Մենք ուշադիր հետեւելու ենք այն կետերին, որոնք վերաբերում են Ղարաբաղի խնդրին
24.11.2017թ. 11:31:14

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։

Նա նշել է, որ դա շատ կարեւոր համաձայնագիր է եւ հատկապես կարեւոր է քաղաքական տեսանկյունից։ «ԵՄ-ն ուզում է լուրջ դեր խաղալ Հայաստանում բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում»,- ընդգծել է Շիրինյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից հետո պետք չէ առաջընթացի եւ կոնկրետ արդյունքների սպասել հենց հաջորդ օրը, քանի որ համաձայնագիրն ուղղված է երկարաժամկետ հեռանկարներին։ «Մենք ուշադիր հետեւելու ենք այն կետերին, որոնք վերաբերում են Ղարաբաղի խնդրին։ Հատկապես դա վերաբերում է ձեւակերպումներին»,- նշել է Շիրինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կստորագրի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

news.am

Ուշադիր ենք եղել Ղարաբաղի հետ կապված ձևակերպումների հարցին․ արդյունքը՝ ուրբաթ օրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, ակնկալվում է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը նոր շրջանակային համաձայնագիր կստորագրեն։ Այս պահին Բրյուսելում մթնոլորտն ինչպե՞ս է, արդյո՞ք կան այս առումով խոչընդոտներ։

– Մենք շատ լավատես ենք, կարծում ենք՝ գագաթնաժողովի ընթացքում փաստաթուղթը կստորագրվի։ Դուք գիտեք, որ կային մտահոգություններ, որ կարող է տեխնիկական խնդիրներ առաջանան՝ փաստաթղթի թարգմանությունը բոլոր պետություններին հասանելի չլինի կամ որևէ պետություն այլ ճանապարհով խոչընդոտի։ Պետք է որ այդ բոլոր խնդիրները հարթված լինեն, և մենք սպասում ենք, որ ուրբաթ օրը փաստաթուղթը կստորագրվի։

– Նաև կան որոշակի մտահոգություններ ԱլԳ հռչակագրի տեքստի հետ կապված՝ մասնավորապես հակամարտությունների կարգավորման մասով նշվում է, թե կան մեր շահերին հակասող ձևակերպումներ։ Տեղեկություն ունե՞ք, արդյոք այդ ձևակերպումները շտկվել են։

– Մենք տեղեկություն չունենք՝ ինչ տեսք ունի այժմ։ Բայց այսօր կարող եմ ասել, որ Եվրոպական խորհրդարանն անցած շաբաթ իր թելադրություններն արել է Ղարաբաղի հիմնախնդրի մասով և այնտեղ կան ձևակերպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք սկզբունքներին համապատասխան՝ ուժի չկիրառում, ազատ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Մեր գրասենյակի, Հայաստանի դեսպանատան ջանքերով փորձեցինք այնպես անել, որ այդ ձևակերպումները պահպանվեն։ Հիմա հարցը հետևյալն է՝ արդյո՞ք գագաթնաժողովին այդ ամենը հաշվի կառնվի, թե՞ ոչ։ Մենք իսկապես շատ ուշադիր ենք եղել այդ հարցին, բավարար չափով հետևողական։ Արդեն ուրբաթ կամ շաբաթ պարզ կլինի՝ որքանով է հաջողվել։

– Ի՞նչ եք կարծում՝ այդ համաձայնագիրն առհասարակ ի՞նչ կտա Հայաստանին։ Նշվում է, որ լավ է, որ լինելով ԵԱՏՄ անդամ և այդքան մեծ կախվածություն ունենալով Ռուսաստանից, մենք Եվրամիության հետ նման որակի փաստաթուղթ ենք ստորագրում։ Արդյո՞ք կարծում եք՝ այս համաձայնագրի ստորագրումից հետո մենք պետք է դրական փոփոխություններ ակնկալենք։

– Համաձայնագիրը, բնականաբար, շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի համար՝ մանավանդ քաղաքական երկխոսության և բարեփոխումների հարցում՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն։ Կարևոր է նաև տնտեսական համագործակցությունը։ Ճիշտ է՝ Հայաստանն այսօր մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը, բայց նաև առաջին անգամն է, որ մի երկիր երկու դաշինքներին է մաս կազմելու, նաև տնտեսական գործակցություն է ունենում Եվրամիության հետ։ Եվրամիությունն ուզում է մեծ դեր խաղալ Հայաստանում մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Նաև կարող ենք ասել, որ մեծ չափով ֆինանսական ռեսուրսներ են տրամադրվելու բարեփոխումների համար։ Բնականաբար, համաձայնագրի ստորագրումից հետո այն բոլոր ոլորտները, որոնք կառնչվեն Հայաստանի քաղաքացիների առօրյային, մենք սպասում ենք, որ հաջորդ տարիների ընթացքում այդ ոլորտներում բարեփոխումներ կլինեն։ Ճիշտ է, համաձայնագիրը հիմա է ստորագրվում, բայց արդյունքներին շատ շուտ սպասել պետք չէ, երկարատև աշխատանք է պահանջում։

– Կան տեսակետներ, որ Հայաստանի իշխանությունները, միևնույն է, այդ համաձայնագիրը չեն կարող կյանքի կոչել, քանի որ մեզ մոտ կոռուպցիայի մակարդակը բարձր է նաև վերին օղակներում։ Կարծում եք՝ իմպլեմենտացիայի առումով դրական ակնկալիքներ պե՞տք է ունենալ։

– Երբ համաձայնագիրը ստորագրվի, պետք է նաև Հայաստանի, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարաններն այն վավերացնեն։ Հայաստանի խորհրդարանը վավերացնելու ժամանակ պատասխանատվություն է իր վրա ստանձնում, որ այդ համաձայնագրի նշված և ստորագրված բոլոր կետերը կյանքի կկոչվեն՝ Հայաստանի կառավարության և քաղաքական դասակարգի կողմից։ Մենք հույս ունենք և վստահում ենք Հայաստանի քաղաքական դասակարգին։

1in.am