Հարցեր ԼՂՀ կառավարության ներկայացուցիչներին
21.04.2017թ. 17:39:09

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 20-ին գումարված հերթական լիագումար նիստում «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդես եկան մի շարք հարցադրումներով:

Վահրամ Բալայանին մտահոգում է այն փաստը, որ  հողի սեփականաշնորհումից հետո ԼՂՀ-ում ծնված քաղաքացիները սեփական հող չունեն: Պատգամավորի բարձրաձայնած հաջորդ հարցը վերաբերում էր ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողներին ուսման վարձավճարի հետ կապված որոշակի արտոնություններ տալուն:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցերին, նշել է, որ գյուղամերձ սեփանակաշնորհված հողերի 30%-ը չի մշակվում: «Իրականում հող մշակողի կարիք ունենք: Եթե գյուղացին ուզում է հող մշակել կարող է վարձակալել»,- ավելացրել է Արցախի հանրապետության վարչապետը:

 Իսկ ուսանողների վարձավճարի հետ կապված հարցը շրջանառության մեջ է, լուծումը ժամանակի հարց է:

Դավիթ Իշխանյանի հարցը վերաբերում էր գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին: Պատգամավորին հետաքրքում էր, թե ե՞րբ պատրաստ կլինի հայեցակարգը որպես փաստաթուղթ, քանի որ այն հիմնական ռազմավարական  ուղեցույց պետք է լինի:

Պատասխանելով հարցին, վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հայեցակարգը դեկտեմբերից պատրաստ է, բայց ընդունելու առումով մի քիչ երկարացվել է ժամանակը՝ լրացուցիչ ուսումնասիրելու համար, մանավանդ գյուղամերձ տարածքների, գարնանացան մշակաբույսերի և անասնապահության հետ կապված որոշ դետալներ կան, որոնք պետք է հաշվի առնվեն:

Պատգամավոր Ռիտա Մնացականյանին հուզող հարցերից մեկն այն էր, որ գյուղաբնակ հաշմանդամները, վիրավորները իրենց հասանելիք դեղորայքը ստանալու համար ամեն անգամ ստիպված են հասնել շրջկենտրոն: «Այն դեպքում, երբ կոնկրետ Ասկերանի շրջանում գյուղերի և շրջկենտրոնի միջև տրանսպորտային կապ գոյություն չունի»,- հավելեց Ռիտա Մնացականյանը և առաջարկեց կամ գյուղերի բուժկետների ու գյուղապետարանների կամ էլ Ստեփանակերտի ինչ-որ ենթակետի միջոցով դեղորայքը փոխանցել:

Առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշեց, որ հնարավոր է դեղամիջոցները գյուղեր հասցնել, բայց նման դեպքում հնարավոր չի լինելու հիվանդի վիճակի վերաբերյալ դինամիկ հսկողություն սահմանել: