Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել խորհրդարան
19.04.2017թ. 15:05:54

Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Հոլանդիայի խորհրդարան:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:

«Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանության: Հանդիպմանը բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Հոլանդիան վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականություն է որդեգրել` ցեղասպանության փոխարեն օգտագործելով ցեղասպանության խնդիր բառը: Դա մեզ ցավ է պատճառում: Մենք նշեցինք, թե որքան սխալ է այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականության պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Հոլանդիայի հանդեպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք ցեղասպանություն բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցությունն ունեցավ»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ներկայացված պահանջագիրը կքննարկվի և առաջիկայում կտրվի պատասխան: Մասիս Աբրահամյանը լիահույս է, որ նոր կառավարությունը շրջադարձ մոտեցում կցուցաբերի և իրերը կկոչի իրենց անունով:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հոլանդիայում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 23-ին, 24-ին: