Համերգ սահմանապահների համար
13.09.2017թ. 17:16:24

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26 ամյակի տոնակատարությունների շրջանակում, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ, շրջկենտրոն Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթը համերգներով շրջագայում է շրջանի համայնքներում: Սեպտեմբերի 12-ին «Բերձոր»-ը հանդես եկավ Աղաձորի գյուղական համայնքում և շրջանի տարածքում տեղակայված սահմանապահ N զորամասում: Այս ամսվա ընթացքում սա համույթի 4-րդ համերգն է համայնքներում: Աղաձորում համերգը կայացավ նույն գյուղի բնակիչ, 2015 թ. մարտի 19-ին Արցախի հյուսիսային սահմանները պաշտանելիս հերոսաբար զոհված, ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցում:

Մինչ համերգն սկսելը՝ համույթի անդամները, Աղաձորի համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը ծաղիկներ խոնարհեցին Հ. Խաչատրյանի շիրիմին, հարգեցին հերոսի հիշատակը: Դպրոցի միջանցքում, որտեղ կայացավ համերգը, ստեղծվել է նաև հերոսին նվիրված անկյուն: 10 տարի այս դպրոցում է սովորել Հակոբը: Համույթի կողմից հնչեցին ժողովրդական, ազգագրական, գուսանական, ռազմահայրենասիրոկան երգեր: Մասնակից եղան նաև դպրոցի սաները: Նույն օրը «Բերձոր»-ը ելույթ ունեցավ նաև սահմանապահ զինվորների համար:

Համերգը կայացավ զորամասի շարահրապարակում, որտեղ էին սպայական կազմը, սերժանտներ, շարքային զինվորներ, զինվորականների երեխաներ, մոտակա բնակավայրի բնակիչներ: Շրջվարչակազմի աշխատակազմը ողջունեց հայոց բանակի զինվորներին, շնորհավորեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անկախության հռչակաման 26 ամյակի առթիվ և համերգը հայտարարեց բացված: Հնչեցին նաև ռազմահայրենասիրական երգեր, որն էլ դարձավ առիթ, որ համերգին իրենց խրոխտ պարերով մասնակից լինեին զինվորները:

Հնչեցին հիմնականում ռազմահայրենասիրական երգեր, որոնց հնչյունների տակ պարում էին զինվորները, ներկա փոքրիկները, համույթի ներկայացուցիչները: Առաջին անգամ հնչեց Արթուր Մովսիսյանի հեղինակած երգը՝ «Ղարաբաղը մերն է, մերն էլ կմնա»: Ընթացքում զրուցեցի զինվորականների հետ: Եղբայրներ Նորիկ և նորայր Պստեյանները Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի բնակիչներ են: Սկզբնական շրջանում եղբայրները նույն զորամասում եղել են ժամկետային զինծառայողներ, այժմ պայմանագրային ծառայության սերժանտներ են: Գոհ են ծառայությունից, և ուրախ, որ ներկա եղան նման գեղեցիկ միջոցառման: Արման Խաչատրյանը նույնպես նոր է զորակոչվել, Ապարանից է, արդեն ընտելացել է զինվորական կյանքին: Ուրախ է, որ ներկա եղավ նման համերգի: Ենթասպա Արմեն Հակոբյանը նույնպես նույն զորամասում է ծառայել՝ որպես ժամկետային, այնուհետև պայմանագիր է կնքել ու արդեն 11 տարի է, ինչ Հայոց սահմանն է պաշտպանում:

Համերգի վերջում երգիչ-երաժիշտներին գեղեցիկ կատարումների, իրենց առօրյան մշակութային ընդմիջումով հարստացնեկու համար շնորհակալություն հայտնեց զորամասի ԴԱԳ տեղակալ Ա. Գասպարյանը և շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հ. Ավանեսյանին, համույթի ղեկավարի պաշտոնակատար, Բերձորի արվեստի դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանին ու երգչուհի Ֆիրուզա Արզումանյանին հանձնեց զորամասի հրամանատարի շնորհակալագրերը:

Հրաժեշտ տվեցինք հայոց հողը պաշտպանող մեր զինվորներին՝ հավատով, որ անառիկ են պահելու մեր սահմանը, իսկ մեր փոքրիկները մեծանալու են խաղաղ երկնքի տակ:

Զոհրաբ Ըռքոյան