսօր ամբողջ  հայության տոնն է, եւ թեեւ Արցախի Հանրապետությունը դե-յուրե դեռեւս ճանաչված չէ, բայց փաստ է, որ միջազգային ոչ մի ատյանում առայսօր չեն  կասկածել մեր հանրապետության լեգիտիվությանը:

«Արցախյան ազատամարտի տարեց վկաներս հպարտանում ենք 80-90-ականների սերնդով, եւ հորդորում ենք նոր սերնդին՝ կրկնապատկել մեր սերնդի հաջողությունները, քանզի նրանք երկար ճանապարհ ունեն անցնելու Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու սուրբ գործում եւ իրականացնելու 30 տարի առաջ ժողովրդի սրտից ծնված  Միացում, մեկ ազդ՝ մեկ հայրենիք եւ մեկ պետություն կարգախոսը: Մենք համառ եւ հետեւողական ժողովուրդ ենք, բայց մենք նաեւ համբերել գիտենք: Փառք նրանց, ովքեր մեզ հայրենիք են կտակել, եւ նրանց, ովքեր շենացնելու եւ պահպանելու են այն»,- իր խոսքում ասել է Հ.Գրիգորյանը:

Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, դիմելով հանրահավաքի ներկաներին, նշել է, որ մենք այսօր հավաքվել ենք այստեղ ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու Արցախյան շարժման առաջամարտիկներին, ոչ միայն հիշողության գիրկն ընկնելու համար, այլ ազդարարելու համար պայքարի նոր փուլ՝ զարգացման փուլ:

«Մենք բոլորս պետք է  քաղենք 88-ի դասերը: Միասնության դասը՝ Սփյուռքի, Հայաստանի, Արցախի միասնության դասը: Հետեւողական լինելու դասը: Եւ, որ ամենակարեւորն է, մեր հույսը ինքներս մեզ վրա դնելու դասը,- ասել է Ժ.Գալստյանը եւ շարունակել,- Մեր թշնամին ոչնչով չի փոխվել: Անցյալ դարասկզբի թուրքի ձեռագիրը նույնն է մնացել, վկայությունը՝ 1915, 1918, 1920, 1988, 1992 եւ 2016 թվականներն են: Մենք միշտ պետք է հիշենք դա: Ոչ մի ժողովուրդ չի կարող այնքան խաղաղություն ցանկանալ, ինչքան պատերազմ տեսած ժողովուրդը: Մենք բոլորս խաղաղություն ենք ցանկանում, բայց պետք է քաջ գիտակցենք, որ խաղաղություն ունենալու համար պետք  է ունենալ շատ հզոր բանակ եւ պետություն: Մենք այդ ճանապարհին ենք: Կեցցե այն սերունդը, որն ապրելու է ազատ, անկախ, միացյալ Հայաստանում»:

Միջոցառման ժամանակ ելույթով հանդես է եկել նաեւ նոր սերնդի հերոսը, անցած դարավերջին սկսված գործի շարունակողը՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Պետրոսյանը:

«Ղարաբաղյան շարժման բարձր ոգին փոխանցվել է մեզ՝ այսօրվա երիտասարդներիս, զինվորականներիս: Հենց այդ ոգին է անառիկ պահում մեր սահմանները, պատասխանում թշնամու ամեն մի ոտնձգության: Ես ականատեսն ու մասնակիցը չեմ Ղարաբաղյան շարժման՝ ծնվել եմ մոտ մեկ տասնամյակ անց, սակայն ես մասնակիցն եմ Ապրիլյան պատերազմի ու պատվով եմ կրում հայրենիքիս պարգեւը: Այսօր մենք պետք է համախմբվենք ու հետեւենք 30 տարի առաջ սկսված ու շարունակվող մեր ազգային նպատակներին՝ խրախուսելով ու զարգացնելով լավը: Դրան զուգահեռ՝ մեզնից պետք է վանենք բացասականը: Մենք առջեւում շատ անելիքներ ունենք»,- ասել է Մարատ Պետրոսյանը:

Միջոցառումն ավարտվել է մշակութային ծրագրով՝ «Կարին» ազգագրական համույթի, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի պարախմբի եւ «Արցախ» երգի-պարի ազգագրական համույթի մասնակցությամբ:

 

IMG_1803

IMG_1808

IMG_1824

IMG_1831

IMG_1856

IMG_1875

IMG_1877