Մարտունի և Հադրութ քաղաքներում խորհրդանշական երթեր և հանրահավաքներ են կազմակերպվել
12.02.2018թ. 17:25:47

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարտունիում երթին հաջորդել է հանրահավաք, որի ընթացքում շարժման ակտիվիստները հանդես են եկել ելույթներով: Միջոցառմանը ներկա ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում կարևորել է Արցախյան շարժման դերակատարությունը հայ ժողովրդի հերոսական պատմության համատեքստում: 

Շարժման ակտիվիստ Սլավիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ 30 տարի առաջ փետրվարի 12-ը հանրահավաքի առաջին օրը չէր, սակայն իր մասշտաբայնությամբ առաջինն էր, որին մասնակցում էին շրջանի գրեթե բոլոր բնակիչները:

«Այսօր էլ ոգին և պահանջները նույնն են մնացել: Ցույցը մեկնարկեցինք քաղաքի հրապարակից, ինչպես 30 տարի առաջ: 1988-ին, երբ նայում էինք բռունցք դարձած ժողովրդին, համոզված էինք, որ մեր իղձերն իրականանալու են, քանի որ շարժումը մասսայական բնույթ էր կրում, և հազարավոր մարդիկ, դուրս գալով հրապարակ, ունեին նույն պահանջը: Ես հավատում էի, որ մենք կհասնենք մեր նպատակին, որն այսօր իրականություն է դարձել»,- նշել է Ս. Հայրապետյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:Օրվա առթիվ տեղի ունեցել նաև տոնական համերգ:

Նույն ժամին՝ 11:00-ին, երթ է տեղի ունեցել նաև Հադրութ քաղաքում, որը մեկնարկել է նախկին շրջկոմի շենքի բակից, որից հետո մասնակիցները զոհված ազատամարտիկների հուշարձանին դրել են ծաղիկներ, այնուհետև քայլերթով մեկնել մշակույթի տուն՝ մասնակցելու ցուցահանդեսի, որին ներկայացվել են լուսանկարներ և տարբեր տարիների հրատարակված Արցախյան շարժմանը նվիրված գրքեր:

Ելույթներով հանդես են եկել 1988-ի հանրահավաքի կազմակերպիչներ Մաքսիմ Միրզոյանը, Գոհար Մկրտչյանը, Վաչագան Զաքարյանը և Գագիկ Ավանեսյանը: Վերջինս էլ իր խոսքում նշել է, որ այսօր էլ երթը մեկնարկել և տեղի է ունեցել այն նույն ժամանակագրությամբ, ինչ 1988-ին:

«1985 թվականին Մ.Գորբաչյովի կողմից «Պերեստրոյկա և գլասնոստ» հռչակելուց հետո, հույս ունեինք, որ մեր հիմնահարցը կլուծվի: Նոյեմբերին, Հադրութ քաղաքի բնակիչ Էմիլ Աբրահամյանի նախաձեռնությամբ, կազմակերպեցինք ստորագրահավաք՝ հայկական հեռուստատեսության հեռարձակման վերաբերյալ: Այդ ժամանակ Հադրութում գործում էր 2 հեռուստաալիք, կենտրոնական (ռուսական) և ադրբեջանական: Դրա համար շատ ֆինանսական միջոցներ պետք չէին, ընդամենը «Խուռհատ» տեղամասում, որտեղ տեղադրված էր հեռարձակման կայան՝ իր աշտարակով, անհրաժեշտ էր տեղադրել ևս մեկ հեռարձակման սարք:

Ստորագրությունները հավաքում էինք ես և Բելլա ու Էռնա Հարությունյանները: Մեզ հաջողվեց հավաքել այդ ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի՝ 270–ից ավելի ստորագրություններ: Ստորագրություններով նամակը Մոսկվա՝ Գորբաչովին ուղարկելուց և նույն նամակը պարզելու համար հետ ստանալուց հետո, մեր շրջկոմի կողմից սկսվեցին ճնշումներ՝ ինչպես ստորագրողների հանդեպ, այնպես և մեր՝ ստորագրահավաք կազմակերպողներիս: Այդ մթնոլորտում, չնայած ճնշումներին, շարունակեցինք նամակներ ուղղել միութենական տարբեր ատյաններ»,- ասել է Գ. Ավանեսյանը և ավելացրել, որ դրանք հետագայում վերածվեցին իրենց մեջ ագային ուժ պարունակող հանրահավաքների:

Օրվա առթիվ երթին մասնակից շարժման մի շարք ակտիվիստներ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի որոշմամբ պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն:

Օրվա առթիվ երթին մասնակից շարժման մի շարք ակտիվիստներ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի որոշմամբ պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն: