Մեծ աշխարհին Շուշիի բարձունքից հղված մեսիջը էլի խաղաղությունն էր
12.07.2017թ. 11:47:51

Շուշիում անցկացվող սիմպոզիումի տեղը, անունը, նախաձեռնության առիթը… ոչինչ պատահական չէ: Մեծանուն քադակագործը՝ Հակոբ Գյուրջյանը, շուշեցի էր և մինչև կյանքի վերջն էլ իր ամենամեծ ուսուցիչը հենց Շուշին էր համարում՝ իր անկեղծությամբ: Գյուրջյանի հետքերով Շուշի եկած տասնյակ քանդակագործներ ևս արդեն հասցրել են զգալ Շուշիի անբացատրելի ուժը: Անգամ ավերակների մեջ՝ Շուշին պահպանում է իր մշակութային էությունը: Քանդակագործության սիմպոզիումն էլ դարձավ վերածնվող Շուշիի մշակութային դիմագծի ինքնատիպ դրվագը:

Հիշեցնենք, որ Շուշիում hուլիսի 1-ից մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը՝ Արցախի Հանրապետութունում հյուրընկալելով  11 քանդակագործի՝ Իտալիայից, Հնդկաստանից, Սերբիայից,  Եգիպտոսից, Լեհաստանից և Հայաստանից:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման յուրօրինակ հարթակ է աշխարհի  տարբեր երկրների արվեստագետների համար։

Նախարարությունից մանրամասնում են, որ ամեն ինչ սկսվեց 6 տարի առաջ՝ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, քանդակագործ Վիգեն Ավետիսի ոգեշնչմամբ: 2011 թվականի ամռանը կայացավ Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի 1-ին միջազգային սիմպոզիումը: Նախաձեռնությունը ոչ միայն շարունակվեց, այլև տարիների հետ ամրացավ, ընդլայնվեց՝ ընդգրկելով նոր երկրներ, նոր անուններ: Շուշին անփոխարինելի հանդիպման վայր  դարձավ տարբեր ազգություններ, արվեստի տարբեր դպրոցներ ու տարբեր սերունդներ ներկայացնող տասնյակ քանդակագործների համար:

Քանդակագործերի միջազգային սիմպոզիումը նաև սերունդների երկխոսության յուրօրինակ հարթակ է: Երիտասարդ քանդակագործներից շատերի համար արցախյան սիմպոզիումն արդեն ճանաչում ձեռք բերած քանդակագործների հետ շփվելու անփոխարինելի հնարավորություն է: Սակայն երկխոսությունը միայն սիմպոզիումի մասնակիցներով չի սահմանափակվում: Կավի հետ նոր-նոր աշխատել սկսող պատանիներն անգամ ճանաչված մասնագետների հետ շփվելու հնարավորություն են ունենում՝ դասախոսությունների, վարպետության դասերի ընթացքում:
Սիմպոզիումը նաև Արցախը աշխարհին ներկայացնելու հնարավորություն է:  Արցախի համն ու հոտը, Արցախի մշակույթը, մարդիկ… Սիմպոզիումի օրերը Շուշիում ակամա տոնի են վերածվում՝ հագեցած ամենատարբեր մշակութային միջոցառումներով, հանդիպումներով, այցելություններով:

Ապրիլյան պատերազմից ընդամենը երկու ամիս անց՝ Շուշիում քանդակագործների հերթական Սիմպոզիումը կայացավ: Մեծ աշխարհին Շուշիի բարձունքից հղված մեսիջը էլի խաղաղությունն էր՝ քարեղեն արտահայտության ամենատարբեր կերպարներով:

Իսկ համագործակցության արդյունքը Շուշիի Քանդակի պուրակն է՝ իր բազմազգ բնակիչներով: Այն Արցախը մեծ աշխարհին կապելու մի յուրօրինակ կամուրջ է՝ ամրացած համամարդկային արժեքներով, խաղաղությունը, գեղեցիկն ու բարին գնահատող մարդկանց անկեղծ բարեկամությամբ:

panorama.am