ՀՅԴ-ն կոալիցիոն ծրագրի կատարման ընթացքով բավարարված է, տեմպերով՝ ոչ
08.11.2017թ. 15:56:23

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիոն ծրագրի կատարման ընթացքով բավարարված է, տեմպերով՝ առայժմ ոչ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ կան կուտակված հարցեր, որոնց լուծման արագությունն իրենց համար բավարար չէ: Ռուստամյանը նշեց, որ դանդաղ տեմպերի համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Միաժամանակ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը պատմական բեկում է մտցրել Հայաստանի տնտեսության մեջ՝ նա ձևավորել է տնտեսապես հմուտ կառավարման միջավայր: Արմեն Ռուստամյանը հորդորեց չշտապել 2018թ-ի վարչապետի ընտրության հարցում՝ նշելով, որ իրենք հարցը դեռ չեն քննարկել: Պատգամավորը նշեց, որ հաջորդ տարվա վարչապետը պետք է իմանա, որ ինքն անընդհատ հայտնվելու է մի իրավիճակում, որ իրեն կարող են անվստահության հայտնել, քանի որ ընդդիմությանը մեկ տարի անց տրվելու է այդ հնարավորությունը:

– Մամուլում շարունակվում են հրապարակումներն այն մասին, որ ՀՅԴ-ն հավակնում է ստանալ երեք փոխվարչապետերից մեկի պաշտոնը: Ի վերջո, Դաշնակցությունում նման քննարկումներ չե՞ն անցկացվում:

– Մամուլը չի դադարելու այդ մասին գրել՝ մինչև փոխվարչապետի ու վարչապետի նշանակումները չարվեն: Մեր պատասխանը, սակայն, չի փոխվել, որովհետև իրավիճակը չի փոխվել: Այդ հարցը քննարկելը վաղաժամ է, դա կլինի այն ժամանակ, երբ նոր կառավարության ձևավորման հարցը օրակարգում կլինի: Այս պահին կոալիցիան նման օրակարգ չունի, դրա համար քննարկումներ տեղի չեն ունենում:

– Ամեն դեպքում ՀՅԴ-ն նման ցանկություններ, հավակնություններ չունի՞:

– Ցանկությունները, հավակնությունները բազմաթիվ են, բայց դրա հետ կապ չունեն: Մենք ցանկություն ունենք իրականացնել այն, ինչ միասին համաձայնեցրել ենք, նախաձեռնել ենք: Սա է մեզ համար գլխավոր խնդիրը: Այն բացարձակապես չի առնչվում վարչապետի ով լինել-չլինելու հետ, որովհետև մեր համագործակցության հիմքում ընկած է 2017-2022 թթ. ծրագիրը, որը անձի հետ կապված չի համաձայնեցվել, որ դրա հետ կապված էլ փոխվի: Կոալիցիայի ձևավորման, դադարեցման բոլոր հնարավոր տարբերակները արտացոլված են այդ համաձայնագրում:

– Այդ ծրագիրն իրագործելու համար ավելի հեշտ չի՞ լինի ունենալ ևս մեկ պաշտոն, ևս մեկ գործիք կամ լծակ:

– Մենք եղած գործիքներն օգտագործում ենք լի ու լի: Կլինի ավելի՝ ավելի կաշխատենք: Խնդիրն այն է, որ ունեցած լիազորությունները օգտագործվեն լիարժեք, սա է այսօր դրված հարցը: Մնացած խնդիրների շուրջ մենք պայմանավորվել ենք, կառավարությունում ձևավորված պորտֆելների բաշխման հարաբերակցությունը փոփոխելու միտում այս պահին չի դրսևորվում: Բայց բնական է, երբ նոր կառավարություն կձևավորվի, կոնկրետ անձանց հետ նոր քննարկումներ տեղի կունենան, մենք մեր ասելիքը կասենք: Բայց առայժմ, որևէ նախաձեռնություն՝ կապված վարչապետի անձի հետ, որից բխում են մնացած բոլոր հարցերը, չի կատարվել, որովհետև այդ տեղը մեր համաձայնությունների համաձայն վերապահված է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն մեզ նման հարցով չի դիմել, որ մենք էլ քննարկում սկսենք:

– Պարո՛ն Ռուստամյան, էլ ի՞նչ գործոններ կան, որոնցից կախված է՝ կունենաք փոխվարչապետի պաշտոն, թե ոչ: 2018թ. հետո նոր վարչապետին ո՞ր է լինելու ձեր ասելիքը, որի մասին խոսեցիք:

-Եթե անձերի հետ կապված խնդիր առաջանա, մենք կարող ենք ասել՝ այս անձը ավելի լավ է, այն անձը՝ ոչ: Բայց դա լինելու է ներքին քննարկում, մենք հրապարակային գործընթաց չենք պատրաստվում սկսել: Անձերի հետ կապված հարցն էլ պայմանավորված է լինելու մեր ծրագրի իրականացման արդյունավետությամբ: Կառավարության ծրագիրը, որը մենք ընդունել ենք, մեկ տարվա համար չէ նախատեսված, ժամանակացույց կա, որը հասնում է մինչև 22թ., իսկ սա նշանակում է, որ այդ անձը պետք է ստանձնի հանձնառություն՝ կատարել խնդիրները, որոնք առաջադրում են երկու քաղաքական ուժերը:

– Տևական ժամանակ է, ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են կազմել, Դուք բավարարվա՞ծ եք համատեղ ծրագրի իրականացման ընթացքով, տեմպերով: Այդ ծրագրի ո՞ր մասն եք իրականացված համարում:

– Ընթացքով բավարարված ենք, տեմպերով՝ առայժմ ոչ: Ուղղությունը ճիշտ է, բայց տեմպերը մեզ չեն բավարարում, որովհետև դրանցից է կախված կուտակված հարցերի լուծման արագությունը: Երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, բայց դա ոչ բոլորն են տեսնում: Շարքային քաղաքացիները չպետք է այդքան խորանան սահմանադրական նորմերի, դրանց կարևորության, ծրագրերի մեջ, իրենք փոփոխությունները պետք է տեսնեն կենցաղում, դրանով գնահատեն՝ երկիրը լա՞վ վիճակում է, թե վատ է: Կարծում եմ, որ մեզ արագընթաց զարգացում է պետք, որ այդ փոփոխությունը երևա: Տնտեսական 4, 5, 6 տոկոս աճը գուցե այլ պետությունների համար բավական լավ ցուցանիշ է, բայց մեզ համար սա բավարար չէ այն խնդիրների լուծման համար, որոնք կուտակվել են: Այո, սա հիմք է, որ կայուն զարգացման գործընթացի մեջ մտնենք, որ մեր տնտեսությունը չունենա ցնցումներ: Ուղղությունը, տենդենցը, որով կառավարությունը գործում է՝ ճիշտ է, դրանով մենք բավարարված ենք, բայց արագությամբ մենք բավարարված չենք, փորձում ենք գտնել ռեսուրսներ, որ արագությունը մեծանա:

– Օբյեկտի՞վ են դանդաղ զարգանալու պատճառները, թե՞ կառավարությունը թերանում է:

– Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք պայմանավորված են Հայաստանի շրջափակմամբ, դեպի ծով ելք չունենալու հետ, որոնք կապ չունեն իշխանության, այս կամ անձի հետ: Կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնք կապված են հենց համակարգում առկա խնդիրների հետ: Տնտեսությունը զարգացնելու համար 2 հիմնական ուղղություն պետք է գործի դրվի:

Առաջինը՝ վերացնել խոչընդոտները, որոնք տնտեսության զարգացման համար արգելակներ են: Նկատի ունեմ՝ կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները, որոնք նաև քաղաքական լուծումներ պարունակող հարցեր են:

Երկրորդը՝ տնտեսական և օբյեկտիվ գործիքներ ստեղծելն է, որն ավելի շահավետ կդարձնի թափանցիկ դաշտում գործելն ու աշխատելը, քան ստվերային տնտեսության մեջ թաքնվելը: Այնպիսի միջավայր պետք է ստեղծվի, որ մարդիկ իրենք շահագրգռված լինեն տնտեսական իրենց խնդիրները հրապարակային լուծել, ոչ թե թաքուն: Այս միջավայրը պետք է փոխվի, որը կախված կլինի նոր տնտեսական քաղաքականության, նոր գործիքակազմ ստեղծելու խնդիրների հետ: Այսինքն՝ տնտեսության մեջ պետք է ստեղծվեն հնարավոր նորարարություններ, որոնք կքաջալերեն մարդկանց լեգիտիմ դաշտում գործել: Տնտեսությունն ինքն իր մեջ կգեներացնի մուլտիպլիկատիվ էֆեկտ, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանում բիզնես դնել, հասկանան, որ իրենց որևէ մեկը հանցավոր կամ կրիմինալ միջոցներով չէ խոչընդոտելու, որ ռեպրեսիվ միջոցներով չեն հետևելու իրենց՝ հասկանալու համար՝ ճիշտ են աշխատում, թե ոչ: Որպեսզի հասկանաս՝ տնտեսվարողը ճիշտ է աշխատում, թե ոչ, դրա համար տնտեսական օբյեկտիվ ցուցանիշները պետք է նայել, եզրակացություններ անել՝ գերշահույթը որտեղից է, որ թաքցնում է: Բռնելու համար կան քաղաքական գործիքներ, տնտեսական ցուցանիշներ:

– Ինչո՞ւ վարչապետ Կարեն Կարապետյանին չի հաջողվում գտնել այդ մարդուն, ով թաքցնում է գերշահույթը, վերացնել կոռուպցիան, մենաշնորհը:

– Պատճառները քաղաքական հարցերի մեջ են: Միջավայրը, համակարգը պետք է այնպիսին լինի, որ այդ անձանց հայտնաբերելը կատարվի բնական, ոչ թե հակառակորդին նեղը դնելով, տնտեսական լծակներով ճնշելով՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Դրա համար մենք ասում ենք, որ պետք է լինի ապակենտրոնացման համակարգ, որ ամեն ինչ մեկը չտնօրինի, որ քաղաքական, տնտեսական մոնոպոլիա չծնվի: Հայաստանում գոյություն ունեցող ավանդույթները մենաշնորհածին են: Հիմքում քաղաքական դրվածքն է:

– Բայց համակարգը փոխվեց:

– Համակարգը դեռ ամբողջությամբ չի փոխվել, Սահմանադրությունը գործելու է հաջորդ տարվա ապրիլից: Վստահ եմ, որ տնտեսական ու քաղաքական գործիքների դրական էֆեկտները տեսնելու հնարավորությունը մեկ-երկու տարի հետո կզգանք:

– Եթե ՀՀԿ-ն որոշի Կարեն Կարապետյանին 2018թ.-ից հետո էլ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, դուք կաջակցե՞ք այդ որոշմանը՝ հաշվի առնելով այս բոլոր խնդիրներն ու դժգոհությունները, որոնք ունեք:

– Մենք հիմա համաձայնել ենք աշխատել Կարեն Կարապետյանի վարչապետությամբ և դրանից դժգոհ չենք: Մենք ՀՀԿ հետ կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր հարցերի հետ կապված բանավեճեր, բայց մենք տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանն ունի այդ կամքը, պատասխանատվությունը՝ իրավիճակը արմատական փոխելու: Ես չեմ կարծում, որ նա իր անձնական շահն է փնտրում, որովհետև կայացած մարդ է, ապահովված: Կարեն Կարապետյանի համար պատմական շանս է, որ եկավ մի վարչապետ, որը բեկում մտցրեց երկրի տնտեսության մեջ: Սա շատ ավելի մեծ արժեք է՝ ունենալ պատմական դերակատարություն, քան մնացած մանր-մունր հարցերը:

– Բայց եթե դեռ չի մտցրել, ինչո՞ւ եք կարծում, որ 2018թ.-ից հետո կկարողանա բեկում մտցնել:

– Ինչո՞ւ չի մտցրել, մտցրել է: Հարկային տարածքում բոլորը խոստովանում են, որ էապես նվազել են ճնշումները, կոռուպցիոն դրսևորումները: Մարդիկ ստուգումները պակասեցրել են, բայց հարկային մուտքերը երկու անգամ ավելացել են: Սա վկայում է այն մասին, որ տնտեսապես հմուտ կառավարման միջավայր է ձևավորվում:

– 2018թ.-ից հետո վարչապետի 2 թեկնածուի անուն է առայժմ տրվում՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան: ՀՅԴ-ն ունի՞ այս հարցի պատասխանը՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան:

– Ուզում եք առաջ ընկնել: Կգա ժամանակ, հարցը կքննարկվի մեր ընդհանուր տրամաբանության մեջ: Այդ նույն վարչապետը պետք է իմանա, որ ինքն անընդհատ հայտնվելու է անվստահության հայտնվելու առաջ: Ընդդիմությունը մեկ տարի անց հնարավորություն կունենա նրան անվստահություն հայտնել, անգամ ամեն մի նախարարի կարող են անվստահություն հայտնել: Այնպես չէ, որ կառավարությունը ձևավորվեց, 5 տարի կարող են ամեն ինչ անել: Եթե մարդը եկել է վայելելու, դա կբացահայտվի ու նա խայտառակ կլինի:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։