Հասարակական դիվանագիտությունը ի սատար պետականի
06.07.2017թ. 14:57:01

Վերջերս Երևանում էր մոսկվաբնակ հասարակական-քաղաքական  գործիչ, քաղաքագետ, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:  Նրա հետ մենք  զրուցեցինք իր գործունեությանը և հասարակական դիվանագիտությանը առնչվող  թեմաների շուրջ:

– Պարոն Նավոյան, Դուք նախկինում ղեկավարում էիք Մոսկվայի Հայ Դատի գրասենյակը, իսկ այժմ` ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:

– Այո, բավական երկար ժամանակ ղեկավարել եմ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակը, այն դարձնելով կարևոր գործոն հայ համայնքի կյանքում և հայ-ռուսական հարաբերություններում: Այդ ընթացքում նաև ըստ էության պատմական խնդիր է լուծվել Հ.Յ.Դ. համար: Նկատի ունեմ Ռուսաստանի հետ Հ.Յ.Դ. քաղաքական երկխոսության հաստատումը, ռուսաստանյան գործընկեր քաղաքական ուժի ապահովումը և նրա հետ 2007 թ. միջկուսակցական համագործակցության կնքումը, որն, ի դեպ, ընդհանրապես առաջինն էր Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանական ուժերի միջև: Նույնքան կարևոր եմ համարում  նաև գրասենյակի նախաձեռնած և իրականացրած ծրագրերի շնորհիվ ռուսաստանյան քաղաքագիտական դաշտում և հայ համայնքում Հ.Յ.Դ. դրական վարկի ապահովումը:

Բնականաբար, գործունեությունս չի սահմանափակվել կուսակցությանն առնչվող թեմաներով, գրասենյակի օրակարգը ձևավորել եմ չորս հիմնական փաթեթների հիման վրա` Հայաստանի պետականության և անվտանգության ամրապնդման խնդիրներ, Արցախի հարց, Ցեղասպանության թեմա և հայ համայնքի ներուժի համախմբում: Այս խնդիրները մեր պետական առաջնահերթություններն են և Հայ Դատի գաղափարական ու հայեցակարգային հիմքերը և ցանկացած կազմավորում դրանք սպասարկող միջոց պետք է լինի:

Հայաստանի և Արցախի բարեկամների շրջանակի ընդլայնումը, Ռուսաստանի առաջատար գիտա-վերլուծական հաստատությունների հետ տասնյակ գիտաժողովների կազմակերպումը, ԶԼՄ-ներում հայկական թեմաների ներկայացումը, Հայաստան և Արցախ քաղաքական գործիչների և լրագրողների բազմաթիվ պատվիրակությունների այցերի կազմակերպումը, ինտեգրացիոն գործընթացները համարժեք տեղեկատվական-վերլուծական աշխատանքներով ուղեկցելը,  պատմության կեղծարարության դեմ պայքարելը, հայկական քաղաքական խնդիրների շուրջ մատենաշարի հիմնումը և բազում ուրիշ ծրագրեր այն ոչ բոլոր տեսանելի արդյունքներն են, որոնք արժևորում են այդ տարիների հետևողական աշխատանքը: Ձեռքբերում եմ համարում նաև մեր պահվածքով հայկական կազմակերպությունների միջև համագործակցության նոր մշակույթի հաստատումը և հայկական ներուժը բովանդակային խնդիրների շուրջ համախմբումը: Բերեմ միայն երկու օրինակ. Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի հիմնումը և Ցեղասպանության 100–րդ տարելիցի Համառուսաստանյան հանձնաժողովի աշխատանքների համակարգումը:

Սակայն նախորդ տարվա ամռանը ավարտվել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատուի հանգամանքով գործունեությունս, քանի որ ՀՅԴ համապատասխան որոշումներով վերակազմակերպման փուլ ենք անցել. Մոսկվայում քաղաքական-տեղեկատվական ուղղությունից առաջնահերթությունը փոխվել է կազմակերպական-ակումբայինի: Իսկ դա իրականացնում են այդ գործի համար կոչված համապատասխան պատասխանատուները` այլ կազմակերպության հիման վրա:

Համարվել է, որ Հայ Դատի գրասենյակի քաղաքական աշխատանքները շատ առաջ են ընկած, նույնիսկ այնքան, որ այն աշխատում է Հայաստանի և Արցախի պետական օրակարգերով: Սա ինձ ներկայացված և հայտնի պատճառն է: Այդ փոփոխությունից և ըստ էության Հայ Դատի գրասենյակի գործունեության սառեցումից հետո, ինքնաբերաբար դադարեցվել է նաև գրասենյակի պատասխանատուի հանգամանքով աշխատանքս: Ինձ ասվել է, որ համարժեք աշխատանք կառաջարկվի:

Մինչև այս տարվա ապրիլ ամիսը, երբ հիմնվեց ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը, գործունեությունս չի հենվել որևէ կազմակերպութան վրա: Չեմ թաքցնի, որ այդ ընթացքում աշխատանքի առաջարկություններ եմ մի շարք խոշոր ընկերությունների կողմից:

Բայց, մերժելով բոլոր նման առաջարկությունները, ձգտել եմ հետևողականորեն պահել հայկական ազգային-պետական գիծը` փորձելով ձևավորել և ամրապնդել հայաստանյան վեկտորով հասարակական դիվանագիտության ուղղությունը հայ-ռուսական հարաբերություններում:

Ինչպես առաջ, այնպես էլ այժմ ՌԴ-ում գործելու միակ արդյունավետ միջոցը համարում եմ բովանդակային կենսունակ օրակարգի ստեղծումը և դրա իրականացման համար արժանապատիվ հարաբերությունների ձևավորումը:

– Փաստորեն, ԴԻԱԼՈԳ նորաստեղծ կազմակերպությունը զբաղեցնում է հասարակական դիվանագիտության ուղղությունը:  

– Այո: Համարելով, որ կարևոր է ռուսաստանյան հասարակական կյանքում հայաստանյան վեկտորի բովանդակային ներկայությունը, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը ի նպաստ ծրագրերի իրականացումը, նախաձեռնել եմ ԴԻԱԼՈԳ կազմակերպության հիմնումը: Այն վերկուսակցական միավորում է, որը համախմբում է հիմնականում նոր սերնդի հայ քաղաքագետների, իրավաբանների, լրագրողների և գործարարների, ինչպես նաև Հայաստանի բարեկամների: Կազմակերպությունը կոչված է հասարակական դիվանագիտության գծով մասնագիտորեն մշակված ծրագրեր իրականացնել երեք հարթություններում երկխոսության զարգացման համար` հայկական կազմակերպությունների միջև, ազգամիջյան հարաբերություններում և միջպետական հարթությունում: ԴԻԱԼՈԳԸ զուգորդում է քաղաքական վերլուծական աշխատանքն ու պրակտիկ գործունեությունը:

Ю. Навоян и Г. Карасин.jpg

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի անունից փուխնախարար Գ. Կարասինը Յու. Նավոյանին հանձնում է ԱԳՆ “Փոխհամագործակցության համար” մեդալը”

– Իր գործունեությունը  ԴԻԱԼՈԳԸ սկսել է ապրիլի 3–ին: Որևէ նշանակություն ու՞նի օրվա ընտրությունը: Ի՞նչ եք հասցրել անել այս ամիսների ընթացքում:

– Կազմակերպության մեկնարկի համար ապրիլի 3–ը ունի երկու նշանակություն: Նախ, այդ օրը լրացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը: Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները ունեն դարերի հարուստ պատմություն: Բայց մեզ համար նշանակություն ունի այն, որ հենց դիվանագիտական հարաբերությունների հաստատումով Հայաստանի և Ռուսաստանի  փոխհարաբերությունները` իբրև միջազգային իրավունքի սուբյեկտների, դրվեցին իրավահավասարության և փոխադարձ շահերի հենքի վրա: Խորհրդանշական երկրորդ իմաստն այն է, որ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ապրիլի 3–ին Հայաստանը մտավ քաղաքական զարգացման նոր փուլ:

Այս ամիսների ընթացքում դրվել են մի շարք ուղղություններով գործունեության և գործընկերության հիմքերը: Նախ, մեր կազմակերպության շնորհանդեսը տեղի ունեցավ կլոր սեղանի տեսքով, որը կոչվում էր «Հայաստան և Ռուսաստան. երկխոսության և զարգացման 25 տարիներ»: Դրան մասնակցեցին ՌԴ Պետական Դումայի «Եդինայա Ռոսսիյա», «Սպրավեդլիվոյա Ռոսսիյա» և ԼԴՊՌ խմբակցությունների ներկայացուցիչները, Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով կոմիտեի, Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի, մի շարք առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները, ովքեր հաստատեցին մեզ հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

Ապա ապրիլին «Հիշում եմ և պահանջում խորագրով» երկու ձեռնարկ իրականացրեցինք գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք ուղղված էին քաղաքական և հասարակական լայն լսարանների:

Այսպես, Մոսկվայի հակական երիտասարդական ընկերակցության և «Հայաստանի գաղտնիքները» երաժշտական ծրագրի հետ համատեղ Գրողների տանը կազմակերպեցինք Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման երեկոն` ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների մասնակցությամբ: Մենք կարևորում ենք այս ձևաչափով ձեռնարկը, քանի որ այն մեր ուղերձը հայտնելու հնարավորություն է, ինչպես նաև հարթակ, ուր Ռուսաստանի քաղաքական ուժերն են դրսևորում իրենց մոտեցումը: Իսկ մեր ուղերձը հստակ է. Ցեղասպանության լավագույն պատասխանը Հայոց պետականության և բանակի առկայությունն է:

Դա նաև ապրիլի 24–ին «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում Ռուսաստանի հայերի միության հետ կազմակերպած միտինգի հիմքում էր ընկած, ուր իրենց մոտեցումն են դրսևորել դարձյալ ռուսաստանյան քաղաքական ոժերը և ազգային համայնքները: Ի դեպ, դեռևս 2009 թ. այս հրապարակում միտինգի նախաձեռնողն եմ եղել իբրև ռուսաստանյան հասարակայնության ձեռնարկի, որը Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ տարեցտարի զարգացնելով, դարձրել ենք Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասնիկը:

Հունիսին «Բիբլիո-գլոբուս» գրքի կենտրոնում Արմեն Այվազյանի հայ-պարսկական պատերազմին նվիրված ուսումնասիրության շնորհանդեսով մեկնարկել է պատմության կեղծարարության դեմ ուղղված «Զգույշ, պատմական փաստեր են» ծրագիրը: Շուտով, դարձյալ Մոսկվայի գլխավոր գրախանութում բաշկիր հեղինակ և հայագետ, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպումով սկիզբ կդրվի «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրին:

Այս ամիսների ընթացքում մի շարք քաղաքագիտական հաստատություններում քննարկվող հարցերի վերաբերյալ հնչեցրել ենք հայկական դիրքորոշումները:

Ներկայումս մշակվում են տեղեկատվական-վերլուծական և քաղաքագիտական բնույթի մի քանի ծրագրեր, որոնք կիրականացվեն սեպտեմբեր-հոկտեմբերին:

– Գիտեմ, որ վերջերս Երևանում համագործակցում էիք Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթի կազմկոմիտեի հետ, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մենք կարևորում ենք միջմշակութային երկխոսության միջոցով ազգամիջյան և միջպետական հարաբերությունների զարգացմանը նպաստելը:

Ճիշտ այդ նպատակով Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական 13-րդ մրցույթում ԴԻԱԼՈԳԸ սահմանել էր հատուկ մրցանակ, որը ժյուրիի որոշմամբ շնորհվեց ղազախ բարիտոն Ազամաթ Ժելտիրգուզովին:

Իսկ մինչև Երևան գալը, մայիսի վերջին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել ենք ազգային մշակույթի «Դոբրովիդենյա» փառատոնին, ուր տեղի հայ համայնքի հետ համագործակցաբար հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել ենք ազգային երկու համույթներով: Հարկ է ընդգծել, որ ԴԻԱԼՈԳԻ ներկայացուցիչը ելույթ է ունեցել նաև փառատոնի պաշտոնական բացմանը:

АиФ-1.jpg

ԴԻԱԼՈԳ կազմակերպության շնորհանդեսը “ԱիՖ” գործակալության մամուլի սրահում

– Դուք հասարակական դիվանագիտության դաշտում առանձնահատուկ ճանաչում և կարգավիճակ ունեք, նաև այն պատճառով, որ համեմատաբար վերջերս պարգևատրվել եք Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից: Դա երկու երկրների կողմից  Ձեր գործունեությանը տրված մասնագիտական գնահատական է, ինչի համար շնորհավորում ենք:

– Վերջին ամիսները նշանավորվեցին երկկողմանի նման գնահատականներով: Նախորդ տարիներին էլ ՀՀ և ԼՂՀ նախագահները գործունեությունս նշել են համապատասխանաբար «Մովսես Խորենացի» և «Երախտագիտություն» մեդալներով, իսկ Սփյուռքի նախարարությունը` գերատեսչության Ոսկե մեդալով:  Շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքի, իհարկե, նաև  Հայաստանի, Ռուսաստանի և ԼՂՀ պետական ու գերատեսչական հաստատությունների կողմից տրված գնահատականների համար:

Ինչ վերաբերվում է դիվանագիտական գերատեսչությունների գնահատականներին, ապա ինչպես ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալը, այնպես էլ ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» մեդալը ընդունել եմ իբրև հասարակական և պաշտոնական դիվանագիտության համագործակցության նշան:

Այս իմաստով հարկ է նշել, որ երբ անդրադառնում ենք ենք Հայաստան-Սփյուռք հարաբերություններին քաղաքական հարցերի ուղղությամբ, հավանաբար տեղին է այն ձևակերպել իբրև պետական ու հասարակական դիվանագիտության համագործակցություն: Նաև այն պատճառով, որ հասարակական հիմունքներով էլ է այդ աշխատանքը վարվում մասնագիտական հենքով, համապատասխան չափանիշներով և պատասխանատվությամբ: Ընդ որում այստեղ հասարակական դիվանագիտությունը սատարում է պետականին:

– Դատելով ադրբեջանական վերլուծաբանների և պետական մարմինների արձագանքներից,  Ձեր գործունեությունը բավական լավ «ճանաչում և գնահատական» ունի նաև Ադրբեջանում:

Գիտեք, երբ ինձ մեր լրագրողները հարցնում են Մոսկվայում ադրբեջանցիների գործունեության մասին, միշտ պատասխանում եմ, որ թող Բաքվում մտահոգվեն Մոսկվայում հայերի գործունեության համար: Այս իմաստով, եթե միայն անդրադառնանք ադրբեջանական վերլուծական հաստատությունների հրապարակումների վերնագրերին, ապա կստացվի, որ ես իբր հավաքագրում եմ ռուսաստանյան համալսարանների ռեկտորներին և վերլուծաբաններին, մատների վրա «պտտեցնում եմ» ռուսաստանյան քաղաքական գիգանտներին, տարիներ շարունակ ԼԴՊՌ-ը, անձամբ Ժիրինովսին և այլ պատգամավորներ անձամբ ֆինանսավորվում են իմ կողմից, գնել եմ նախագահական հետազոտական ինստիտուտը, համայնքի հատկացրած միջոցները  արդյունավետ եմ օգտագործում` ի տարբերություն իրենց դեսպանության (երանի թե լինեին այդ միջոցները) և այլն:

Տեղին է երկու խոսք ասել նախագահական ինստիտուտի հետ համագործակցության մասին: Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի և մեր համագործակցության և հատկապես 2012 թ. մարտին «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» միջազգային գիտաժողովի համատեղ անցկացումից հետո պաշտոնական Բաքուն հրապարակային դեմարշով խզեց այս ինստիտուտի և Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև 2010 թ. ստորագրած պայմանագիրը: Ավելորդ չէ նշել, որ մեր նախաձեռնությամբ 2012 թ. հունիսին ռուսաստանյան նախագահական ինստիտուտը համագործակցության պայմանագիր ստորագրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ:

Ադրբեջանական հաստատությունների կողմից մեր դեմ ուղղված և պետականորեն հովանավորվող աշխատանքների «պսակը» հանդիսացավ իրենց մատուցմամբ և ռուսաստանյան ինչ-որ տխրահռչակ պատմաբանի ստորագրությամբ հակահայկական բնույթի և անձամբ իմ գործունեության դեմ մի գրքի ի հայտ գալը 2013 թ. հոտկեմբերին: Դրա շնորհանդեսին հաջորդեցին գրասենյակը փակելու բովանդակությամբ հոդվածները մամուլում և դիմումները ռուսաստանյան պետական հաստատություններին: Համախոհներիս հետ ինքնուրույնաբար ու արժանապատվորեն հաղթահարել ենք նաև այս փուլը, ի դեպ, առանց քաղաքական որևէ ուժի կամ կամ պետական աջակցության:

Իսկ ինչ վերաբերվում է գրասենյակի փակելուն ուղղված իրենց աշխատանքների չեզոքացմանը, ապա առանց մանրամասնելու միայն նշեմ, որ այս տարի փակվեց Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը…