Հերթական բանակցային տեղապտու՞յտ Ժնևում, թե՞ հանդիպում հանուն հանդիպման
03.11.2017թ. 11:45:05

Այսպես կամ գրեթե այսպես են գնահատում քաղաքական վերլուծաբաններից շատերը հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ժնևում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Ըստ նրանց՝ թերահավատություն է հարուցում առանձնապես Ադրբեջանի իշխանությունների ծայրաստիճան անպատասխանատու պահվածքը բանակցային գործընթացի տարբեր փուլերում, երբ ամեն անգամ Բաքուն միջազգային հանրության համար անսպասելի հրաժարվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակներով հանդիպումների ժամանակ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններից՝ շատ հաճախ անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով և կամ առանց դրանց խուսափելով իրականացնել իր խոստումները, անգամ՝ կրակի դադարեցման և անժամկետ հրադադարի հաստատման վերաբերյալ 1994-1995թթ. իր իսկ ստորագրած համաձայնագրերը։ Այլ կերպ ասած, փորձագիտական շրջանակները՝ ի դեմս պաշտոնական Բաքվի տեսնում են, այսպես ասած, անողնաշար բանակցող կողմի, ում խոսքն ու գործը, երբեք չհամապատասխանելով միմյանց, կարգավորման ողջամիտ զարգացումների նկատմամբ անվստահության հիմք են ծառայում։

Միևնույն ժամանակ, ժնևյան գագաթնաժողովի կապակցությամբ այդ թերահավատ վերաբերմունքին հակադարձ համեմատական են միջազգային կառույցների տեսակետները։

Որպես այդպիսին, նախ և առաջ հանրությանը մատուցվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հանդիպման արդյունքներով ընդունած համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման համար ու հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածության նվազեցման նպատակով։

Ժնևյան հանդիպումը գոհունակություն է առաջ բերել նաև ԵԱՀԿ նախագահությունում, որի մամլո խոսնակի հայտարարության մեջ ընդգծվում է բանակցային գործընթացի ակտիվացման ազդակների առկայությունը և, ի լրումն, կրկնվում հավելյալ քայլերի հանձնառության իրողությունը։ Դժվար չէ կռահել, որ հավելյալ քայլերի պարագայում խոսքը վերաբերում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ու միջազգային դիտորդների քանակի ավելացման խնդրին, ինչն Ադրբեջանը, առերես համաձայնություն տալով հանդերձ, գործնականում համառորեն խուսափում է իրականացնել։

Բայց ահա, արդյո՞ք Ժնևում խոսք եղել է բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման, այն է՝ գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի ներգրավման մասին։ Մանավանդ, ԵԱՀԿ առաքելության համար պարզից էլ պարզ է, որ համապարփակ կարգավորման հասնելու համար առավել քան հրատապ է բանակցությունների սեղանի շուրջ պաշտոնական Ստեփանակերտի ներկայությունը, քանզի առանց այդ ողջամիտ և իրատեսական ձևաչափի հազիվ թե հնարավոր լինի հասնել խնդրի վերջնական լուծման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման։ Այդ մասին, ինչպես հիշում եք, քանիցս հայտարարել են նաև իրենք՝ Մինսկի խմբի համանախագահները։ Կարելի է ենթադրել, որ եթե անգամ խոսքն այդ եղել է, ապա դարձյալ մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այնպես որ, նոր ազդակների վերաբերյալ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության արտահայտած լավատեսությունը, կարելի է վստահաբար ասել, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մետաղադրամի դատարկ զրնգոց։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հնարավոր հանդիպման մասին, ինչպես հիշում եք, հայտնի է դարձել տակավին հուլիսի 11-ին՝ Բրյուսելում երկու երկրների ԱԳ նախարարների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անցկացրած խորհրդատվություններից հետո։ Ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո բարձր մակարդակով բանակցությունների անցկացման բուն հնարավորությունը, որ ուրվագծվեց Եվրամիության մայրաքաղաքում, այդ պահին դեռևս հարցականի տակ էր, հաշվի առնելով, որ դրանից մեկ շաբաթ առաջ նոր ռազմական սրացում էր արձանագրվել հակամարտ զորքերի շփման գծում։  Բանն այն է, որ հուլիսի 4-ին սովորականի պես հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ տարբեր տրամաչափի ականանետերից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինուժը երեկոյան ժամերին շփման գծի հարավային ուղղությամբ, ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ, կիրառել էր նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Նույնը շարունակվել է նաև հաջորդ օրը։ Ինչ խոսք, դա ադրբեջանական կողմից՝ իրավիճակը սրելու առաջին փորձը չէր։ Նման դեպքեր էին արձանագրվել նաև մինչ այդ՝ փետրվարին, ապրիլին, հունիսին, և ահա նաև՝ հուլիսին։ Ի դեպ, նույնը կրկնվել է նաև Ժնևի գագաթնաժողովի նախօրյակին՝ հոկտեմբերի 10-ին։ Եվ, ահավասիկ, ամենաթարմ, ավաղ, անչափ ցավալի ևս մեկ իրողություն. Ժնևյան հանդիպումից հազիվ երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի նախագահը դեռ նոր-նոր վերադարձել էր գագաթնաժողովից, շփման գծում ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Տիգրան Խաչատրյանը:

Առհասարակ, փորձագետների դիտարկմամբ, տարիներ ի վեր ադրբեջանական կողմից կատարվող այդ խախտումները ժամանակի առումով սովորաբար համընկնում են բանակցությունների հերթագայությանը և, որպես կանոն, տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, երկու պետությունների ղեկավարների հանդիպումների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցերի հերթական շրջափուլի կամ նախաշեմին և կամ դրանց ավարտից անմիջապես հետո։

Անշուշտ, դժվար չէ հասկանալ, որ այդ ամենը Բաքվին պետք է, նախ՝ Արցախի նկատմամբ իր տարածքային նկրտումները հայկական կողմին ուժի կիրառման սպառնալիքով պարտադրելու,  ապա՝  սեփական հանրությանը պատերազմի ահ ու սարսափի մեջ պահելու և, այդպիսով, իսկ երկրում տիրող սոցիալական աղքատությունը մոռացնել տալու և, վերջապես, բանակցային գործընթացում Ադրբեջանի շահերի հնարավոր անտեսման պարագայում, նոր լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման անխուսափելիությամբ միջազգային հանրությանը ահաբեկելու համար։ Անկասկած, այս է այն հիմնական ռազմաքաղաքական անկյունաքարը, որի հիմքով Ադրբեջանը շարունակում է քամահրանքով վերաբերվել ձեռք բերված բանավոր, թե գրավոր պայմանավորվածություններին, միջազգային համաձայնագրերով իր իսկ ստանձնած պարտավորություններին։

Մյուս կողմից՝ ակնհայտ են ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման հարցում բանակցող կողմերի տրամագծորեն հակառակ դիրքորոշումները։ Հայկական կողմը, իրավական հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ազգային ինքնորոշման իրավունքի մասին դրույթը,  այն արդարացի համոզմանն է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը, օժտված լինելով պատմական բնօրրանում իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքով, իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային համընդունելի իրավական նորմերը և այդ ժամանակ գործող խորհրդային Սահմանադրության պահանջները։ Հետևապես, Արցախն այս կամ այն իրավական կարգավիճակով երբևէ չի կարող ներգրավվել Ադրբեջանի կազմում։ Այս համատեքստում անառարկելի է հնչում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նա հնչեցրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի սեպտեմբերի 19-ի նիստում. «Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»: Հատկանշական է և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ նա կատարել է վերջերս՝ հոկտեմբերի 16-ին իր նստավայրում հրավիրված խորհրդակցությունում. «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները»:

Իր հերթին՝ Բաքուն, վկայակոչելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներից մեկը պետությունների տարածքային ամբողջականության մասին, պնդում է, թե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է և պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Ընդ որում, Բաքուն անտեսում է, որ նույն այդ ակտով, ի թիվս այդ և այլ սկզբունքների, սահմանված է նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Ավելին, 193 անդամ-պետություն ունեցող ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված իրավական դրույթը, որը հրամայական է երկրագնդի բոլոր ժողովուրդների ու պետությունների համար, Բաքուն չի տարբերակում միջազգային համաժողովի՝ ընդամենը 35 պետության ղեկավարների ստորագրությամբ ընդունված որոշման բաղկացուցիչ  սկզբունքից, որը հրամայականի իր կշռույթով անհամեմատ ստորադաս է և որպես այդպիսին միջազգային իրավական նորմ հանդիսանալ չի կարող։

Բաքուն մոռանում, ավելի ճիշտ՝ անտեսում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ պատմական Հայաստանի Արցախ նահանգը, երբեք մաս չի կազմել ոչ պատմական Ադրբեջանին, եթե երբևէ այդպիսին գոյություն է ունեցել հարավ-կովկասյան տարածաշրջանում, ոչ էլ անկախ Ադրբեջանի Հանրապետությանը՝ լինի դա 20-րդ դարասկզբին, թե դարավերջին։ Եվ եթե որպես այդպիսին նկատի է առնվում սոսկ խորհրդային ժամանակաշրջանը, ապա Բաքվում, անկասկած, քաջատեղյակ են, թե քաղաքական ինչ հաշվարկների ու մեքենայությունների արդյունքում է, հակառակ երկրամասի  բնիկ հայ բնակչության կամքի, տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի բռնակցումը նորաստեղծ ԱդրԽՍՀ-ին՝ ինքնավար մարզի կարգավիճակով նրա հետագա իրավական վերաձևակերպմամբ։

Պնդելով, որ իրեն է պատկանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Բաքուն անուշադրության է մատնում և կամ անտեղյակ է ձևանում, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, համաձայն 1991թ. օգոստոսի 30-ի պետական անկախության մասին հռչակագրի և հոկտեմբերի 18-ի պետական անկախության մասին սահմանադրական ակտի, կամովին հրաժարվել է ԱդրԽՍՀ իրավահաջորդի կարգավիճակից, ուստի և հակաիրավական է մարզը լուծարելու մասին 1992թ. հունվարի 7-ին ընդունված օրենքը։ Եվ այսօր ահա մեր հարևաններն ընկած են հիմար ու անելանելի կացության մեջ՝ պահանջելով տարածքը մի մարզի, որն իր իսկ և կամ որևէ այլ երկրի ոչ մի իրավական փաստաթղթում որպես այդպիսին, այսինքն՝ որպես մարզային կարգավիճակի վարչական տարածք, դե-յուրե և անգամ դե-ֆակտո այլևս գոյություն չունի։ Առավել ևս, որ այդ նախկին, կրկնում եմ՝ այլևս գոյություն չունեցող մարզի բնիկ ժողովուրդը՝ Արցախի հայությունը, դեռևս 26 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, իր պատմական բնօրրանը հռչակել և առ այսօր աչքի լույսի պես պահում, պահպանում է որպես անկախ, ինքնիշխան պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն այսօր, վերականգնած լինելով նախնյաց ավանդած Արցախ անունը, աշխարհին ներկայանում է իբրև Արցախի Հանրապետություն։

Բայց վերադառնանք խնդրո առարկա իրադարձությանը՝ Ժնևի գագաթնաժողովին։ Արդյո՞ք այդ բանակցությունների արդյունքներն իրոք պարունակում են այն ազդակները, որոնց կենսունակության վերաբերյալ այդքան խանդավառությամբ է արտահայտվել ԵԱՀԿ-ում Ավստրայի նախագահությունը։ Կարծում եմ՝ հազիվ թե։ Արդյո՞ք Ադրբեջանի նախագահին հասկացվեց, որ այլևս չի կարելի այսպես։ Կարծում եմ՝ ոչ։ Եթե անգամ հասկացրել են, ընդ որում՝ այս էլ որերորդ անգամ, ապա դարձյալ անտեսել են կյանքի իրողություններից բխող մեկ հաստատուն ճշմարտություն, այն է՝ գայլի գլխին ավետարան կարդալով չէ, որ պետք է փակես գիշատիչ գազանի անհագուրդ ախորժակը։

Միքայել Հաջյան