«Համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ»
08.02.2018թ. 14:51:28

ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից հետո համեմատել վերջիններիս, հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունները: Նրա խոսքով՝ միայն դրանց հիման վրա հնարավոր կլինի գնահատել բանակցությունների արդյունքները:

Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հունվարին կայացած կրակովյան հանդիպումից հետո ինչ իրավիճակ է բանակցություններում՝ Քոչարյանը պատասխանեց, որ դրա արդյունքը, զարգացումը համանախագահների այցն է տարածաշրջան:

«Ընդհանուր առմամբ, մեկ բան կարող ենք ասել, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն, բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար անհրաժեշտ է կյանքի կոչել համապատասխան համաձայնությունները:

Այս պարագայում, միակ բանը, որ կարող ենք արձանագրել հետևյալ փոքր քայլն է. հակառակարոդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու հարցում: Դեռ այդ որոշումը կյանքի չի կոչվել»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ ապրիլին Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական գործընթացներից հետո սպասում եք բանակցությունների ակտիվացում՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց.

«Նայած, թե բանակցություններ ասելով ինչ ենք հասկանում: Եթե մենք խոսում ենք այն նպատակի մասին, որ բանակցային գործընթացում կարող է լինել իրական առաջընթաց՝ դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք առկա են դեռևս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ առանց դրանց, առանց վստահության մթոնլորտի՝ առաջ շարժվելը գրեթե անհնար է»: