Հին տարվա մայրամուտ՝ խաղաղ արեւածագի հույսով ու ակնկալիքով
29.12.2017թ. 14:12:38

Եւս մի քանի օր՝ եւ մայրամուտ ապրող հին տարին՝ ժամանակի հոլովույթի հրամայականով կավարտի իր առաքելությունը։ Արդյո՞ք 2017 թվականը կարողացավ փոքրիշատե արդարացնել ստեղծագործ արարման հիմքերի հիմք հանդիսացող խաղաղ արեւածագի նրա ակնկալիքները։ Այլ ժողովուրդների համար՝ իրենց հայրենիքներում, մեզ համար՝ այստեղ, հայրենի երկիր Հայաստան-Արցախում։

Ավաղ… Ինչպես նախորդ տարիներին էր, անցնող տարում նույնպես, կարելի է ասել, չնչին էին դրական տեղաշարժերը։ Աշխարհի հզորները, ում ձեռքերում են երկրագնդի կառավարման սանձերը, բացի մեկ՝ սեփական ընչաքաղցության զսպիչ սանձից, առաջնորդվում էին՝ այդպես էլ ոչ մի կերպ չնորացվող հին աշխարհի տխրահռչակ ՙբաժանիր, որ տիրես՚ սկզբունքով՝ արդարամտության եւ արդարադատության հերն անիծելով, տիրական արհամարհանքով անտեսելով ժողովուրդների ապահով, լուսավոր ապագայի հույսերն ու ակնկալիքները։ Այնպիսի հասկացություններ, ինչպիսք են ազգերի ու ժողովուրդների բազմադարյա պատմությունը, պատմական բնօրրանը, պատմական արդարությունը, դարձյալ շարունակում էին դիտարկվել ոչ այլ կերպ, քան ժամկետանց, մերօրյա օգտագործման համար ոչ պիտանի, հետևապես՝ իրավաքաղաքական հաշվեկշռից դուրսգրման ենթակա հնոտիներ։

Այլապես, պետք է որ՝ տակավին շուրջ երեք տասնամյակ առաջ աշխարհը միանշանակ ընդունած ու ճանաչած լիներ արցախահայության արդարացի կամքն ու ձգտումը՝ թոթափելու պարտադրված ադրբեջանական լուծն ու վերամիավորվելու Մայր հայրենիք Հայաստանի հետ։ Արդարադատ գնահատեր, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ոչ միայն ու ոչ այնքան տարածքային զավթման նկրտում է, որքան հայ ժողովրդի այդ հատվածի բնաջնջման ու բռնատեղահանման խնդրի է հետամուտ առավելապես՝ ի շարունակումն Օսմանյան Թուրքիայում տասնամյակներ առաջ կյանքի կոչված ցեղասպան քաղաքականության։ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադ-Գանձակի, Շամախու, Շաքիի, Շամխորի, Ադրբեջանի մյուս հայահոծ կամ հայաբնակ քաղաքների ու գյուղերի փողոցներով վարար հոսող հայկական արյունը երեւի թե բավարար իրավական հիմք չէր աշխարհի գերտերությունների եւ միջազգային, այսպես կոչված, հեղինակավոր կառույցների համար, որպեսզի գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, թեկուզ եւ բնազդորեն ընկալեին, թե իրականում՝ ինչ հակամարդկային քաղաքականություն են իրականացնում այդ հանրապետության հին ու նոր՝ Բաղիրով-Մութալիբով-Էլչիբեյ-Ալիևներ շղթայի բռնապետերը, գնահատեին այն որպես միջազգայնորեն պատժելի ցեղասպանության ակտ եւ փորձեին ուժի պարտադրանքով կասեցնել 20-րդ դարավերջի այդ նախճիրը։ Չընկալեցին, չգնահատեցին, չկասեցրին՝ բավարարվելով սոսկ հերթապահ ափսոսանքի ոչինչ չպարտավորեցնող, առավել եւս՝ չպարտադրող արհահայտություններով, այդպիսով իսկ դրդելով նրան սանձարձակ պահվածքի նոր դրսեւորման՝ լայնածավալ պատերազմի անկախ, ինքնիշխան պետականություն հռչակած Արցախի դեմ։ Եվ եթե նախորդ երկու-երեք տարում այդ հայաջինջ քաղաքականությունն Ադրբեջանի իշխանություններն իրագործում էին հիմնականում գազանաբարո խառնամբոխի ձեռքով, ապա նորանկախ պետականության պայմաններում՝ 1991-94 թվականներին այն հասցրել էին որակական մի նոր աստիճանի՝ բացահայտ կերպով, պետականորեն իրականացնելով կանոնավոր ազգային բանակի եւ, ի լրումն, խաբեությամբ որպես ջիհադի՝ ՙսրբազան պատերազմի՚ Ադրբեջան ներբերված վարձկան ուժերի՝ աֆղանական մոջահեդներից եւ չեչեն գրոհայիններից կազմավորված ստվար զորամիավորումների միջոցով։ Առավել եւս, ի տարբերություն Արցախի ինքնապաշտպանության կամավորական ուժերի՝ ադրբեջանական բանակային կազմավորումները, բացի կենդանի ուժի հսկայական թվաքանակից, անհամեմատ գերակշռում էին նաև սպառազինությամբ, որ ձեռք էր բերվել խորհրդային շրջանում այդ միութենական հանրապետության տարածքում տեղակայված, ըստ էության՝ Այսրկովկասում խոշորագույնը հանդիսացող, զենք ու զինամթերքով լեցուն զինապահեստներից։ Բայց սպառազինության այդ խորհրդային վիթխարի պահոցներում հաղթական մարտերի մղման համար պակասում էր մեկ կարևորագույն տարր, ինչի բացակայությունն ադրբեջանական զինուժն օդ ու ջրի պես անընդհատ զգում էր այդ չհայտարարված պատերազմի տարիներին, ինչպես որ ներկայումս է։ Հանուն հայրենյաց մարտական ոգու պակասն էր դա, ինչը նյութական չէ ամենեւին եւ ինչն ավելի զորեղ է, քան զենք ու զինամթերքի ողջ հումքը՝ պողպատն ու արճիճը։ Այն մարտական ոգին, որով պռնկեպռունկ լեցուն էին Արցախից, Հայաստանից ու Սփյուռքի գաղթօջախներից հող հայրենիի պաշտպանությանը ելած կամավորականների սրտերը։ Ու հենց հայ քաջարիների մարտական ոգին էր, որ վճռեց անհավասար պատերազմի ելքը. բազմահազար ադրբեջանական բանակը, խայտառակաբար ջարդվելով ու խուճապի մատնվելով, ստիպված էր անդարձ լքել ոչ միայն նախկին ինքնավար մարզի տարածքը, այլեւ հարակից յոթ շրջան։

Հաշվի առնելով պարտության մատնված ադրբեջանական զինուժի խուճապահար փախուստը՝ չէր բացառվում, որ պատերազմի ընթացքում կազմավորված ու կայացած Արցախի Պամշտպանության բանակը մի քանի օրվա ընթացքում դուրս գար ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք, ազատագրեր եւս յոթ ու գուցե տասնյոթ եւ ավելի շրջան, այդ թվում, առանձնապես, Հյուսիսային Արցախի ամբողջ տարածքը՝ Շահումյան, Շամխոր, Գետաբակ, Քարհատ, Գանձակ, Թարթառ եւ մյուս լեռնային ու հարթավայրային քաղաքներով եւ գյուղական բնակավայրերով հանդերձ։ Բայց հենց այդ վճռական պահին էր, որ, կարծես թե լեթարգիական քնից ելած, մեկեն իրար խառնվեցին Վաշինգտոն ու Մոսկվա, Փարիզ ու Բեռլին, Անկարա ու Թեհրան, եվրոպական եւ ասիական մի շարք այլ մայրաքաղաքներ՝ հաշտարար միջնորդի քղամիդներ հագած իրենց էմիսարներին հապճեպ ուղարկելով մերթ Երևան եւ Ստեփանակերտ, մերթ՝ Բաքու։ Խնդիրը, ըստ իս, ոչ այնքան արյունահեղության դադարեցման եւ կայուն, երկարատեւ խաղաղության հաստատման առաջնահերթ հրամայականն էր, ոչ այնքան հարավկովկասյան տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների ձեւավորման ու հոգածու, խնամատար պահպանման անհրաժեշտությունը, որքան որ սեփական ազդեցության գոտու հաստատման եւ ամրապնդման ձգտումը՝ ի նպաստ այդ տերություններից յուրաքանչյուրի առկա եւ հեռակա ռազմավարական շահերի։ Բազմակողմ միջնորդության գետնի վրա առաջացած միջպետական շահերի այդ բախումը, ինչպես հայտնի է, ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Եվ հենց ռուսական կողմի հորդորով ու պահանջով է, որ արցախյան ուժերը դադարեցրին ռազմական արշավը դեպի Ադրբեջանի խորքեր, եւ Մոսկվայի պարտադրանքով էր, որ 1994 թվականի մայիսին կնքվեց եռակողմ անժամկետ զինադադար Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։

Զինադադարը, որն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին, թեև խախտումներով ու երկուստեք մարդկային կորուստներով, պահպանվում էր մինչեւ 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերը, երբ Բաքուն այդ օրը սանձազերծեց հերթական լայնածավալ պատերազմն Արցախի դեմ։ Նոր պատերազմն առավելապես բնութագրվում է որպես Ապրիլյան քառօրյա, թեկուզ որոշակի ընդհատումներով՝ ադրբեջանական զինուժի հրթիռահրետանային եւ հրաձգային այլ տրամաչափերի զինատեսակներից գնդակոծությունների տեսքով. այն շարունակվել է ամբողջ ամսվա ընթացքում՝ ընդհուպ մինչեւ մայիսի կեսերը։ Սակայն, ինչպես 90-ականների սկզբին էր՝ առաջին պատերազմի տարիներին, այս անգամ եւս առավել քան հզոր ու հատու էր արցախյան ուժերի հակահարվածը շփման գծի ողջ երկայնքով մեկ ուխտադրուժ հարձակման անցած հակառակորդին, եւ Բաքուն վերստին ստիպված էր դիմել Մոսկվայի ազդու միջնորդությանը՝ խնդրելով հորդորել հայկական կողմին դադարեցնելու հակահարձակումը։ Ըստ երևույթին՝ Բաքվի համար այս անգամ եւս ակնհայտ էր խայտառակ պարտության եւ նոր տարածքների կորստյան վտանգը։

Թե ինչումն էր կայանում Բաքվի իշխանությունների այդ նոր արկածախնդրության դրդիչ գաղափարը, կարծում եմ, դժվար չէ կռահել։ Ըստ իս, այն պայմանավորված էր կարգավորման բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի՝ որպես պատերազմում պարտված կողմի, կարգավիճակը թեկուզ եւ տեղայնական, այսպես ասած, ՙփոքր տրամաչափի՚ պատերազմի միջոցով գոնե ինչ-որ չափով շտկելու եւ նախագահ Իլհամ Ալիեւին նույնպես հաղթողի դափնի տրամադրելու բեմական անհրաժեշտությամբ՝ հավասարը հավասարի հետ բանակցելու սկզբունքով։ Այդ սկզբունքը, ինչպես հիշում եք, քանիցս է արձանագրվել միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, նրանց լիազոր դեսպանների՝ համանախագահների, ինչպես նաեւ միջազգային տարբեր ատյանների հայտարարություններում՝ կարգավորման գործընթացը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան նույն պատերազմից հաղթանակով ելած հակառակորդների բանակցություն, ինչը, անշուշտ, անտրամաբանական, ավելին՝ հակատրամաբանական է։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահն առ այսօր տարփողում է 1994 թվականի մայիսյան հրադադարից հետո անցած ժամանակաշրջանում առաջին անգամ՝ Ապրիլյան պատերազմում իբր թե տարած ՙպատմական հաղթանակի՚ գործոնը։ Որպես այդպիսին՝ նա մատնացույց է անում ապրիլի 5-ի կեսօրին կնքված զինադադարի արդյունքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ մնացած արցախյան մի քանի դիրքերը շփման գծի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածներում ու մինչ այդ հարավ-արեւելյան հատվածի չեզոք գոտում գտնված եւ դարձյալ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջոջուխ Մարջանլի լքյալ, անմարդաբնակ գյուղի տարածքը։ Ահա ընդամենն այդ էր Ադրբեջանի հավակնոտ ու պոռոտախոս նախագահի հռչակած ՙպատմական հաղթանակը՚։ Բայց քանի որ, ինչպես ժողովրդական առածն է ասում, ՙախորժակն ուտելուց է բացվում՚, Բաքուն, օգտվելով կարճաժամկետ տեղայնական պատերազմ վարելու վերաբերյալ իր հովանավորների թողտվությունից, հույսեր էր փայփայում ոչ միայն վերահսկողություն հաստատել ամբողջ Արցախում, այլեւ կյանքի կոչել թուրք-ազերական վաղեմի երազանքը՝ հանկարծակի ու շեշտակի հարձակմամբ Հայաստանից կտրել ու կորզել Ջերմուկից մինչեւ Մեղրի ձգվող տարածքները, այսպիսով իսկ Նախիջևանն ընդարձակ միջանցքով միացնել բուն Ադրբեջանին, հետեւապես եւ, նույն այդ տարածքով, ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ. ի՞նչ պակաս ՙՄեծ Թուրանի՚ ծրագիր է։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, արցախյան զինուժն ընդամենը երկու-երեք օրվա թեժ մարտերի ընթացքում կարողացավ իր շարքային զինվորների ու սպաների, ի զեն ելած կամավորականների խիզախ, հերոսական ջանքերով իսկը ժամանակին դառը քացախ լցնել ու փակել, ավելին՝ հարամել Բաքվի չափից դուրս բացված ապրիլյան ախորժակը։

Եվ, ահավասիկ, շուրջ քսան ամիս է անցել Ապրիլյան պատերազմից։ Այդ ընթացքում, դարձյալ ժամանակի հոլովույթի հրամայականով, մայրամուտ է ապրել Ապրիլյան պատերազմի տարին, մոտենում է նաեւ 2017-ի հավարտ ժամը և ահա ուր որ է կգա, տեղ կհասնի մեր նորոգ հույսերի եւ ակնկալիքների ապավենը՝ 2018 թվականը։ Այդ երկու տասնյակ ամիսների ընթացքում, արդյո՞ք փոքր ի շատե փոխվել, բարելավվել է իրավիճակն Արցախի արեւելյան սահմանագծերում։ Հազիվ թե։ Քանզի՝ ինչպես ամբողջ տարվա մեջ էր, տարեվերջի այս օրերին ևս չեն լռում ադրբեջանական զինուժի կրակոցները՝ վտանգելով պատանի հայ դիրքապահների կյանքը։ Ուստի, հետադարձ հայացք նետելով նորագույն պատմության ոչ հեռավոր խորքին, ակամա հանգում եմ այն մտքին, որ եթե խորհրդային զորքերը 1945-ի մայիսին չմտնեին Բեռլին ու սեփական որջում չջնջխեին ֆաշիստական հիդրայի գլուխը, ապա, ամենայն հավանականությամբ, երևի թե Երկրորդ աշխարհամարտը տակավին շարունակվեր, ընդհուպ՝ առ այսօր։ Երևի թե մոռացել ենք կամ, ավելի ճիշտ, մեզ, ցավոք, ստիպել ու ստիպում են մոռանալ խաղաղ արևածագերի կերտման պատմականորեն ուսանելի այդ դասը։

            Միքայել Հաջյան