ՀՕՄ-ը՝ Արցախի ու արցախցու կողքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՕՄ-ը՝ Արցախի ու արցախցու կողքին

ՀՕՄ-ը՝ Արցախի ու արցախցու կողքին

Հայ օգնության միության աշխարհասփյուռ կառույցն այս օրերին, ինչպես միշտ, արցախահայության կողքին է՝ իր օժանդակությունը բերելու հայոց բանակին ու պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերը լքած փախստական ընտանիքներին:

 

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունն առաջիններից էր, որ արձագանքեց Արցախին օգնելու համահայկական գործին՝ դրամական օժանդակություն ուղարկելով Արցախ: Միաժամանակ՝ Կենտրոնական վարչությունը 50.000 ԱՄՆ դոլար է փոխանցել ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին:

 

<<Ապառաժ>>-ի հետ  զրույցում ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակի պատասխանատու Սվետլանա Հարությունյանը նշեց, որ ապրիլյան պատերազմական գործողություններին հաջորդած օրերին ՀՕՄ-ը մի շարք ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում: Առաջին օրերին Արցախի ՀՕՄ-ուհիներն իրենց նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով սննդամթերք, հագուստ եւ այլ պարագաներ են հավաքել՝ Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտ քաղաքի  բնակիչներին տրամադրելու նպատակով, ովքեր ժամանակավոր ապաստան են գտել Ստեփանակերտում: Ծրագրին շտապ արձագանքել է ՀՀ ՀՕՄ-ի միավորը՝ ուղարկելով զինվորների համար ծածկոցներ, զուգագուլպաներ, հիգիենայի եւ այլ պարագաներ, իսկ փախստականների համար՝ սննդամթերք եւ հագուստ:

 

ՀՕՄ-ի Արցախի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ եւ հանրապետական հիվանդանոց:Մանկական հիվանդանոցում բուժում ստացող երկու վիրավոր երեխաներին ՀՕՄ-ն իր օժանդակությունն է ցուցաբերել:

 

ՀՕՄ-ի Ստեփանակերտի գրասենյակը մշտական կապ է պահում ԼՂՀ կառավարության կողմից կյանքի կոչված հատուկ հանձնաժողովի  եւ ԼՂՀ սոցապ նախարարության, կրթության, գիտության եւ սպորտի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունների հետ՝ տարհանված բնակիչներին ձեռք մեկնելու գործում համագործակցելու նպատակով:

 

Վարչությունը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերել ԼՂՀ կառավարության հետ եւ տրամադրել անհրաժեշտ փոխադրամիջոց, որպեսզի փախստականները կարողանան մի քանի ժամով մեկնել իրենց գյուղերը եւ տներից վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: ՀՕՄ-ուհիներն ուղեկցել են նրանց:

 

<< Ստեփանակերտի կրթության բաժնի վարիչի հետ պայմանավորվեցինք, որ տեղեկություններ տրամադրեն մեր վարչությանը՝ 2016թ. ապրիլին ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարհանված գյուղերից Ստեփանակերտում դպրոց հաճախող երեխաների մասին: Վարչությունն անմիջապես որոշում կայացրեց օգնելու ծնողներին՝ հագուստի եւ դպրոցական պիտույքների ձեռք բերման հարցով >>,- նշեց Սվետլանա Հարությունյանը եւ ավելացրեց, որ այդ նպատակով Կենտրոնական վարչության կողմից ուղարկված օժանդակությունից  միանվագ դրամական օգնություն են ցուցաբերում Մարտակերտի շրջանի տուժած բնակավայրերի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: Մայիսի 16-ի դրությամբ՝ 6.110.000 դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել մոտ 600 երեխաների:

 

ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության նախաձեռնությամբ համաձայնություն է ձեռք բերվել Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի հետ՝ Մարտակերտի շրջանի գյուղերից ժամանակավոր տարհանված  ընտանիքների նախադպրոցական երեխաներին անվճար ընդգրկել Ստեփանակերտի պետական եւ ոչ պետական մանկապարտեզներում:

 

ՀՕՄ-ի կողմից իրականացվող<<Զոհված ազատամարտիկների, զինծառայողների եւ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքների անչափահաս երեխաների խնամակալության>> ծրագրի շրջանակներում ընդգրկվել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքները:

 

ՀՕՄ-ուհիները, հավատարիմ մնալով կազմակերպության որդեգրած ուղեգծին, թե գործով, թե խոսքով շարունակում են քաջալերել,նեցուկ կանգնել հայ զինվորին, հայ կնոջն ու մանուկին: Հայաստանի եւ Սփյուռքի ՀՕՄ-ի կառույցները, մեկ բռունցք դարձած, արցախահայության կողքին են, Արցախի միավորի միջոցով շարունակում են  թե՛ դրամական, թե՛ պարենային, թե՛ տարբեր այլ օգնություններ ուղարկել՝ իրենց միասնությունն ու պատրաստակամությունը ցուցաբերելով համահայկական այս կարևոր, դժվար ու պատասխանատու գործին:

 

Հ.Ա.

1