Հրաշափառ յարութիւն
05.02.2018թ. 14:09:09

Տօնում ենք վաթսունամեակը Հայաստանի Հրաշափառ Յարութեան: Տօնում ենք հայ ժողովրդի ազատութեան ու անկախութեան օրւայ տարեդարձը. Ազատութիւն և Անկախութիւն՝ որոնք դարբնւեցին Սարդարապատով, Բաշ Ապարանով ու Ղարաքիլիսէով, ծնունդ առան Հայոց Ազգային Խորհրդի յայտարարութեամբ և մարմին ստացան Հայաստանի Հանրապետութեամբ:

Եւ այս նւաճումները, որ իրաւունքն ու հիմնական պահանջն է իւրաքանչիւր ժողովրդի ու ազգութեան, Հայ ժողովուրդը ձեռք բերեց ի գին ամենից դաժան նահատակութեան:

1918-ի Մայիս 28-ի հրաշքը, ընդհանուր թշնամու դէմ հայ ժողովրդի բոլոր զանգւածների միասնական կամքի, ազգային գոյատևման հաւաքական ու միահամուռ արտայայտութեան մէջ է կայանում, որ այդ ընբռնումով օրհասական գուպարի ու գոյամարտի մէջ նետեց բոլորին անխտիր՝ արևելահայ թէ արևմտահայ, զինւոր թէ քաղաքացի, երիտասարդ թե ծերունի, կին թէ երեխայ, բոլորին անխտի՛ր, առանց սեռի, դաւանանքի ու գաղափարաբանական խտրականութեան:

Եւ ալեհեր Արարատի հովանու ներքոյ հայկական դիւցազնադաշտերի վերածւեցին՝ Բաշ Ապարանը, Ղարաքիլիսէն ու Սարդարապատը, ուր ընկած հերոսներին մենք պարտական ենք ի՛նչ որ ձեռք բերեցինք ու ունեցանք այդ օրերին և ի՛նչ որ ունենք  մինչև այսօր, այսինքն՝ նախ Հայաստանի անկախ Հանրապետութիւնը և ապա Խորհրդային Հայաստանը, որ իբրև իրողական գոյութիւն շարունակութիւնն է առաջինի: Եւ որպէսզի աւելի քան համոզեցուցիչ դառնայ այն անհերքելի ճշմարտութիւնը, որ աւերակւած Հայաստանից և Եղեռնի արհաւիրքն ապրած ու վերապրող խլեակներից ի՜նչ գերբնական ճիգով ու երկաթէ կամով Արամներն Հայաշխարհի կերտեցին պետութիւնն ու պետականությիւնը  Հայաստանի, այսօր, այս պատեհ առիթով պիտի ներկայացնենք վաւերական ու վիճակագրական փաստեր, որպէսզի պարզ լինի բոլորի համար, մանաւանդ մեր նոր սերդնի, թէ ինչ տարողութեամբ, պետական վարչական կառոյց ունէր Հայաստանի Հանրապետութիւնը, որին եկաը փոխարինելու Հայաստանի ներկայ վարչակարգը:

1918 Մայիս 28-ին, երբ հռչակւեց Հայաստանի Հանրապետութիւնը, նորանկախ երկրի վարիչները դրւեցին ծանրակշիռ հարցերի առջև: Հայաստանի անկախացումով հիմքն էր դրվում Հանրապետութեան, սակայն սկսւում էր դժւարութիւնների մի նոր շարք: Պէտք էր ոչնչից պետութիւն կառուցել, հիմաւորել, զարգացնել ու պահպանել այն:

Սահմանափակ էին հնարաւորութիւններն ու միջոցները, բարդ էր կացութիւնը: Արտաքին ճակատի վրայ միշտ առկայ էր մէկ կողմից հարեւան երկրների աննպաստ դիրքորոշումը եւ միւս կողմից՝ ներքին ճակատում կար գաղթականների կնճռոտ հարցը, սովի վտանգը, համաճարակները, դեղորայքի պակասը եւ այլ բազում դժւարութիւններ: Այնքան դժւար ճիգերով ձեռք բերւած անկախութիւնը պահպանելու համար անհրաժեշտ էր իրականացնել պետական կառոյցը, դառնալ պետութիւն իր ամբողջական իմաստով:

Հայաստանի օրւայ վարիչները, գիտակից այս իրողութեան, իրար յաջորդող եօթ դահլիճների գործունէութեան ընթացքում ձեռնարկեցին ընդհանուր կազմակերպման եւ կառուցման աշխատանքի:

Ա. ԴԱՀԼԻՃ  կազմւեց 1918 Յուլիսին: Այս դահլիճի բոլոր նախարարները անդամ էին Հ.Յ. Դաշնակցութեան. Յ. Քաջազնունի՝ վարչապետ:

Բ. ԴԱՀԼԻՃԸ կազմւեց Ա. Դահլիճից երեք ամիս յետոյ, որին Հ. Յ Դաշնակցութեան հետ մաս էին կազմում Հայ ժողովրդական կուսակցութիւնից չորս նախարարներ.

Գ. ԴԱՀԼԻՃ (1919 Յունւարից մինչեւ 1919 Յունիս).

Դահլիճը վերակազմւում է, որովհետեւ աննման Արամ Մանուկեանը մահացած էր եւ դաշնակցական նախարար Խաչատուր Կարճիկեանւ՝ սպանւած:

Դ. ԴԱՀԼԻՃ (1919 Յունիս- 1919 Օգոստոս). Յովհ. Քաջազնունի՝ վարչապետ:

Ե. ԴԱՀԼԻՃ կազմւեց 1919-ի Օգոստոսին, երբ առաջին անգամ լինելով՝ Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրութիւնները:

Կառավարութիւնը կազմւեց հետեւեալ անձնակազմով.

Ալ. Խատիսեան՝ վարչապետ եւ արտաքին գործոց նախարար:

Զ. ԴԱՀԼԻՃ. 1920-ին Հայաստանի մանուկ Հանրապետութիւնը հարկադրւեց ճզմել բոլշեւիկեան մայիսեան ըմբոստութիւնը: Այդ իսկ պատճառով 1920 Մայիսին Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրօն է ստանձնում իշխանութիւնը:

Համօ Օհանջանեան՝ վարչապետ և արտաքին գործոց նախարար:

Է. ԴԱՀԼԻՃ. Եօթներորդ դահլիճը կազմւեց շատ դժնդակ պայմանների տակ: Արտաքին ճնշումների հետեւանքով հայերը պարտւած էին Կարսում, Բոլշեւիկները շարունակում էին ներքին խռովութիւններ ստեղծել:

Հայաստանի ղեկավարութիւնը, գերագոյն ճիգերով ստեղծւած Հանրապետութիւնը պահպանելու հիմնական մտահոգութեամբ, որոշում է համաձայնել բոլշեւիկ ղեկավարութեան հետ, եւ այդ բանակցութիւնների համար 25 Նոյեմբեր 1920-ին կազմւում է մի նոր դահլիճ:

Սիմոն Վրացեան՝ վարչապետ եւ արտաքին գործոց նախարար:

Այս կառավարութիւնն էր, որ մինչեւ Դեկտ. 2 1920-ը մնաց իշխանութեան վրայ եւ Դրօ-Լըգրան համաձայնութեամբ՝ 1920 Դեկտ. 2-ին Հայաստանի ղեկավարութիւնը յանձնւեց խորհրդայիններին:

Ինչպէս ասացինք, առաջին հերթին անհրաժեշտ էր սկսել պետութեան կառուցումից: Անկախացումից հազիւ մէկ տարի անց Հայաստանն արդէն կազմակերպւած պետութիւն էր: Կային տասը գաւառներ, համապատասխան վարչութիւններով եւ դատական իշխանութիւններով: Յաջորդ տարում, մի նոր հրամանագրով, երկիրը բաժանւում է չորս նահանգների՝ Արարատեան, Շիրակի, Վանանդի եւ Սիւնեաց, իսկ իւրաքանչիւր նահանգ բաժանւում էր գաւառների: Յատուկ աշխատանք էր տարւում վարչական այդ բոլոր մարզերից ներս՝ հայացնելու պետական հիմնարկութիւնները: Կազմւում էր «Հայացման Կոմիտէ» եւ 1919-ի Մայիս 15-ին հայացւում են բոլոր հիմնարկութիւնները: Մի քանի ամիս յետոյ, Դեկտ. 26-ին, հայերէը հռչակւում է պետական լեզու, Մարտ 16-ին բացւում է պետական դատարանը եւ սկսում են դատավարութիւնները:

18 Յունւար 1920-ին Հայաստանն իրողական (դէ ֆաքտօ) ճանաչում է ստանում հաշտութեան խորհրդաժողովի կողմից, որով եւ սկսւում են նրա դիւանագիտական փոխյարաբերութիւնները:

Կազմակերպւում է դեսպանական պաշտօնէութիւնը եւ նշանակւում են դեսպաններ:

1920-ին Օհանջանեանի կառավարութիւնը վաւերացնում է Հայաստանի Հանրապետութեան զինանշանը եւ պետական դրօշը: Յուլիս 5-ին հրատարակւում է քաղաքացիական օրէնքը: Հիմնւում է պետական ռադիոկայանը, որի ձայնացրումը տարածւում է հեռուները եւ իր ծիրի մէջ է առնում Բասրան, Տաշքենդը եւ Հաշտարխանը:

Մեծ եւ ծանր նիւթական դժւարութիւններ գոյութիւն ունէին: Հայաստանի Հանրապետութիւնը ամսական 600-800 միլիոն ռուբլիի ծախսեր ունէր: Մինչեւ Օգոստոս 1920-ը հրապարակւում են երկու միլիարդ ռուբլիի հայկական արժեթղթեր եւ ապա հայկական թղթադրամ: Դրամական հոսման առաջն առնելու համար պետութիւնը ստեղծում է ոսկու հիմնադրամը եւ Հայաստանի Հանրապետութեան փոխառութեան դրութիւնը, որ կատարւում է բաժանորդագրութեան հիմունքով: Պետական բիւջէն հաւասարակշռելու համար լուրջ աշխատանք է տարւում՝ կազմակերպելու առևտրական եւ արդիւնաբերական կեանքը: Մշակւում է տուրքերի օրինագիծ եւ սահմանւում է յառաջատուական տուրքի դրութիւն:

Տնտեսական մարզից ներս մեծ հետաքրքրութիւններ են յայտ բերում օտար ընկերութիւններ: Ներկայացւում են զանազան առաջարկներ պեղումներ կատարելու, կառուցումներ ստանձնելու եւ հանքեր արտահանելու: Խնամակատարական նախարարութիւնը մեծ ճիգ էր թափում իր աշխատանքների իրագործման համար: Շատ կարճ ժամանակի ընթացքում հաստատւում են արհեստանոցներ, գործարաններ, աշխատանոցներ, հիւսւածեղէնի եւ կաշւեղէնի գործարաններ, կահագործարաններ եւն:

Պետութիւնը յատուկ գուրգուրանքի առարկայ է դարձնում համագործակցականների դրութիւնը: Հիմնւում է «Կօօպերացիաների միութիւն», որին անդամակցում էին 350 համագործակցական եւ ունէր 95,000 անդամ: Եթէ նկատի առնենք, որ իւրաքանչիւր անդամ միջին հաշւով հինգ հոգու հոգատարութիւն էր ստանձնում, նշանակում է, թէ համագործակցականներից օգտւում էին մօտ 475,000 անձ: Մինչեւ 1920թ. պետութիւնը մօտ 150 միլիոն ռուբլիի յատկացումներ կատարեց Միութեան: Մեծ զարկ տւեց երկրագործութեան: Կազմւեց Հողային Յատուկ Կոմիտէ, որ բծախնդիր կերպով քննելուց յետոյ լքեալ եւ եկեղեցական հողերը, դրանք բաժանեց գլխաւորաբար Ծաղկաձորի, Էջմիածնի, Աշտարակի, Ապարանի ու Նոր Բայազէտի շրջանների գիւղացիներին:

Այս ուղղութեամբ կազմւեց նաեւ Սերմնացանի Յատուկ Կոմիտէ, որ մեծ ջանք թափեց ապահովելու համար սերմացու հունտեր: Այս կոմիտէի աշխատանքը նպաստաւոր անդրադարձ ունեցաւ երկրի երկրագործութեան եւ գիւղատնտեսութեան վրայ: Մեծ աշխատանք տարւեց հողային եւ հանքային հետազօտութիւնների մարզում եւ մասնաւոր ուշադրութեան առարկայ դարձաւ պեղելու աղահանքերն ու ածխահանքերը, ինչպէս նաեւ ունենալու ջրային ուժի եւ ոռոգման աղբիւրներ, որոնց հետ մշակւեց էլէկտրակայանների հաստատման ծրագիրը:

Ընկերային մարզում լուրջ ուշադրութեան առարկայ դարձաւ առողջապահական հարցը: Համապատասխան մարմիններն ու պատասխանատուները ամեն գնով ճիգ թափեցին բարելաւելու համար ժողովրդի առողջապահական պայմանները: 1919 թւի սկզբում գոյութիւն ունէր միայն 9 հիւանդանոց 300 մահճակալով, իսկ 1920-ի վերջերին գործում էին 30 հիւանդանոցներ 1600 մահճակալով, եւ 5 բժշկակայան: Հաստատւեցին բուժկայաններ ու դեղակայաններ, ուր չքաւորներին անվճար դեղ էր բաշխւում, իսկ աշխատաւորներին տրւում էր 50 առ հարիւր զեղչ:

Կրթական-մշակութային մարզում նոյնպէս տենդագին աշխատանք էր տարւում, 1919-ին Հայաստանում արդէն գործում էին 431 տարրական դպրոցներ՝ 1096 ուսուցիչներով եւ 38.015 աշակերտներով, եւ 20 միջնակարգ դպրոցներ 288 ուսուցիչներով եւ 5162 աշակերտներով: 31 Յունւար 1920-ին հիմնւեց Երեւանի պետական համալսարանը: Մշակութային գետնի վրայ մեծ ճիգ էր գործադրւում յուշարձանների պահպանման եւ արւեստի հովանաւորման տեսակէտից: Հիմնւեցին ազգագրական-մարդաբանական թանգարան, գրադարան, թատերական դպրոց եւ երաժշտական դպրոցներ:

Շատ հպանցիկ այս ակնարկը Հայաստանի Անկախ Հանրապետութեան ընդամենը երկու տարիների կարճատեւ կեանքում եղած իրագործումների վրայ, բաւարար փաստեր են ապացուցելու, թէ ինչպիսի մեղւաջան ու տենդագին աշխատանք էր տարւում աւարից ու աւերից յարութիւն առած մեր նորահաստատ հանրապետութեան մէջ, որոնք չի կարելի ժխտել որեւէ՛ պատմաշինութեամբ, միտումնաւոր մոռացումներով ու անտեսումներով: Այդ իրագործումները ենթահողն են ներկայ Հայաստանի զարգացման, հիմնական ատաղձը Հայ ժողովրդի կամքո՛վ, նրա արդար վաստակո՛վ, նրա ամրակուռ հաւատքո՛վ, նրա ապրելու եւ գոյատեւելու տենչո՛վ ու վճռականութեամբ հիմնադրւած պետականութեան:

1918 Մայիս 28-ը հիմնաքա՛րն է վերածնւած Հայաստանի, անկախ լինի նա, թէ խորհրդային, եւ այս բացարձակ ճշմարտութիւնը պէ՛տք է ընդունի որեւէ հայ, որ հաւատարիմ է Հայաստանին:

Մեր անկախութեան վաթսունամեակը նշել՝ նշանակում է ամենից առաջ յարգանք մատուցել մեր պետականութեան հիմնաքարը կերտողների յիշատակին եւ ապա ազգովին ձգտել իւրաքանչիւր ժողովրդի ու ազգութեան համար նւիրական ու հիմնական նպատակին ու նրա ճակատագրին:

Այս հավատամքն է, որ մեր նոր սերնդին պիտի առաջնորդի կատարեալի՛ն, վերջնականի՛ն:

Փա՜ռք յաւերժական Հայաստանին:

«Ալիք» օրաթերթ

Շաբաթ, 27 Մայիս 1978., թիւ 115

Նորայր Պահլաւունի

/հապավումներով/