ՀՀ-ԵՄ. եվրաինտեգրման գործընթաց
04.12.2017թ. 15:20:34

Անցած շաբաթվա քաղաքական անցուդարձում մեզ համար անհամեմատ նշանակալի իրադարձությունը, անշուշտ, Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր, որ տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում, Արևելյան գործընկերության երկրների 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Փաստաթուղթը, որի նախագիծը շուրջ 15 ամիս գտնվում էր բանակցությունների սեղանին և նախաստորագրվել էր այս տարվա մարտին, իրականում համագործակցության առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրի միջև:

Նույն օրը Բրյուսելում ստորագրվել է ևս մեկ փաստաթուղթ՝ Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի՝ դեպի ՀՀ ընդլայնման բարձր մակարդակի փոխըմբռնման արձանագրությունը, ինչպես նաև նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։ Դրանցից առաջինը միտված է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, համատեղ ենթակառուցվածքային առաջնահերթությունների նախանշմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը, իսկ երկրորդով կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսվում է նաև Հայաստանի կողմից Եվրամիության միասնական ավիացիոն գոտուն միանալու, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձը ներդնելու հնարավորություն։

Սակայն անդրադառնանք Բրյուսելում ստորագրված գլխադաս փաստաթղթին՝  ՀՀ և ԵՄ միջև գործընկերության համաձայնագրին, որը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, արտացոլում է երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները: ՙՀամաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը»,-ասել է նա։

Բայց արդյոք, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարո՞ղ է լիարժեք, առանց արտաքին խոչընդոտների և արգելակների գործել ԵԱՏՄ պայմանագրին միանալու մասին Հայաստանի պայմանագրին զուգահեռ։

Ինչպես հիշում եք, ԵԱՏՄ պայմանագիրը գործում է 2014թ. մայիսի 29-ից և ի սկզբանե միավորում էր երեք հիմնադիր երկրների՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։ Հայաստանը հետխորհրդային նորաստեղծ կառույցին նույն կարգավիճակով միացավ մի քանի ամիս անց՝ 2014-ի հոկտեմբերի 10-ին, Մինսկում ստորագրելով համապատասխան պայմանագիրը, որն առ այսօր ուժի մեջ է՝ սկսած 2015-ի հունվարի 2-ից։ Մինչ այդ՝ դեռևս 2013թ. հոկտեմբերի 24-ին նշված չորս երկրների ղեկավարները հանդես էին եկել եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հատուկ հայտարարությամբ։

Սակայն, առաջնորդվելով իր որդեգրած համակեցության սկզբունքով և այդ հիման վրա վարելով բազմավեկտոր, կոմպլեմենտար քաղաքականություն, Հայաստանն ի սկզբանե հակված է փոխշահավետ քաղաքական ու տնտեսական կապեր պահպանել նաև եվրոպական ուղղության այլ երկրների ու միջազգային կառույցների հետ։ Տակավին 1996թ. ապրիլի 22-ին պաշտոնական Երևանը Լյուքսեմբուրգում ստորագրել էր Եվրամիության հետ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։ Կոչված լինելով կարգավորելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, բացի ռազմական ոլորտից, այդ փաստաթուղթը, արտաքին քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ուժի մեջ էր մտել ավելի քան երեք տարվա հապաղումով՝ 1999-ի հուլիսի 1-ին։ Եվրամիության հետ համագործակցությունը փաստորեն դարձել էր  Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

Ի շարունակումն այդ գործընթացի, շուրջ տասը տարի անց՝ Հայաստանը միացավ ԵՄ հետ հարաբերությունների կարգավորման նոր ձևաչափին՝ Արևելյան գործընկերությանը, մի նախաձեռնություն, որը վերաբերում է հետխորհրդային տարածքի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարաբերությունների շրջանակին։ Ռուսաստանը հրաժարվեց միանալ այդ շրջանակին՝ պնդելով Ռուսաստան-Եվրամիություն երկկողմ համագործակցության ձևաչափը, որը չընդունվեց։ Հայաստանը, կարելի է ասել, հիմնականում պատրաստ էր ստորագրելու Եվրամիության հետ ասոցացմանը՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։ Մինչ այդ, որպես պարտադիր պայման, նախապես բարեփոխումների էր ենթարկվում Հայաստանի գործող օրենսդրությունը՝ եվրոպական օրենսդրական դաշտի չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը կգար։ Դարձյալ՝ պայմանավորված արտաքին քաղաքական դրդապատճառներով։ Եվ 2013-ի սեպտեմբերի 3-ից սկսած արդեն անկնհայտ պարզ էր, որ Արևելյան գործընկերության շրջանակի երկրների ղեկավարների առաջիկա՝ Ռիգայի գագաթնաժողովում Երևանին չի հաջողվի ստորագրել այդ փաստաթուղթը: Բրյուսելը համաձայն չէր, որպեսզի Արևելյան գործընկերության անդամության թեկնածու երկիրը միաժամանակ անդամակցի նաև ԵԱՏՄ-ին, որին միանալու Հայաստանի համաձայնությունը, որ տրվել էր Մոսկվայում, այլևս քաղաքական օրակարգի  գրեթե վճռված հարցերից էր։

Անցել է չորս աշուն։ Այդ ժամանակահատվածում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները, ինչպես ակնհայտ է, բացի քանակական փոփոխություններից, նաև որակական սրբագրումների են ենթարկվել։ Հենց այդ համատեքստում է, որ Եվրամիությունը, ուրիշների աչքի փուշը տեսնելուց բացի, ըստ երևույթին սկսել է տեսնել կամ զգալ նաև իր աչքի գերանը։ Այդ թվում, բնականաբար, նաև Հայաստանի անդամակցության խնդրում։ Մերժելով Երևանի ասոցացումը, Բրյուսելը, անշուշտ, ոչինչ չի շահել, թեկուզ այդ ընթացքում շարունակվում էին երկկողմ հարաբերությունները՝ այսպես ասած, անգլիական ժպիտի պայմաններում։ Ըստ երևույթին, եվրոպաներում վերջապես հստակ գիտակցեցին, որ Հայաստանն անկեղծ է ինչպես ԵԱՏՄ անդամ պետությունների, այնպես էլ եվրոպական երկրների ու կառույյցների հետ իր հարաբերություններում և հետամուտ է բացարձակապես փոխշահավետ համագործակցության։ Ինչու՞ չէ, կարելի է պնդել՝ նաև տեսան Հայաստանի հետ համագործակցության կայուն կապերի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նշանակությունը  թերագնահատելու իրենց մոլորությունը։ Առավել ևս՝ հասկացան, որ համաժամանակ երկու միջազգային կառույցներին՝ Արևելյան գործընկերության և ԵԱՏՄ հետ Հայաստանի սերտ համագործակցությունը ոչ միայն չի հակասի ու խանգարի մեկը մյուսին, այլև, ընդհակառակը՝ կնպաստի այդ կառույցների խաղաղ համակեցությանը։ Ավելին, Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ այդ, կարելի է ասել, գրեթե հակամարտ կառույցների միջև։ Մանավանդ, արդի այնպիսի բարդ քաղաքական իրավիճակում, երբ հետզհետե ավելի ու ավելի են սրվում Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունները, իսկ փոխադարձ պատժամիջոցները երկուստեք մղում են դեպի անկանխատեսելի առճակատման։

Առավել ևս, որ՝ ինչպես հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողովից հետո՝ մամլո ասուլիսում, Արևելյան գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և ոչ էլ մրցակցություն է Ռուսաստանի և Եվրամիության միջև, այլ իրական գործընկերություն ինքնիշխան երկրների միջև։

Առավել ևս, որ ԵԱՏՄ առաջնային դերակատարը՝ Ռուսաստանը, ի տարբերություն 2013-ի, կարծես թե ներկայումս հարգանքով է վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի շրջանակային համագործակցությանը։  Թե ինչքան կտևի Կրեմլի այդ վերադիրքորոշումը, դժվար է ասել։ Թեկուզ ակնհայտ է, որ Մոսկվայում ևս բարենպաստ հեռանկար չեն տեսնում, այսպես ասած, ՙպատժամիջոցների փոխհրաձգության՚ մեջ և, կարելի է ենթադրել, հակված են Հայաստանի երկակի գործակցությունը ևս, ի շարս այլ ուղիների, դիտարկել իբրև շահեկան կապուղի Արևմուտքի հետ փոխհարաբերությունների հետագա մեղմացման խնդրում։ Համենայն դեպս, ի տարբերություն իշխանությունների, Ռուսաստանի փորձագիտական շրջանակների արձագանքներն այս օրերին, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չեն։

ԵՄ ղեկավարներն այսօր իրենք են բացահայտ հայտարարում, որ Հայաստանը միակն է ԵԱՏՄ անդամներից, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Այսինքն, կարելի է հասկանալ, միակն է, հետևապես՝ առաջինը, սակայն ոչ վերջինը։ Այսինքն՝ Հայաստանն այսպիսով կարող է ճանապարհ բացել նաև ԵԱՏՄ անդամ եվրոպական տարածքի մյուս երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի համար։

 Արևելյան գործընկերության գագաթանաժողովին, ինչպես հայտնի է, մասնակցում էր և ելույթով հանդես է եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչպես սպասվում էր, իր ելույթում նա դարձյալ հոխորտաբանում էր Հայաստանի հասցեին՝ մեղադրելով զավթողական և էթնիկ զտման քաղաքականության մեջ, հիվանդ զառանցանքի պտուղ այլ մեղքերում։ (Փակագծերի մեջ նշենք, որ գագաթնաժողովի ողջ ընթացքում Բելգիայի մայրաքաղաքում համաժամանակ տեղի էր ունենում ադրբեջանցիների բողոքի ցույց՝ ընդդեմ Հայասստանի։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարների թիվը հասնում էր 250-ի, եթե այդքան էր իրոք։ Նկատի առնելով, որ Բելգիայում հիմնականում հաստատված են Ադրբեջանի իշխանությունների հալածանքներից մազապուրծ քաղաքացիները, ուստի կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը եթե ոչ իր նախագահական ինքնաթիռով, ապա այլ օդային թռիչքներով Բաքվից հատուկ Բրյուսել է բերել առնվազն այդքան թվով ճչան ցուցարարների՝ Եվրոպայի սրտում հակահայկական կարգախոսեր գոռգոռալու համար, ընդ որում՝ ճշտիվ նույն մոտիվներով, ինչպիսիք Ադրբեջանի նախագահի ելույթի ՙմեղադրանքներն՚ էին)։

Բնականաբար, գագաթնաժողովում հնչած հերյուրանքներին հակադարձվել է նաև ՀՀ նախագահի պատասխանը։ Հայտարարելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն առանց Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է, նա մասնավորապես անդրադարձել է նաև 90-ականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կապակցությամբ Ալիևի ներկայացրած պահանջներին. «Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ՚:

Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը լիովին ընկալեց ՙայժմեական չէ՚ արտահայտության ենթատեքստը, որ եթե վերծանելու լինենք, ապա կնշանակի մեկ բան միայն՝ ՙգլուխ մի տար քո մուղամով՚։ Երևի թե՝ ոչ։ Քանզի տուն դառնալուց  և կամ մեկ այլ արտերկրյա այցի գնալուց՝ նա դարձյալ, խաշնարած նախնյաց հանգով,  իր քոչն է քշելու՝ քթի տակ դնդնալով միևնույն միալար մուղամը։ Բայց դա մեր խնդիրը չէ։ Ի վերջո, ամեն ժողովուրդ ինքն է ընտրում և, անշուշտ, իր իսկ ընտրած նախագահին է արժանի։

Միքայել Հաջյան