Հայրենասիրությունն ինձ մոտ Արցախով է դրսևորվում. Արշո Պալյան
19.05.2017թ. 16:07:13

Վերջերս մասնագիտությամբ լրագրող, 1999թ.-ից ի վեր Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթում որպես լրագրող աշխատող, «Ազդակ»-ի լիբանանյան լուրերի խմբագիր Արշո (Արշալույս) Պալյանը գտնվում էր Արցախում: Արցախ կատարած այցի, տպավորությունների և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է վաստակաշատ լրագրողի հետ:

Լիբանանում  ծնված ու մեծացած Արշո Պալյանը 2010թ. է առաջին անգամ եղել Արցախում և «այդ օրվանից զգում եմ, որ եթե Հայաստան պիտի գամ ու Արցախ չկարողանամ այցելել, ուրեմն հաշվում եմ, որ Հայաստան չեմ եկել: Աշակերտական տարիներից Արցախն ինձ հպարտություն է ներշնչում, հայրենասիրությունն ինձ մոտ Արցախով է դրսևորվում»,- նշում է նա:

2012թ. Արշո Պալյանին վստահվեց լիբանանյան հեռուստաընկերություններից մեկի խմբի ուղեկցումը Հայաստան և Արցախ: «Դա ինձ համար լավ փորձ էր, աշխատանքը հաջողվեց և սկսեցի ընկերակցել արաբական հեռուստաընկերություններին, որոնք ցանկանում էին գալ Արցախ, նկարահանումներ անել, Արցախը ծանոթացել Միջին Արևելքին»,- ավելացնում է Արշոն:

18600846_10158703429670243_1330990908_n

Ինքը միշտ կողմ էր օտարներին Հայաստանը ու Արցախը առանձին ներկայացնելուն, որն ավելի նպատակային ու արդյունավետ է: Եվ ահա 2016թ. մարտի 31-ին, ապրիլյան պատերազմից 1 օր առաջ պատասխանատու ընկերները տեղեկացրին, որ իր առաջարկը նկատի առնելով MTV հեռուստաընկերության աշխատակիցների հետ միայն Արցախի մասին  ֆիլմ պիտի պատրաստվի: «Շատ ուրախացա, բայց հաջորդ օրը պատերազմը սկսվեց»,- ասում է Արշոն:

Այնուամենայնիվ, պատերազմը խոչընդոտ չդարձավ Արցախ գալուն, գուցեև հակառակը. ապրիլի վերջին եկան, եղան Թալիշում, Մատաղիսում: ԱՀ նախագահի, Արցախի թեմի առաջնորդի հետ հարցազրույցներ, հակամարտություն, տնտեսություն, տարբեր գործարաններում նկարահանումներ, որոնց մի մասն այդ օրերին չէր աշխատում: Այն օրերին էլ Ստեփանակերտը շատ ավելի տխուր էր, քան Թալիշը: Առաջնագծի զինվորների «դուխը» բարձր էր:

Ֆիլմը նպատակ ունի ասելու, թե ինչ է պարտադրել պատերազմը արցախցուն: «100 րոպեանոց վավերագրական ֆիլմ նկարեցինք արաբերեն լեզվով, իսկ անգլերեն տարբերակի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Դա ինձ համար հոգեկան մեծ բավարարություն էր և որպես լրագրող և որպես միութենական, որն ընկերակցել է խմբին և ցանկացել ճիշտը մատուցել օտարներին»,-ավելացնում է Արշոն: Բավական լայն շրջանակակներ դիտեցին ֆիլմը:

2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Լիբանանում ապատեղեկատվության հզոր ալիք կար: Լիբանանի բոլոր լրատվամիջոցները օգտվում էին ադրբեջանական աղբյուրներից: Դա հավասարակշռելու համար Լիբանանի ՀՅԴ ԿԿ-ն որոշել է լիբանանյան 3 տարբեր հեռուստաընկերություններից խմբեր ուղարկել Արցախ: 3 տարբեր պատվիրակություններ եկան, տեղում ծանոթացան, եղան առաջնագծում: Դա ապատեղեկատվության ալիքը հակակշռելու ողջունելի քայլ էր:

Այդ հաղորդումներից հետո փոփոխություն է զգացվել լիբանանյան հասարակության մեջ: «Նույնիսկ եթե չեն որդեգրում մեր թեզը, կարող են կապվել մեր օրաթերթի  պատասխանատուների, Դաշնակցության մարմինների, Հայ Դատի անդամների հետ  և ստուգել տեղեկությունները: Առաջ առանց ստուգելու էին անդրադառնում»,- նշում է Արշո Պալյանն ու հավելում, որ աշխատանքի թափը չպետք է թուլացնել, հնարավոր միջոցներով պետք է միշտ պատրաստենք նյութերը և տրամադրենք»:

«Եթե հայ մնալու, բան փոխելու, սովորեցնելու համար այնտեղ թափած ջանքերը, հայրենիքի մեջ թափեինք, հայրենիքը կշենանար»,- ընդգծում է Արշո Պալյանը ու շարունակում. Վերջերս Ցեղասպանության 102-ամյակի կապակցությամբ միջոցառուներ կազմակերպվեցին, որտեղ լիբանանյան քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարի շուրթերով մի այսպիսի արտահայտություն հնչեց, որ, այո, Հայաստանը Ձեզ կորցրեց, բայց այն պետությունները, որտեղ դուք կաք, շահեցին, շենացան:

Արշո Պալյանն ապրում է հայրենիքից դուրս, բայց հայրենիքի առօրյայով, ու ցանկացած կարևոր իրադարձության անպայման պետք է մասնակցի: «Անցյալ տարի իմ անձնական արձակուրդը որոշել եմ Հայաստանում անցկացնել, որովհետև անկախության 25-ամյակն էր. սեպտեմբերի 21-ին ես ինձ ուրիշ տեղ չեմ կարող պատկերացնել: Եվ Շուշիի ազատագրման 25-ամյակին էլ այլ տեղ չէի կարող լինել, միայն Արցախում: Իմ անձնական արձակուրդի հաշվին եկա, ինձ միացան 5 ընկերուհիներ: Մասնակցեցինք Շուշի, Ստեփանակերտ քաղաքներում կազմակերպված բոլոր միջոցառումներին, եղանք Հադրութում»,- նշում է Արշոն ու ավելացնում, որ Արցախ այցելելն իր համար հոգեկան բավարարություն է:

Նրա խոսքով՝ անցած տարի ապրիլին որոշել է հաջորդ անգամ 2017թ. մայիսին գալ Արցախ, բայց չդիմացավ և հոկտեմբեր ամսին էլ եկավ: «Չեմ պատկերացնում Արցախից հեռու ապրելը: Աշխարհի մեջ կա մի անկյուն, որտեղ մարդն իրեն հանգիստ է զգում, որտեղ իր ներուժն ավելի լավ է աշխատում, ինձ համար դա Արցախն է»,- ասում է Արշոն:

Ամեն գալուց Արցախում նորություն կա: Նույնիսկ, երբ ամիսների տարբերությամբ է գալիս, այդ նորությունները տեսանելի են. հագուստ, ինտերնետ, թանգարաններ: Դժբախտաբար հիմնական խնդիրը մնում են ճանապարհները:

«Բոլորին կոչ եմ անում, որ գան, տեսնեն, որովհետև հայոց պատմության մեջ ինչ կարդում, լսում են, այստեղ կարող են տեսնել,- ասում է նա ու հավելում, որ այստեղ ես հասկանում, թե մեր ֆիդայիններն ինչ զոհողություններ են արել:

«Հստակ է, որ մենք մեր ուժերին պիտի վստահենք ուրիշ ոչ ոքի: Մյուսները քաղաքական շահեր ունեն: Ըստ կարելվույն տոկանք ու ամուր մնանք բանակցային գործընթացների ընթացքում, որովհետև դրանից է կախված ամբողջ հայության ճակատագիրը: Եթե այստեղ զիջենք, չենք կարող շարունակել ապրել: Ազերին ու թուրքը նույն տեսակն է չի կարելի վստահել»,- սա է լրագրողի պատգամը հայերին:

 Տաթևիկ Աղաջանյան