Հայ-իրանական «Եվա» ֆիլմը «Օսկարի» կներկայացվի
29.09.2017թ. 11:35:40

Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա»դրաման:

Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է, այն սեպտեմբերի 24-ից ցուցադրվում է Երևանի կինոթատրոններում:

Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամ ի » ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան:

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։