ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստ
02.11.2017թ. 12:38:28

Հաղորդագրություն

2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:

Ներկայացված զեկույցների ու ծավալված քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հիմնական հաստատումները.

1. Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայամաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ:

2. Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է: Օրենսդիր ու գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնած կուսակցական գործիչներն իրենց աշխատանքում պետք է շարունակեն առաջնորդվել սոցիալական հիմնախնդիրների լուծման և սոցիալական արդարության ապահովման գիտակցումով:

3. Կուսակցության ծրագրերի և մոտեցումների պետական քաղաքականության վերածվելը պահանջում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում առավել ակտիվ և նպատակասլաց գործունեություն: Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել 2018թ. պետական բյուջեի նախագծին՝ այն գնահատելով ռազմավարական ծրագրերի իրականացման հետ համարժեք լինելու տեսանկյունից:

4. Կարևորելով ընթացող բարեփոխումները՝ առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման և գործադրման արդյունավետությունը:
Արդյունավետ կառավարումը երկրի գրավչության և ներդրումների ապահովման կարևորագույն գրավականն է և պահանջում է ոչ միայն իրավական դաշտի բարելավումներ, այլ, հատկապես, գործադրման արդյունավետ և հետևողական ընթացք:

5. Սահմանադրական նոր կարգի հաստատման համատեքստում առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության և իրավահավասարության իրական միջավայր:

6. Կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ հիմնախնդիրները պահանջում են հետևողական աշխատանք և ճշգրիտ լուծումներ. կարևորագույն խնդիրն այդ հարցում մնում է ազգային դաստիարակության ապահովումը: Ոլորտի կառուցվածքային փոփոխությունները դեռևս չեն հանգեցրել բովանդակային փոփոխությունների և կրթության որակի բարելավման, ինչը երկրի զարգացման հիմնական երաշխիքն է:

7. Տարածքային կառավարաման բարեփոխումները պետք է ապահովեն երկրի համաչափ զարգացումը: Մարզերում և համայնքներում առկա ռեսուրսների և ներուժի արդյունավետ գնահատման, օգտագործման, իրատեսական ծրագրերի մշակման և գործադրման, համայնքների խոշորացման միջոցով անհրաժեշտ է հասնել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և լիարժեք միջոլորտային համագործակցության:

8. Երկրի զարգացման գրավականներից են բնական միջավայրի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը: Ոլորտում առկա հիմնական դժվարությունները կապված են բնական ռեսուրսների օգտագործման ծավալների, բնապահպանական ռիսկերի գնահատման և նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորման, ներդրումային դրական միջավայրի ապահովման հետ:

9. Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև դաշնակցական նորանշանակ մարզպետների գործունեությանը, Շիրակում և Արագածոտնում առկա խնդիրներին և դրանց լուծման ջանքերի արդյունավետությանը:

Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով: Համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունները շարունակելու են մնալ սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ապագայի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորումը, ազգային անվտանգության երաշխավորումը, հովանավորչության, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իրական պայքարը և համակարգային բարեփոխումների իրականացումը:

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակ