Մադրիդյան սկզբունքները արդար գործարք չեն առաջարկում. բոլոր պահանջներն ուղղված են Հայաստանին
06.09.2017թ. 11:41:15

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

– Պարոն Համբարյան, իմ առաջին հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության մասին է: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ իր պաշտոնը լքելուց առաջ: Հակամարտության կարգավորման 6 կետերը վերաշարադրելով՝ նա ուզում էր ճնշո՞ւմ գործադրել հակամարտող կողմերի վրա, ուղե՞րձ հղել Մոսկվային, թե՞ հրահրել ինչ-որ բանավեճ կամ քննարկում հիմնախնդրի լուծման հարցի շուրջ:

– Մինչ օրս պարզ չէ, թե ինչու այդ հայտարարությունն արվեց միայն ամերիկացիների և ոչ ռուսների, ֆրանսիացիների կողմից կամ չարվեց համատեղ հայտարարություն Մինսկի խմբի կողմից: Սա կարող է լինել Թրամփի վարչակազմի առաջին փորձը՝ հստակեցնելու իր քաղաքականությունը Ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Մենք տեսել ենք, որ Թրամփի վարչակազմը փորձում է համագործակցության ոլորտներ փնտրել Ռուսաստանի հետ, և եկեք խոստովանենք, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը շատ քիչ ոլորտներից է, որտեղ երկար տարիներ շարունակվում է ակտիվ համագործակցությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև: Այնուամենայնիվ, Հոգլանդի հայտարարության պատճառներն ամբողջությամբ պարզ չեն: Կարդալով ներկայացված կետերը՝ տեսնում ենք, որ նոր բան այնտեղ գրեթե չկա, փոքր-ինչ փոփոխված են Մադրիդյան սկզբունքները, բայց հիմնական գաղափարները նույնն են, և դա լավ չէ, որովհետև մենք կարծում էինք, որ Թրամփի վարչակազմը նոր մոտեցում կցուցաբերի Արցախի հարցին, նրանք կուսումնասիրեն անցյալը և կտեսնեն, որ Մադրիդյան սկզբունքները որևէ արդյունք չեն կարող տալ: Մադրիդը չի ապացուցել, որ կարող է դառնալ պլատֆորմ խաղաղության հաստատման համար: Սա ձախողված փորձ է, և, ցավոք սրտի, Թրամփը փորձում է հետևել հնացած և ձախողված գաղափարներին՝ նոր գաղափարներ առաջարկելու փոխարեն: Սա շատ ցավալի է, որովհետև ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգները լրջորեն շահագրգռված է, որպեսզի այս հիմնախնդիրը հանգուցալուծվի, և տարածաշրջանում կայունություն լինի:

– Նկատի ունեք Միացյալ Նահանգներն ընդհանրապե՞ս, թե՞ Թրամփի վարչակազմը մասնավորապես:

– Ոչ, ոչ, խոսքը ոչ թե Թրամփի, այլ ընդհանրապես ամերիկյան կառավարության և ամերիկյան ազգային շահի մասին է: Եվրասիայի տարածաշրջանում կոնֆլիկտների լուծումը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նրանք կուզենան, որ այս խնդիրը լուծվի: Թե ինչպես կլուծվի՝ արդեն երկրորդական հարց է: Ուստի դժբախտություն է, որ ամերիկյան կողմը ներկայացնում է մի ծրագիր, որը չի կարող լուծում ապահովել: Մյուս անհաջողությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահը՝ դեսպան Շոֆերը, իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ծանրաբեռնված, կաշկանդված է լինելու Հոգլանդի ներկայացրած փաստաթղթի պատճառով: Նրանք պետք է հնարավորություն տային նոր համանախագահին ազատորեն գործելու, հանդիպելու կողմերի հետ և քննարկելու, թե ինչն է ձախողվել, ինչն է աշխատում: Ես չգիտեմ, թե ինչու Հոգլանդը դա արեց, բայց կարող եմ ասել, որ դա անարդար քայլ էր նոր համանախագահի հանդեպ, որովհետև նոր համանախագահը ստիպված է հենց այս հանգրվանից սկսել իր աշխատանքը:

– Երբ ամերիկացի դիվանագետը նման քայլ է անում՝ հրապարակելով, վերաշարադրելով կարգավորման նույն ծրագիրը, որը զգալիորեն կորցրել է իր արդիականությունը և շատ առումներով անընդունելի է կողմերի և մասնավորապես Հայաստանի հանրության համար, կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա ցույց է տալիս ամերիկյան դիվանագիտության սահմանափակ հնարավորությունները տվյալ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

