Մարմնի տկարությունը ոչինչ է հոգու ուժի դեմ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարմնի տկարությունը ոչինչ է հոգու ուժի դեմ

Մարմնի տկարությունը ոչինչ է հոգու ուժի դեմ

Ստեփանյանների ընտանիքում հայրենասիրությունը ժառանգաբար փոխանցվող գիծ է: Ընտանիքի հայրը` Վանիկը, Արցախյան գոյապայքարի մասնակիցն է: Ծառայել է «Սասունցի Դավիթ»  ջոկատում և իր մարտական ընկերոջ` Արկադի Տեր-Թադևոսյանի հետ երկար մարտական ուղի է անցել: Որդին` Սարգիսը, անհանգիստ ու պրպտող բնավորությամբ չէր կարող կյանքի հանգիստ ճանապարհ ընտրել: Նրան ճանաչողները բնական են համարում, որ ժամկետային զինվորական ծառայությունից հետո մնաց ԶՈՒ շարքերում: Պայքարելու ու հաղթելու կամքը նրա մոտ դաստիարակել է սպորտը: Ծանր ատլետիկայի սպորտի վարպետ է, ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն ու համաբանակային խաղերի ռեկորդակիր: «Սպորտը ինձ տվել է ուժ, եռանդ, ամենակարևորը՝ ոգու ուժ է տվել, պայքարելու և հաղթելու, միշտ առաջինը լինելու ունակություն»,-ասում է Սարգիսը:

 

 

 

Բնավորության հենց այս գծերի շնորհիվ էլ նա կարողացավ դիմակայել ու հաղթահարել կյանքի այն փորձություններին, որոնք շատ-շատերին կարող էին ընկճել ու թևաթափ անել: Անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներն էին՝ թշնամու աննախադեպ ակտիվության շրջանը: Ադրբեջանական հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս մեր տղաներից մեկը չեզոք գոտում թշնամուն հետապնդելիս վիրավորվեց: ՊԲ հատուկ նշանակության ջոկատի հրահանգիչ, կապիտան Սարգիս Ստեփանյանը հրաման ստացավ` իր ջոկատի հետ դուրս բերել վիրավորին չեզոք գոտուց: «Հասկանալով, որ տարածքն ականապատված է, և գիտակցելով, որ պետք է հնարավորինս շուտ հասնել  վիրավորին՝ փորձեցի ավելի արագ գործել: Տարածքը ականազերծելով` մոտեցա նրան»,- հիշում է ԶՈՒ  սպան:

 

Վիրավոր ընկերոջից նրան բաժանում էր ընդամենը երկու մետր, երբ պայթում է ականը:
«Պայթյունի ալիքը օդ բարձացրեց ինձ, և  կանգնելու կամ առաջ շարժվելու փորձերս չհաջողվեցին»,- պատմում է Սարգիսը:
«Երկու մետրի վրա պայթեց Սարգիսը: Հասկացանք, որ մեր խնդիրն ավելի բարդացավ: Հիմա պիտի օգնեինք երկուսին ու դուրս բերեինք նրանց անվտանգ տարածք»,-պատմում է Սարգսի ընկերը:

Ջոկատը կատարում է առաջադրանքը: Երկու վիրավոր ընկերներին դուրս են բերում թշնամու երախից ու հասցնում զինվորական հոսպիտալ:
«Երբ վիրահատությունից հետո ուշքի եկա, առաջինը ստուգեցի՝ ոտքերս տե՞ղն են արդյոք»:
Իսկ ոտքերը չկային…  Չկար նաև աջ ձեռքը: 

 

«Երբեք չեմ զղջացել կատարածիս համար: Ճիշտ է՝ հիմա կորցրել եմ ոտքերս ու աջ ձեռքս, բայց եթե Աստծո հրաշքով վերականգնվեր առողջությունս, և առավոտյան հրամանատարս հրաման տար նման խնդիր կատարելու՝ ես դարձյալ կգնայի այդ քայլին»,- վճռականությամբ ասում է  նա: 
Նրա ակտիվ կյանքն անցյալում չի մնա: Նա ունի կամքի ուժ ու վճռականություն` կյանքը լիարժեք շարունակելու համար: Նա շարունակում է իր ծառայությունը ԶՈՒ շարքերում` իր փորձն ու գիտելիքները  փոխանցելով եկող սերնդին: Նաև մարզադահլիճ է հաճախում, բազկամարտով է զբաղվում, ընդ որում` ոչ սիրողական: Նպատակ ունի այդ բնագավառում էլ լուրջ արդյունքների հասնել: Մտադիր է նաև օդապարիկային թռիչք կատարել Սևանի վրա: 
Կատարել է օդապարիկային 113 թռիչք, որոնց մեծ մասը՝ ազատ անկումով: Առհասարակ, ցանկացած խնդիր, ցանկացած առաջադրանք կատարելիս միշտ ձգտում է կատարել հնարավորինս անթերի:

 

Այսպիսինն է Սարգիսը՝ համեստ ու հպարտ: Նա կենդանի ապացույցն է հայի անկոտրուն կամքի: Մարմնի տկարությունը ոչինչ է ոգու ուժի դեմ: Ի վերջո, մարդուն ապրեցնողը ոտքերն ու ձեռքերը չեն, այլ նպատակներն ու արժեքները, որոնց համար պատրաստ է պայքարել` չխնայելով   կյանքը:

                                                                                                                      Յուլյա Վանյան

1