Մարտի 8-ը Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի հիշատակի օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարտի 8-ը Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի հիշատակի օրն է

Մարտի 8-ը Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի հիշատակի օրն է

Շոշի Ագոն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից է: Նա մասնակցել է գրեթե բոլոր թեժ մարտերին: Եղել է Շուշիի ազատագրման չորս ուղղություններից՝ Շոշի ուղղության հրամանատարը: 

 

Արգամ Հարությունյանին շատ հաճախ ընկերները կոչում են Շոշի Ագո՝ հայրենի գյուղի անունով: Այս անվան տակ ամփոփված է մի ամբողջ մարտական կենսագրություն: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով Արցախյան շարժման նախօրեին գիտակցում էր, որ զենքի անհրաժեշտություն է լինելու,միայն զենքով ու միասնականությամբ կարող են հասնել բաղձալի ազատությանը: Ագոն առաջիններից էր, ով զինվորագրվեց Արցախի պաշտպանությանը:

 

 

Նա հասկանում էր, որ զենքի խնդիր կա , ուստի լծվում է զենք հայթայթելու վտանգավոր գործին: Ագոն կազմակերպում, հիմնադրում է ենթաշրջանի  մի քանի գյուղերի միացյալ ջոկատը՝ Շոշի ջոկատ անվամբ: Շոշի ջոկատը մասնակցում է Տողի, Սարիշենի, Քարին տակի, Մալիբեյլուի, Խոջալուի, Հորադիզի, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Աղդամի,Մարտակերտի շրջանի, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Շուշիի, Ջանհասանի, Կրկժանի, Ասկերանի  եւ շատ այլ մարտերի:

 

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը փայլուն մասնակցություն է ցուցաբերում, աչքի ընկնում իր կազմակերպվածությամբ, հմտությամբ ու մարտունակությամբ:

 

Ագոյի ջոկատն աչքի է ընկնում նաեւ Բերդաձորի եւ Քաշաթաղի ազատագրման ժամանակ:

 

 1992-ին Արգամ Հարությունյանը Բեկոր-Աշոտի գումարտակի շտաբի պետն էր: Բեկորն ու Ագոն լրացնում էին մեկը մյուսին: Նրանց միասնությունն արդեն հաղթանակ էր ինքնին…

 

Մարտական ընկերները պատմում են, որ Ագոն մի առիթով ասել է.‹‹Ես չեմ վախենում թուրքի գնդակից, ինձ կամ թիկունքից կարող են կրակել կամ էլ՝ ականի պայթունից կարող եմ զոհվել››: Այդպես էլ եղավ…

 

1994-ի մարտի 8-ը ողջ Արցախ աշխարհի համար մահաբեր բոթ բերեց: Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից. ավելի ճիշտ՝ անմահացավ, քանզի հերոսները չեն ընկնում, նրանք լոկ անմահանում են: Ագոյի 26 գարունները երբեք-երբեք չեն թառամի…

 

Ագոն ՀՅԴ անդամ էր: Նրա յուրաքանչյուր քայլը հավատարիմ էր իր որդեգրած գաղափարին, իսկ գաղափարն այդ ոչ այլ ինչ է, քան նվիրում առ հայրենիք:

 

Հետմահու, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Արգամ Հարությունյանն արժանացել է ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի եւ ‹‹Շուշիի ազատագրման համար››  շքանշանների: Նրա անունը հավերժացնող հուշակոթող է կանգնեցվել հայրենի Շոշի գյուղամիջում, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը:

 

 

 

 

1