– Սա ոչ թե սահմանափակումն է ցույց տալիս, այլ ամերիկյան դիվանագիտության ձախողումը: Սա ցույց է տալիս ստեղծագործականության և նոր հնարավորություններ փնտրելու ձգտման բացակայությունը, իսկ խաղաղության հասնելու հնարավորություններ կան այս տարածաշրջանում: Ամերիկացիները չեն փնտրում այդ հնարավորությունները, այլ կրկին շրջանառության մեջ են դնում վատ գաղափարները: Մենք կարող ենք գտնել այն ճանապարհը, որը տանում է խաղաղության, պարզապես ներկայացված ծրագիրն այդ ճանապարհը չէ: Եթե նայեք պետքարտուղարության ներկայացրած 6 կետերին, կտեսնեք, որ դրանք հիմնականում վերաբերում են հայկական կողմի պարտավորություններին, որ հայկական կողմը պետք է սա անի, սա անի, սա անի: Որտե՞ղ են պահանջները Ադրբեջանի նկատմամբ: Պահանջներն ու պարտավորությունները խիստ անհավասար և անհամարժեք են այս փաստաթղթում այն իմաստով, թե կոնկրետ ի՞նչ քայլեր պիտի կատարվեն հակամարտության կարգավորման համար և ավելի կարևոր հարց՝ ե՞րբ պիտի կատարվեն: Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մասին է, որի ժամկետն անորոշ է: Մադրիդյան սկզբունքների ամենաթույլ կողմը ժամկետների բացակայությունն է: Երբ ես թխվածքաբլիթ եմ տալիս իմ երեխաներին և ուզում եմ, որ նրանք արդար կերպով բաժանեն այդ թխվածքաբլիթը, նրանցից մեկին ասում եմ՝ դու կիսիր, իսկ մյուսին ասում եմ՝ դու որոշիր, թե որ կտորն ես ուզում վերցնել: Այս մեթոդով ես ստիպում եմ նրանց արդար գործարք կնքել: Այն երեխան, որը պետք է կիսի թխվածքաբլիթը, կկիսի այն հավասարապես, որովհետև գիտի՝ եթե հավասար չկիսի, մյուս երեխան կարող է վերցնել ավելի մեծ բաժինը: Բայց Մադրիդյան սկզբունքները նման արդար գործարք չեն առաջարկում, բոլոր հարցումներն ու պահանջները ուղղված են Հայաստանին՝ հանձնեք հողերը, հանձնեք անվտանգությունը, հրաժարվեք անկախությունից և ընդունեք միջանկյալ կարգավիճակ, իսկ Ադրբեջանից պահանջում են այն, ինչ նա պետք է անի ոչ թե այսօր, այլ վաղը. կարգավիճակը՝ վաղը, անվտանգության հարցերը՝ վաղը, և այսպես շարունակ: Սա շատ անարդար ծրագիր է:

– Մադրիդյան սկզբունքները, կարելի է ասել, ընդունվել են այն աշխարհակարգի, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների այն համակարգի պայմաններում, որն այսօր զգալիորեն խարխլված է: Դրանից հետո միջազգային իրադրությունը էապես փոխվել է, սրվել է իրավիճակը հակամարտության գոտում, տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որը լուրջ հետևությունների տեղիք է տալիս: Չե՞ք կարծում, որ այսօր անհրաժեշտ են հակամարտության կարգավորման այլ բանաձևեր և սկզբունքներ:

– Այո, ես համաձայն եմ: Կրկին Մադրիդյան սկզբունքների գլխավոր խնդիրը ժամկետների հարցն է: Հայերից պահանջում են տարածքային զիջումներ անել այսօր, որպեսզի Ադրբեջանը հետագայում ճանաչի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց թե երբ կսահմանվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ հայտնի չէ: Մի անգամ Ալիևը հայտարարել է, որ դա կլինի միգուցե 100 տարի անց: Հետևաբար երբ առաջարկվում է գործարք, ըստ որի՝ կողմերից մեկը զիջումներ պիտի անի այսօր՝ վաղը կատարվելիք խոստումների դիմաց, ապա դրա համար անհրաժեշտ է վստահություն: Այդ վստահությունը կողմերի միջև չկա, իսկ ապրիլից հետո անվստահության անդունդն ավելի խորացավ, և Մադրիդյան սկզբունքները գնալով կորցնում են իրենց կենսունակությունը, դառնում են ավելի ոչ իրատեսական և անարդյունավետ, ուստի կարծում եմ, որ հարկավոր է վերանայում, հարկավոր են նոր մոտեցումներ:

– Հնարավո՞ր է արդյոք կանխել ռազմական բախումները, եթե կարգավորման ավելի լավ ծրագիր առաջարկվի, թե՞ նախ անհրաժեշտ է կայունացնել վիճակը շփման գծում, ամրապնդել հրադադարի ռեժիմը:

– Ես միանշանակ կարծում եմ, որ ավելի ճիշտ է երկրորդ տարբերակը: Ապրիլից հետո կողմերը ավելի են կոշտացրել իրենց դիրքորոշումները: Ադրբեջանն ասում է՝ «չկան բանակցություններ՝ չկա խաղաղություն», այսինքն՝ քանի դեռ հայերը զիջումներ չեն արել, կլինեն հարձակումներ, բռնություն և նոր զոհեր: Հայկական կողմն ասում է՝ «չկա խաղաղություն՝ չկան բանակցություններ», այսինքն՝ ինչպե՞ս կարող ենք երկխոսել, երբ ամեն օր ձեր զինվորները սպանում են մեր զինվորներին, խաղաղ բնակիչներին, խոշտանգում, գլխատում են հայերին: Սա արտացոլում է այն անվստահությունը, որը կա կողմերի միջև, և Մադրիդն ամենևին չի լուծում այս խնդիրը: Հետևաբար կարծում եմ, որ այսօր բանակցային կողմերն ավելի շատ պետք է կենտրոնանան ոչ թե երկարաժամկետ կարգավորման, այլ հրադադարի ամրապնդման հարցերի վրա: Տեղի ունեցող ցանկացած հարձակում կարող է վերածվել պատերազմի: Նախորդ տարվա ապրիլի իրադարձությունները կարող էին վերաճել ավելի լայնածավալ պատերազմի: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ, բայց վաղը կամ հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս կարող է նոր հարձակում լինել, և մենք չգիտենք, թե դա ինչ հետևանքներ կունենա: Իմ կարծիքով՝ Մինսկի խմբի գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի հրադադարի ամրապնդումը:

Միացյալ Նահանգների կառավարությունը աջակցում է «Ռոյս-Էնգել» ծրագրի կենսագործմանը, որն ասում է՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ շփման գծում, ավելի շատ դիտորդներ և դիպուկահարների հեռացում առաջին գծից: Սա շատ լավ ծրագիր է: Երբ Ռոյսը և Էնգելը առաջարկեցին այս ծրագիրը, Կոնգրեսի շուրջ 100 անդամներ իրենց ստորագրությունը դրեցին այս առաջարկությունների տակ, այնուհետև Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարեց, որ աջակցում է այս ծրագրի իրագործմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ կողմ է այս գաղափարին: Հայաստանը և Արցախը հայտարարեցին, որ, իհարկե, մենք կողմ ենք այդ ծրագրին, և միայն Ադրբեջանն է մերժում այն: Որպես Ադրբեջանի մերժման հետևանք՝ տեսնում ենք երկու հանգամանք: Առաջինն այն է, որ այս ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց: Երկրորդը՝ աշխարհը տեսավ, որ միայն Ադրբեջանն է, որը չի ուզում, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, թե ով է սկսում հարձակումները շփման գծում: Միակ դրական կողմն այն է, որ մենք տեսնում ենք, թե ով է արգելափակում հաշվետվողականության, պատասխանատվության այս ծրագրի իրագործումը: Այսպիսին է իրավիճակը: Մինսկի խմբի, Ուորլիքի, Հոգլանդի, Շոֆերի և մյուսների գլխավոր խնդիրը խաղաղությունը պահպանելն է, որովհետև եթե չկա խաղաղություն շփման գծում, չի լինի խաղաղություն նաև բանակցությունների սեղանին:

– Համաձա՞յն եք, որ բավարար միջազգային ճնշում չի գործադրվում կողմերի և հատկապես Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի չլինեն նոր միջադեպեր:

– Այո, այո: Մադրիդյան սկզբունքներն ինչ-որ առումով նույնիսկ շեղում են ուշադրությունը խաղաղությունը պահպանելու անհետաձգելի խնդրից, և միջազգային հանրությունը թույլ է տվել Ադրբեջանին չափից ավելին:

Շարունակելի

1in.am