Հոկտեմբերյան հեղափոխությունը խանգարեց ավելի մեծ տարածքի վրա մեր հայրենիքի անկախության հռչակմանը
22.11.2017թ. 12:08:09

100 տարի առաջ՝ 1917թ. հոկտեմբերի 25-ին (ն. տ. նոյեմբերի 7-ին), տեղի ունեցով իրադարձություն, որը շատ էական ու կտրուկ ազդեցություն ունեցավ հետագա պատմության վրա: Ոմանք այն կոչեցին «Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն», մյուսները` «Հոկտեմբերյան հեղաշրջում», սակայն, անկախ օգտագործած տերմինաբանությունից, այն ցնցեց ամբողջ աշխարհը: Բոլշևիկները Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) զինված հեղաշրջում կատարեցին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Վերջ տրվեց փետրվարյան հեղափոխությունից հետո Կերենսկու ձեւավորված ժամանակավոր կառավարությանը, ձախողվեց Սահմանադիր ժողովի հրավիրումը։

Հոկտեմբերյան հեղաշրջման հաղթանակով սկսվեց Ռուսաստանի խորհրդային պատմության ժամանակաշրջանը։ Այն հիմք դրեց նաեւ Խորհրդային Միության կազմավորմանը, որի կազմում էր նաեւ Հայաստանը մինչեւ 1991 թ։ 1991-ի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան թավուտում կնքված եռակողմ համաձայնագրով (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) Խորհրդային Միությունը կազմալուծվեց։

Հայոց պատմության այդ ժամանակաշրջանի, Հայաստանի և Արցախի հետագա զարգացման վրա դրա ունեցած ազդեցության և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմաբան Ռիտա Մնացականյանի հետ:

– Տիկին Մնացականյան, Հոկտեմբերյան հեղափոխությունից անցել է 100 տարի, այժմ կարելի է քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական տալ հեղափոխության ազդեցությանը համաշխարհային և հայ ժողովրդի պատմության վրա: Ըստ Ձեզ՝ այն ինչպե՞ս կարելի է գնահատել:

– 100 տարին պատմության համար այնքան էլ մեծ ժամանակաշրջան չէ, և երբեք հնարավոր չէ օբյեկտիվ գնահատական տալ որևէ պատմական իրադարձության, որովհետև այն բազմաշերտ է, բազմակողմանի ու բազում ազդեցությամբ:

Հոկտեմբերյան հեղաշրջման պատմական նշանակության վերաբերյալ տեսակետները բախվում են: Իմ սերունդն ապրել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում, սովորել է այն դասագրքերով, որոնք անընդհատ մեզ ներշնչել են, որ դա հիրավի մեծ հեղափոխություն էր և հոկտեմբերը փրկեց հայ ժողովրդին: Իմ կարծիքով, դա այդպես չէ: Հոկտեմբերը աղետ էր ոչ միայն ռուս ժողովրդի, այլև ոչ ռուս ժողովուրդների համար: Այդ հեղափոխությունից հետո ստեղծված բռնապետությունը բազմաթիվ ողբերգություններ առաջ բերեց այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Ես փորձում եմ հակառակ տեսանկյունից նայել, այսինքն՝ ինչ կլիներ, եթե հեղափոխությունը չլիներ: Առաջին համաշխարհային պատերազմ. Հայաստանի արևելյան հատվածը ռուսական կողմից ներգրավված էր պատերազմի մեջ: Բանակ զորակոչված հայերից բացի ռազմական գործողություններին  մասնակցում էին նաև հայկական կամավորական ջոկատները: Ռուս-թուրքական ճակատում հայերը Հայաստանի ազատագրության հնարավորություն էին տեսնում: Եվ ռուսական բանակը, անկախ հետագա նպատակներից, հայ կամավորների հետ ազատագրեց Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներ: 1916թ. կնքվեց Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագիրը, որով նախատեսվում էր, թե Անտանտի հաղթանակից հետո ինչ տարածքներ պիտի անցնեին դաշնակից երկրներին: Ռուսական զորքի կողմից Արևմտյան Հայաստանի գրավված տարածքները պայմանագրով ընդգրկված էին Ռուսաստանի կազմում: Սակայն հեղափոխությունը խանգարեց իրագործել այն: Ես ամենից առաջ նախընտրում եմ, որ Հայաստանը անկախ երկիր լինի, բայց որպես պատմաբան գիտեմ, որ Ռուսաստանին ենթակա տարածքներում հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վտանգ չի եղել: Եվ Ռուսաստանի ազդեցության տարածումը ազատագրված տարածքներում հայ ժողովրդի համար փրկություն կլիներ:

