Հայրենիք
05.05.2017թ. 11:21:49

«… Կարելի է ասել, որ հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին եւ դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրեւ անակնկալ, իբրեւ «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը` խաղաղութեան ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար` պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան` հաղթանակ»:

Այս տողերի հեղինակը հայ անվանի իմաստասեր Հայկ Ասատրյանն է, ով ավելի քան 70 տարի առաջ գրել է «Ցեղ եւ Հայրենիք» ամսագրում:

Իսկ ի՞նչ է փոխվել: Փոխվել են միայն ժամանակները, էլի մենք նույնն ենք մնացել: Արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո եղավ 2016թ. ապրիլյան պատերազմը: Մենք պատրա՞ստ էինք այդ պատերազմին: Միայն քչերը կարող են ասել՝ այո: Շատերն էլ կասեն մենք հաղթեցի՛նք, քանի որ միաբանվեցինք ազգովին, դարձանք ազգ-բանակ: Բայց,հետաքրքիր է, ի՞նչը մեզ միաբանեց՝ ինքնապաշտպանության բնա՞զդը, թե՞ թուրք-ադրբեջանցին: Միաբանվելու համար ո՞ւմ հայտնենք մեր երախտագիտությունը:

 Ցանկանած ազգ միաբանվում է մի հստակ գաղափարի շուրջ: Եթե այդ գաղափարը հայրենիքը չէ, ապա ո՞րն է: Իսկ ո՞րն է հայի հայրենիքը: Միանգամից կարելի է ասել` Հայաստանը եւ վերջ: Սակայն, արդյո՞ք յուրաքանչյուր հայ կբավարարվի այդ պատասխանով: Հայաստանը հայի համար սիրելի բառ չէ միայն, այլ հասկացողություն է, ինչպես նաեւ` իղձ, երազանք, կարոտ, ցավ, տառապանք եւ հավատի անսպառ աղբյուր: Հայրենիքը վտանգի պահին ավելի է քաղցրանում, հարազատանում… Իսկ մեր հայրենիքն արդյո՞ք վտանգի մեջ չէ:

Բնության մեջ զարգացման ենթակա ամեն մի արարած ունի հայրենիք: Բազմազանությամբ ու խայտաբղետությամբ աչքի ընկնող բույսերը եւ կենդանիներն ունեն աճման ու զարգացման, բազմացման ու տարածման առավել նպաստավոր պայմաններ ապահովող միջավայրերը` հայրենիքները: Արեւադարձային գոտում աճող բույսերն առանց ջերմոցային պայմանների հնարավոր չէ աճեցնել այլ գոտիներում, մասնավորապես՝ Սիբիրում: Եվ, հակառակը, սիբիրյան խստաշունչ ձմռանը հարմարված բույսերը արեւադարձային գոտում կոչնչանան: Նույնը վերաբերում է կենդանական աշխարհին: Նախախնամությամբ այդ օրենքը տարածվում է նաեւ մարդկանց վրա, բայց գոյություն ունի մեծ տարբերություն. մարդու կյանքը կենդանականի եւ հոգեւորի միասնությունն է: Այդ պատճառով էլ մարդու հայրենիքի գաղափարը բաժանվում է երկու մասի եւ հանդես է գալիս որպես նյութականի ու հոգեւորի միասնություն:

Հայրենիքի գաղափարը հատուկ է նույնիսկ ամենահասարակ, կիսակիրթ ազգերին, բայց նրանց գաղափարը սահմանափակ է: Հայրենիք ասելով՝ նրանք հասկանում են իրենց ընտանեկան օջախները, հայրենի քաղաքները կամ գյուղերը, հողն ու ջուրը, նախնիների գերեզմաններն ու սրբությունները:

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց՝ աստիճանաբար ընդարձակվել եւ ազգերի մեջ տարբեր բովանդակություն է ստացել հայրենիքի գաղափարը: Ընդհանրապես, ազգայնության տարրերն են` արյան, հայրենի երկրի, լեզվի, պատմության, ավանդույթների, սովորույթների եւ պետական կազմակերպության միությունները: Նշվածներից, սակայն, արտաքին երեւույթները չեն այնքան կարեւոր, որքան հոգեւոր կյանքի եւ քաղաքակրթության գիտակցության միությունը: Այս տարրերից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի ազգի բնական զարգացման համար, բայց այդ զարգացման ելակետը հոգեւոր կրթությունն է եւ նրանից բխած գիտակցությունը, որ սերտ կերպով միմյանց հետ է կապում ազդեցության անդամներին: Այդ գիտակցությամբ է որոշվում, թե ազգը ինչ հոգեւոր բարիք եւ ժառանգություն ունի, որ թանկ է հանրության համար: Եվ այդ ժառանգությունն է ազգի հոգեւոր հայրենիքը, որով նա ապրում է ոչ որպես մի բույս կամ կենդանի, այլ՝ բանական եւ հոգեւոր արարած:

Քաղաքակիրթ ազգի համար սովորական իմաստով՝ հայրենիքից բացի կա մեկ այլ` հոգեւոր, վերացական հայրենիք: Հոգեւոր կյանքը եւ քաղաքակրթությունն էլ ունի իր հայրենիքը` ճիշտ այն նմանությամբ, ինչպես բույսերի, կենդանիների եւ մարդկանց նյութական հայրենիքն է: Ամեն հողի վրա նույն գաղափարը աճել չի կարող: Նույնիսկ բարոյական եւ կրոնական ընդհանուր գաղափարները տարբեր բնավորություն եւ ձեւակերպում են ստանում զանազան երկրների բնակիչների մեջ: Քրիստոնեությունը տարբեր բացատրություն եւ կազմակերպություն է ստացել տարբեր ազգերի մեջ, թեեւ արմատով նույնն է ամեն տեղ: Դավանաբանական եւ ծիսական կարգերի տարբերությունները եկեղեցիների մեջ, ընդհանրական եկեղեցու բաժանվելը ազգային եկեղեցիների Աստծո տնօրինության եւ պատմական, բնական պարագաների հետեւանք էին եւ ոչ` այս կամ այն անձի կամայականություն: Պատմականորեն հետեւելով ժամանակակից ազգերի քաղաքակրթության եւ կրոնների զարգացման ընթացքին՝ համոզվում ենք, որ տարբեր են Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթությունները, ուրիշ է քրիստոնյա ազգերի ընդհանուր քաղաքակրթությունը, եւ ուրիշ` մահմեդական, բուդդայական եւ հեթանոս ազգերինը: Նույնիսկ այս ընդհանուր խմբերի քաղաքակրթություններն էլ իրենց ստորաբաժանումներով տարբերվում են միմյանցից:

Ամեն ազգի հոգեւոր կյանք իր բնորոշ կողմերն ու հատկություններն ունի: Ինչպես բույսը իր հատուկ կլիմայական պայմաններում միայն կարող է զարգանալ եւ շարունակել իր տեսակը, այդպես էլ յուրաքանչյուր ազգի հոգեւոր կյանքը իր բնորոշ հատկությունները պահել եւ զարգանալ կարող է իր բնիկ հողի վրա:

Իսկ ո՞րն է հայ ժողովրդի հոգեւոր հայրենիքը: Այս հարցի պատասխանը յուր ժամանակին այնքան սպառիչ է տվել Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանը, որ ստիպված ենք ամբողջությամբ մեջբերել. «Հայ ժողովրդի գիտակցված քաղաքակրթությունը սկսվում է քրիստոնեության հաստատությամբ եւ նրա դրոշմն է կրում իր զարգացման ամբողջ ընթացքում: Հայոց մատենագրության առաջին հիշատակարանը Սուրբ Գրքի թարգմանությունն է, որի վրա կրթվել են բազմաթիվ սերունդներ: Հինգերորդ դարից առաջ ի՞նչ քաղաքակրթություն ենք ունեցել` հայտնի չէ մեզ, եղած հեթանոսական քաղաքակրթությունը ձուլվել է քրիստոնեականի հետ: Հայոց հոգեւոր կյանքի պատմությունը գրեթե նույնանում է մեր եկեղեցու զարգացման պատմության հետ: Հայ ժողովրդի մատենագիրներն ու վարժապետները միեւնույն ժամանակ եկեղեցու սպասավորներն են: Գիտությունն ու արվեստը հայ ժողովրդի մեջ ծագել եւ զարգացում են ստացել եկեղեցու շրջանակի մեջ: Հայոց ճարտարապետության մասին գաղափար ենք ստանում նախնյաց թողած վանքերի ու եկեղեցիների մնացորդներով: Հայոց քանդակագործությունը` որմնաքանդակներ, խաչքարեր, ելունդավոր պատկերներ, նկարչության մնացորդներ, նույն վանքերում եւ նրա պատերի վրա պետք է որոնել: Մանրանկարչության արվեստը ծաղկել է հայ վանականների ձեռքով եւ պահվել է բազմաթիվ ձեռագրերի մեջ: Հայ ժողովրդի մանր արվեստների մասին` ձեռագործ, ոսկերչություն, փայտի քանդակագործություն եւ այլն, գաղափար ենք ստանում հին եկեղեցիներում եւ վանքերում պահված սրբազան անոթներից ու զգեստներից: Եկեղեցական երգեցողությունը սերնդեսերունդ ավանդել եւ պահպանել է մեր ժողովրդական եղանակները: Մեր նախնյաց կրթարանները վանքերն են եղել` իրենց վանականներով. այստեղ ուսում եւ դպրություն են ստացել ոչ միայն եկեղեցու պաշտոնյաները, այլեւ արքայազներ, իշխաններ եւ հասարակ ժողովրդի որդիք: Վանքերն են պահել մեր նախնյաց քաղաքակրթական մնացորդները` հնությունների եւ ձեռագրերի ժողովածուներ, որոնց ուսումնասիրությամբ հնարավոր է գաղափար կազմել մեր անցյալ կյանքի եւ պատմության մասին:

Եթե իրավ է մեր ասածը, թե հոգեւոր կյանքով ապրող ազգերը սովորական, երկրավոր հայրենիքից զատ ունեն մեկ ուրիշ, վերացական հայրենիք, նրա անցյալ քաղաքակրթությունն ընդարձակ մտքով, ուրեմն` հայ ժողովրդի հոգեւոր հայրենիքը Հայաստանյայց եկեղեցին է: Այս հայրենիքում միայն կարող ենք հոգեւոր ձեւով աճել ու զարգանալ, ինչպես որոշ կլիմայի եւ տեղի հատուկ բույսն ու կենդանին: Մեր անցյալը ուրանալ չենք կարող, եթե տգիտության եւ միակողմանի հասկացողության թանձր մառախուղը  չի նստել մեր հոգու վրա»:

Ո՞րն է հայի նյութական հայրենիքը: Այս հարցի պատասխանը պետք է որոնել մարդկության պատմության ոլորաններում` սկսած Նոյից մինչեւ Հայկ նահապետ, եւ մանավանդ` բաբելոնյան  աշտարակաշինությունից հետո: Հարցին առնչություն ունի Պողոս առաքյալի`  Արիսպագոսի մեջ արտասանած ճառի հետեւյալ հատվածը. «Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները եւ դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն, որպեսզի, թերեւս, խարխափեն դեպի նա, գտնեն նրան…» (Գործք ԺԷ. 26-27): Հայի բնակության սահմանները, ինչպես հայտնի է պատմությունից, գտնվում են Հայկական բարձրավանդակում: Հայ ժողովրդի նյութական հայրենիքը մտովի կարելի է բաժանել երկու մասի` Իղձերի հայրենիք (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) եւ Առարկայական (շոշափելի) հայրենիք (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Ուտիք, Ջավախք, Նախիջեւան):

Հայ ժողովրդի ամբողջական հայրենիքը նյութական եւ հոգեւոր հայրենիքների միասնությունն է:

Միակ բանը, որ բոլորիս համար ընդհանուր է՝ Հայրենիքն է: Ուստի, եկեք սիրենք մեր հայրենիքը եւ համախմբվենք ամբողջական հայրենիքի գաղափարի շուրջ:

                                                                                     Աշոտ Սարգսյան