Հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ Արման Ստեփանյանի
13.12.2017թ. 15:41:31

Դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի հ.10 հիմնական դպրոցում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված դպրոցի շրջանավարտ Արման Ստեփանյանի հիշատակին: Արմանը զոհվել է 2015թ. սեպտեմբերի 4-ին հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության արդյունքում: Նա ՀՅԴ Արցախի երիտասարդական և ուսանողական միությունների ակտիվ անդամ էր, ամեն ինչում առաջամարտիկ, դրոշակակիր, մաքուր ու անկեղծ անձնավորություն: Հերոսի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին Արմանի հարազատները, մարտական ու գաղափարական ընկերները, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ:

«Միայն կորսված հողի կարոտախտից տառապող, հայրենիքի շնչառությամբ ապրող հայ մարդը կարող է հրաժարվել հեշտ կյանքից, աշխարհիկ վայելքներից ու իրեն ամբողջովին նետել կրակների հորձանուտը: Նրանց շարքին կարելի է դասել Արման Ստեփանյանին, ով պարզապես չէր կարող հրաժարվել իր դավանած սկզբունքներից: Նա այն անհատներից էր, ում համար գաղափարը, պատիվը, ազգը, հողը, հայրենիքը ոչ թե լոկ բառեր էին, այլ՝ պարզապես գոյության իմաստ»,- Արմանի մասին նշել է դպրոցի փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը:

ԱՀ ՊԲ սպա Արման Ստեփանյանն ապրեց ընդամենը 33 տարի, բայց նա կարողացավ որպես հայ զինվորական գտնվել իր բարձունքի վրա, հրամանատարների ու համածառայակիցների հուշերում մնալ միշտ մաքուր, անկեղծ ու վեհ:

Հարազատ կրթօջախի դասարաններից մեկն այսուհետ կրելու է Արման Ստեփանյանի անունը: Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ հայ ժողովուրդը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, որոնցից էր Արման Ստեփանյանը. նրանք կան, ապրում են և ապրողներիս հետ հսկում տիրաբար:

Արմանի հայրը՝ Վաչագան Ստեփանյանը ցավով է հիշում, որ Արմանի մանկությունը համընկել է պատերազմի հետ: «Քանի որ ես իմ մարտական ընկերներով մեծամասամբ գտնվում էի դիրքերում, Արմանն ստիպված իր ուսերին էր վերցնում ընտանիքի հոգսերը՝ անտառից ցախ էր բերում, հեռու աղբյուրներից ջուր էր կրում տուն»,- հիշում է Վաչագան Ստեփանյանը և ավելացնում, որ Արմանն Աստծո կողմից իրեն շնորհված 33 տարիներից 16-ն անց է կացրել ՊԲ շարքերում: «Կամավոր կենտրոնական զորամասից տեղափոխվել է առաջնագիծ:

DSC_1096Իր ծառայից ընկերների պատմածով՝ թեկուզ ուներ աշխատասենյակ և պիտի գտնվեր զորամասի շտաբում, բայց շաբաթներով, ամիսներով գտնվում էր դիրքերում, զինվորի կողքին, ոգևորում նրանց, անհրաժեշտության դեպքում՝ բուժում»,- ասել է Արմանի հայրը: Չնայած ցավը խորն է, բայց նա հպարտ է, որ որդին զոհվել է մարտական խնդիր կատարելու ժամանակ և մինչև իր վերջին րոպեն պաշտպանել հայրենիքը, մեզ բոլորիս:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի վարչության պետ Կառլեն Մարգարյանն իր խոսքում ընդգծել է. «Արմանը լավ գիտեր իր ժողովրդի պատմությունը: Գիտեր, որ իր ժողովուրդը դարերով տքնել, տառապել է, բայց միշտ բարձր է պահել իր պատիվը: Եվ բնական է, որ Արմանն ու Արմանները չէին կարող ստվերում մնալ՝ ժողովրդին թողնելով անտերության կամ շվարության մեջ: Նա 33 տարի ապրեց երկրային կյանքով, բայց երկրային կյանքի բոլոր դարերի համար մնաց որպես կենդանի լեգենդ»:

Արմանը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: 1999-2001թթ. ժամկետային զինծառայության է անցել հրետանային զորամասերում: Սկսած 2003թ.՝ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ, իսկ 2014թ. հոկտեմբերին կամավոր տեղափոխվել է հյուսիսային պաշտպանական շրջան և նշանակվել զորամասի սպա-հոգեբանի պաշտոնում: Ծառայության մեջ իրեն դրսևորել է որպես խելացի, կարգապահ և կազմակերպչական ունակություններով օժտված սպա, մշտապես գտնվել է շարքային զինվորների կողքին, մարտական դիրքում, հոգեբանորեն նախապատրաստել մարտական խնդրի հստակ կատարմանը: Իր առջև դրված մարտական խնդիրներն Արմանն իրականացնում էր պատասխանատվության բարձր զգացումով և մեծ նվիրումով: Բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է, պարգևատրվել ՀՀ Պաշտպանության գերատեսչական մեդալներով: Ամուսնացած էր, երեք զավակների հայր: 2015թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 16:20-ի սահմաններում, ծառայողական խնդիրը կատարելու ժամանակ հակառակորդի դիվերսանտների արձակած կրակոցներից Արման Ստեփանյանն ընկավ քաջի մահով՝ բռնելով անմահության ճանապարհը: Նա հասարակ զինվորական չէր, այլ հայրենիքի ընտրյալ պաշտպան, ով հանուն հայրենքի զոհաբերեց ամենաթանկը՝ կյանքը:

Արման Ստեփանյանը մեր հուշերում կմնա որպես ազնիվ, նվիրվյալ հայի տիպար: Նա իր կյանքի կարճ, բայց բովանդակալից տարիներն ապրեց նվիրումով՝ իր հայրենիքին, իր որդեգրած գաղափարին, իր ընտանիքին: Փառք ու պատիվ հանուն հայրենիքի հերոսացած հայորդիներին:

DSC_1075

DSC_1116