Մենք ոչ մի թիզ հող չունենք հանձնելու. Էրդողան
14.02.2018թ. 11:31:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին:

Ըստ Haberler-ի՝ Էրդողանը նշել է, որ ներկայումս ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմը, որի նպատակը, նրա խոսքով, երկրները մասնատելն է:

«Մենք որևէ մեկին հանձնելու ոչ մի թիզ հող, ոչ էլ զոհելու զավակ ունենք: Մենք այս հողերից հայրենիք ենք կերտել՝ այն մեր արյամբ շաղելով: Մենք այլ հայրենիք չունենք: Մեր դրոշի տակ մահանալը մեզ համար ամենամեծ պատիվն է»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈւ գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու` Թուրքիայի նախագահի   հայտարարություններին: Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային: