ՀՕՄ-ուհիներն Արցախից հեռանում են նոր ծրագրերի մտահղացումներով
09.09.2017թ. 14:01:29

Աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի սկզբներին Արցախ ժամանած ավելի քան 450 ՀՕՄ-ուհիները մի քանի օրվա ընթացքում հասցրել են ավելի կապվել մայր հայրենիքին:

«Բոլորը միշտ էլ սիրով են գալիս Արցախ և յուրահատուկ տպավորություններ  են ստանում»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Կապույտ խաչի ատենապետուհի Սևան Մարտիրոսյանը:

Ֆրանսիայից ժամանած  40 հոգանոց խմբից միայն մի քանիսն են առաջին անգամ Արցախում, մեծամասնությունը 1-2 անգամ արդեն եղել է այստեղ:

ՀՕՄ-ի բազմամարդ պատվիրակությունը բացի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելուց ներկա է գտնվել նաև Շուշիում ՀՅԴ կենտրոնի բացմանը, այցելել է զորամաս, Արցախի տեսարժան վայրեր: «Նախագահ Բակո Սահակյանը ՀՕՄ-ուհիների պատվին ընթրիք կազմակերպեց, որը մեզ համար շատ հաճելի էր: Արցախի ժողովրդի ընդունելությունից նոր ուժ ստացանք, ավելի  ոգևորվեցինք»,- նշել է Սևան Մարտիրոսյանը և հավելել, որ գալիք տարի Ֆրանսիայի Կապույտ Խաչի 90-ամյակը պիտի տոնեն, որին  նվիրված ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություներ են նախատեսվում: Տոնակատարությունը կմեկնարկի 2018թ. մարտի 8-ին:

Իսկ Կիպրոսի ՀՕՄ-ի պատվիրակությունն այս անգամ Արցախ է այցելել 16 հոգանոց կազմով: 1998թ. Ստեփանակերտի առաջին մանկապարտեզի նորոգմանը ևս ՀՕՄ-ի Կիպրոսի մասնաճյուղը մեծ ներդրում ունեցավ: Այն ժամանակ էլ խմբով մասնակցել են բացման արարողությանը:: «Արցախում այս տարիներին շատ բան է փոխվել դեպի լավը՝ նոր շինություններ, բարեկարգված ճանապարհները, նոր հյուրանոցներ»,- ոգևորությամբ նշում է Կիպրոսի պատվիրակության պատասխանատու Վերա Դավիդյանը՝ շեշտելով, որ ՀՕՄ-ի ծրագրերի մեջ միշտ էլ Հայաստանն ու Արցախը առաջնահերթ տեղ ունեն: