Մարմնի տկարությունը ոչինչ է հոգու ուժի դեմ
Ստեփանյանների ընտանիքում հայրենասիրությունը ժառանգաբար փոխանցվող գիծ է: Ընտանիքի հայրը` Վանիկը, Արցախյան գոյապայքարի մասնակիցն է: Ծառայել է «Սասունցի Դավիթ» ջոկատում և իր մարտական ընկերոջ` Արկադի Տեր-Թադևոսյանի հետ երկար մարտական ուղի է անցել: Որդին` Սարգիսը, անհանգիստ ու պրպտող բնավորությամբ չէր կարող կյանքի հանգիստ ճանապարհ ընտրել: Նրան ճանաչողները բնական են համարում, որ ժամկետային զինվորական ծառայությունից հետո մնաց ԶՈՒ շարքերում: Պայքարելու ու հաղթելու կամքը նրա մոտ դաստիարակել է սպորտը: Ծանր ատլետիկայի սպորտի վարպետ է, ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն ու համաբանակային խաղերի ռեկորդակիր: «Սպորտը ինձ տվել է ուժ, եռանդ, ամենակարևորը՝ ոգու ուժ է տվել, պայքարելու և հաղթելու, միշտ առաջինը լինելու ունակություն»,-ասում է Սարգիսը:
Բնավորության հենց այս գծերի շնորհիվ էլ նա կարողացավ դիմակայել ու հաղթահարել կյանքի այն փորձություններին, որոնք շատ-շատերին կարող էին ընկճել ու թևաթափ անել: Անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներն էին՝ թշնամու աննախադեպ ակտիվության շրջանը: Ադրբեջանական հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս մեր տղաներից մեկը չեզոք գոտում թշնամուն հետապնդելիս վիրավորվեց: ՊԲ հատուկ նշանակության ջոկատի հրահանգիչ, կապիտան Սարգիս Ստեփանյանը հրաման ստացավ` իր ջոկատի հետ դուրս բերել վիրավորին չեզոք գոտուց: «Հասկանալով, որ տարածքն ականապատված է, և գիտակցելով, որ պետք է հնարավորինս շուտ հասնել վիրավորին՝ փորձեցի ավելի արագ գործել: Տարածքը ականազերծելով` մոտեցա նրան»,- հիշում է ԶՈՒ սպան:
Վիրավոր ընկերոջից նրան բաժանում էր ընդամենը երկու մետր, երբ պայթում է ականը:
«Պայթյունի ալիքը օդ բարձացրեց ինձ, և կանգնելու կամ առաջ շարժվելու փորձերս չհաջողվեցին»,- պատմում է Սարգիսը:
«Երկու մետրի վրա պայթեց Սարգիսը: Հասկացանք, որ մեր խնդիրն ավելի բարդացավ: Հիմա պիտի օգնեինք երկուսին ու դուրս բերեինք նրանց անվտանգ տարածք»,-պատմում է Սարգսի ընկերը:
Ջոկատը կատարում է առաջադրանքը: Երկու վիրավոր ընկերներին դուրս են բերում թշնամու երախից ու հասցնում զինվորական հոսպիտալ:
«Երբ վիրահատությունից հետո ուշքի եկա, առաջինը ստուգեցի՝ ոտքերս տե՞ղն են արդյոք»:
Իսկ ոտքերը չկային… Չկար նաև աջ ձեռքը:
«Երբեք չեմ զղջացել կատարածիս համար: Ճիշտ է՝ հիմա կորցրել եմ ոտքերս ու աջ ձեռքս, բայց եթե Աստծո հրաշքով վերականգնվեր առողջությունս, և առավոտյան հրամանատարս հրաման տար նման խնդիր կատարելու՝ ես դարձյալ կգնայի այդ քայլին»,- վճռականությամբ ասում է նա:
Նրա ակտիվ կյանքն անցյալում չի մնա: Նա ունի կամքի ուժ ու վճռականություն` կյանքը լիարժեք շարունակելու համար: Նա շարունակում է իր ծառայությունը ԶՈՒ շարքերում` իր փորձն ու գիտելիքները փոխանցելով եկող սերնդին: Նաև մարզադահլիճ է հաճախում, բազկամարտով է զբաղվում, ընդ որում` ոչ սիրողական: Նպատակ ունի այդ բնագավառում էլ լուրջ արդյունքների հասնել: Մտադիր է նաև օդապարիկային թռիչք կատարել Սևանի վրա:
Կատարել է օդապարիկային 113 թռիչք, որոնց մեծ մասը՝ ազատ անկումով: Առհասարակ, ցանկացած խնդիր, ցանկացած առաջադրանք կատարելիս միշտ ձգտում է կատարել հնարավորինս անթերի:
Այսպիսինն է Սարգիսը՝ համեստ ու հպարտ: Նա կենդանի ապացույցն է հայի անկոտրուն կամքի: Մարմնի տկարությունը ոչինչ է ոգու ուժի դեմ: Ի վերջո, մարդուն ապրեցնողը ոտքերն ու ձեռքերը չեն, այլ նպատակներն ու արժեքները, որոնց համար պատրաստ է պայքարել` չխնայելով կյանքը:
Յուլյա Վանյան