Խորհրդային շրջանում մեզ անընդհատ համոզում էին, որ հեղափոխությունը փրկություն էր, բայց իրականում հակառակն է: Եթե հեղափոխությունը չլիներ, հայ ժողովրդի վիճակը շատ ավելի բարենպաստ կլիներ: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին: Դա ոչ թե ռուս ժողովրդի հեղափոխությունն էր, այլ դրսի ուժերի կողմից կազմակերպված ավանտյուրա: Այն տապալեց Ռոմանովների արքայատոհմը, որի ստեղծումով սկսվել էր Ռուսաստանի զարգացման ուղին: Հայ ժողովուրդը շատ մեծ հույսեր էր կապում Ռուսաստանի հետ, սակայն այս հեղափոխությունը խանգարեց, խանգարեց ավելի մեծ տարածքի վրա հայրենիքի անկախության հռչակմանը: 1918թ. Հայաստանի անկախությունը հռչակվեց 12.000 քառ. կմ տարածքի վրա, որը 1.5 տարի հետո հասավ 60.000 քառ.կմ: Սևրը գծվեց գրեթե այն սահմաններով, որ գրավել էր ռուսական զորքը:

Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչ կլիներ իրականում, բայց փաստերի տրամաբանությունը դրան է հանգեցնում:

– ԽՍՀՄ տարիներին ծնված և դաստիարակված մեր որոշ հայրենակիցներ որոշակի կարոտախտով են խոսում ԽՍՀՄ տարիների մասին՝ մատնանշելով Խորհրդային Միության տարիների՝ իրենց կարծիքով առկա առավելությունների մասին: Արդյո՞ք համաձայն եք այդ կարծիքների հետ:

– Իհարկե, Խորհրդային Միությունը հզոր տնտեսական երկիր էր, և կյանքի որոշակի կայունություն, խաղաղություն կար: Սակայն սա չի կարելի ներկայացնել որպես ուտոպիա: Նրանք կարոտով են հիշում Խորհրդային Միության գոյության վերջին 20 տարիները: Բայց այդ միությունը ստեղծվել է արյունով, բռնությամբ: Երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Կոմունիստական կուսակցությունն այստեղ ոչ մի հենարան չուներ: Հետո շատերը պարտադրված դարձան կոմունիստներ: Հիշենք, թե ինչպես փետրվարյան ապստամբությունից հետո, 30-ական թթ. հազարավոր խելոք ուղեղներ նետվեցին բանտերը, գնդակահարվեցին: Եվ այս բռնությունները միայն հայերի նկատմամբ չէին իրագործվում: Սա իսկական բռնատիրական պետություն էր: Մենք փոքր ժողովուրդ ենք, և այդ բռնությունն իր ամբողջ ուժով Չարենցի լեզվով ասած «Ստալինյան սապոգով» շատ բան կոխկրտեց: Այդ տեսակետից Ղարաբաղը կրկնակի ճնշման էր ենթարկվում՝ և Խորհրդային Միության, և Ադրբեջանի կողմից:

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ չի կարելի դրական արտահայտվել տվյալ ժամանակաշրջանի մասին: Իհարկե, սկզբնական շրջանում կարողացան մասսաներին խանդավառել, ոգևորել: Եթե այդ ոգևորությունը ճիշտ հունի վրա դրվեր, իսկապես օրինակելի պետություն կդառնար: Խորհրդային Միության սոցիալիզմը Մարքսի, Էնգելսի քարոզած սոցիալիզմը չէր, այն ստալինյան մոդելն էր, որը շատ հեռու էր իսկական սոցիալիզմից: Բնության մեջ բարձրագույն արժեքը մարդկային կյանքն է, որը զոհ գնաց այդ ամենին՝ հոգևոր, մտավոր, ֆիզիկապես: Դա ոչ միայն Ռուսաստանի, այլև մարդկության պատմության մեջ ամենաաղետալի ժամանակաշրջաններից է: Ոչ մի երկրում ոչ մի հեղափոխության հետևանքով այդքան զոհեր չեն եղել, որքան այդ ժամանակ: Ճիշտ է, Ստալինի մահից հետո որոշակի ազատություններ տրվեցին, բայց հնի ու նորի բախումներ եղան ու նորից մարդկային զոհեր, որը  ոչ մի բանով հնարավոր չէ վերականգնել:

Խորհրդային Միությանը գլոբալիզացիայի հիմնադիր կարելի է համարել: Բոլոր ազգերի ազգային արժեքներն աստիճանաբար մարում էին՝ զոհ գնալով այդ ընդհանուր ընտանիքի գաղափարին: Ավելին, ազգային արժեքների կրողները համարվեցին վտանգավոր պետության համար:

Թվում էր, թե ռուսականացումը ամուր հիմքերի վրա էր: Բայց ինչքան էլ ռուսական դպրոցներ բացվեցին, ինչքան էլ քարոզչություն տարան, ազգային ոգին ոչ մի ժողովրդի մեջ չմարեց: Ղարաբաղյան շարժումը փորձաքար էր ամբողջ Խորհրդային Միության համար: Բավական էր մի փոքր ժողովուրդ խոսեր իր ազգային արժեքների մասին,  իսկույն բոլորը ոտքի կանգնեցին:

– Արդյո՞ք Ռուսաստանի ներկայիս քաղաքականության մեջ տեսնում եք ծավալապաշտական նկրտումներ:

– Նախ մինչև ԵԱՏՄ ստեղծումը, Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո ստեղծվեց ԱՊՀ-ն՝ հեռահար նպատակներով. այն պիտի դառնար մի նոր ԽՍՀՄ: Քանի որ այն ազգային-ազատագրական շարժումների վերելքի ժամանակաշրջանն էր, վերականգնված արժեքները գերիշխող էին, և ԱՊՀ-ն այդպես էլ չկայացավ: Թեկուզ ստեղծվեցին ԱՊՀ կենտրոնական մարմիններ, բայց այն մնաց որպես դաշինք:

Ռուսաստանը սկզբնական շրջանում դեռ թույլ էր, սակայն ուներ ներքին հզոր ռեսուրսներ, աստիճանաբար նորից վերագտավ իրեն: Ներկայիս համաշխարհայնացման համակարգում, բնական է, որ Ռուսաստանը ձգտում է դառնալ առանձին բևեռ, որի հետ հաշվի կնստեին: Ռուսաստանը իր ազդեցության գոտիներն է փորձում մեծացնել: Չեմ կարծում, թե դա հիմա Ռուսաստանին հաջողվում է:

– Այսօր ի՞նչ կարելի է անել խորհրդային տարիների աղետալի հետևանքները վերացնելու համար:

– Մենք այսօր Հոկտեմբերյան հեղափոխությանը և ընդհանրապես Խորհրդային Միությանը նորովի գնահատական տալու խնդիր ունենք: Մեր մի շարք փողոցներ կրում են Լենինի զինակիցների  անունները, որոնք Արցախի հետ կապ չունեն, ոչ մի բան չեն արել Արցախի համար: Մյասնիկյանի լուռ համաձայնությամբ է Ղարաբաղը բռնակցվել Ադրբեջանին: Նրա անունով փողոցներ, քաղաքներ կան ՀՀ-ում և ԱՀ-ում: Իսկ հայ ժողովրդի ազատության, անկախության համար պայքարած, զոհված մեր բազմաթիվ հայորդիների անուններ մոռացության են տրվել: Ուրեմն պետք է արդար գտնվել պատմության նկատմամբ, արդարացի գնահատական տալ և գնահատանքի արժանացնել արժանավորներին:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի