ՀՕՄ-ը՝ Արցախի զինվորի կողքին
08.09.2017թ. 18:49:42

Այս օրերին Արցախում գտնվող Հայ Օգնության Միության աշխարհասփյուռ կառույցի հարյուրավոր անդամներ այցելել են Մարտակերտի N զորամաս:

Զորամասում ուրախ ու տոնական տրամադրություն էր, զինվորների համար համերգային ծրագրով հանդես է եկել  ՊԲ «Ասպետ» համույթը:

ՀՕՄ-ուհիները զինվորների համար նախատեսված հիգիենայի և առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրել, նաև՝ նոութբուքեր՝ սպայական անձնակազմի համար:

Մարտակերտ շրջկենտրոնում նրանք հանդես են եկել մեկ այլ ծրագրով. 2017 թվականի Մարտակերտի շրջանից զորակոչված յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի ընտանիքի տրամադրել են 300-ական ԱՄՆ դոլլար:

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանը նշել է, որ Հայ Օգնության Միությունը իր շարքերով միշտ զինվորի կողքին է: «Այսօր Հայ օգնության միության անդամները, բարեկամները եկել են իրենց հարգանքը և մայրական, քույրական սերն ու գուրգուրանքն անձնապես արտահայտելու: Մեր բոլորի սրտի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում քաջարի մարտիկները, անձնազոհ ասպետները, փառք ու պատիվ Ձեզ ծնունդ տված և ազգին նվիրած ծնողներին, ազատատենչ մելիքների սերունդներին, դարերով ազատության ջահը վառ պահած ժողովրդին՝ լուսավորելով այն ճանապարհը, որ մեր ժողովրդին հասցրեց անկախության»,- ավելացրել է Կարոլին Շմավոնյանը:

Զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը, ողջունելով ՀՕՄ-ի հերթական նախաձեռնությունը, նշել է. «ՀՕՄ-ը միշտ էլ ցանկալի հյուր է եղել և մենք ուրախ ենք ընդունել Ձեզ մեր հյուրընկալ ընտանիքում, որ կոչվում է բանակ: Այսօր մենք և դուք ծառայում ենք միևնույն նպատակին, մեր ողջ ներուժը նվիրաբերում ենք հայրենիքի բարօրությանն ու բարգավաճմանը: Սա է այն առաքելությունը, որի շուրջ համախմբվում է ազգ-բանակը, առաքելություն, որին նվիրված է եղել Հայ Օգնության Միության ողջ կենսագրությունը»:

«Ինչքան մեր դիմաց կանգնած Ադրբեջանի զինված ուժերը ուժեղանան, ինչքան ամպագոռգոռ և ապակողմնորոշող մտքեր արտահյատեն մեր դեմ, մենք, միևնույնն է, մեր գործից ետ կանգնողը չենք, մենք նպատակ ունենք ուժեղ, անկախ հայկական հանրապետություն ունենալ, կառուցել հզոր երկիր, որտեղ հայ մարդը պետք է ստանա հայեցի դաստիարակություն»,- ողջույնի խոսքում ասել է Արցախի Հանրապետության ՊԲ Անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի Մշակութալուսավորչական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գառնիկ Ավանեսյանը: