Հայ պատվիրակները ևս մասնակցել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին
31.01.2018թ. 16:40:29

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին: Այս մասին նրանք գրառում են կատարել սոցիալական ցանցում:

Կոնգրեսն անցկացվել է «Խաղաղություն Սիրիայի ժողովրդին» կարգախոսի ներքո:

Մասնակիցները համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, և դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով:

Բացի դրանից, կոնգրեսի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ դրա մասնակիցները հավաստել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության և կրոնական մոլեռանդության դեմ պայքարին: Մասնակիցները նաև հանդես են եկել միասնական բանակի և ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, թեկնածուների ցուցակը հաստատված է 150 մարդու կազմով (100 մարդ կառավարությունից՝ ներքին չափավոր ընդդիմության հաշվառմամբ, և 50-ն արտաքին ընդդիմությունից), որը Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ կսկսի առաջարկություններ պատրաստել երկրի Սահմանադրության համար: