Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
10.07.2017թ. 10:50:55

Երևանում  նախօրեին 14-րդ անգամ  մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ինչպես այս բոլոր տարիներին, այս անգամ ևս փառատոնի մեկնարկն ազդարարվեց ծիրանօրհնեքով:

Այնուհետև փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեցին հայտնի ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:

Արդեն երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, նաև պաշտոնյաներ,  կինոգործիչներ:

Բացման հանդիսավոր արարողությունից  հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը: Այս տարի լրանում է ֆիլմի 90-ամյակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Ֆիլմը ցուցադրվեց  Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

Նշենք, որ փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

Փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին: