Համագործակցությունն անշրջելի է
17.07.2017թ. 10:06:18

2017 թվականի հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է: Այս նախագահական ընտրությունները կատարվելու են Ազգային ժողովի միջոցով: Անկախ Արցախի պատմության մեջ սա երկրորդ անգամն է, որ Ազգային ժողովն ընտրում է Հանրապետության նախագահ: Այս նախագահական ընտրությունները կարելի է համարել անկյունադարձային՝ 2017 թվականի փետրվարին Արցախի ժողովրդի հավանությանն արժանացած Սահմանադրությանն անցնելու տեսակետից: Այժմ, արդեն իսկ առարկայորեն կարող ենք զգալ այն փոփոխությունը, որն իր հետ բերում է նոր Սահմանադրությունը: Իհարկե, առաջիկա ընտրությունը բացառիկ է այն առումով, որ այսուհետ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու համաժողովրդական քվեարկությամբ:

ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը, ի շարս խորհրդարանում ներկայացված <<Ազատ Հայրենիք>> և <<Արցախի Ժողովրդավարական>> կուսակցությունների, առաջադրել է գործող նախագահ Բ. Սահակյանի թեկնածությունը և, բնականաբար, քվեարկելու է նրա օգտին: Հարկավոր չէ քաղաքական վերլուծաբան լինել կամ գուշակ՝ կռահելու համար, որ ելնելով խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայության չափից, առաջիկա երեք տարիներին Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Բ. Սահակյանը:

Հայկական լրատվամիջոցների այն մասը, որոնք սրտնեղվածություն են զգում ՀՅ Դաշնակցության՝ Հայաստանում կոալիցիա կազմելու հետևանքով, փորձում են յուրաքանչյուր առիթ չփախցնել՝ Դաշնակցության և իշխանության հակասություններ հայտնաբերելուց և դրանք մատի փաթաթան սարքելուց: Արցախի նախագահի ընտրությունները ևս փորձվում է նույն նպատակին ծառայեցնել:

Առ այդ՝ հարկ ենք համարում երկու կետի անդրադառնալ:

ՀՅ Դաշնակցությունը դեռևս 2007 և 2012 թվականներին պաշտպանել է Բ. Սահակյանի թեկնածությունը: Բ. Սահակյանի նախագահության երկու շրջաններում էլ Արցախի գործադիր իշխանության մեջ պաշտոններ են զբաղեցրել դաշնակցականներ, ովքեր ջանք չեն խնայել ոչ միայն նախագահի, այլ նաև իրենց կուսակցության առաջադրանքներն իրականացնելու համար: Այդ ընթացքում Դաշնակցությունը զանազան մակարդակներով իր մտահոգություններն է կիսել Արցախի նախագահի հետ, որոնք կրել են ոչ միայն արցախյան, այլ համահայկական բնույթ: Հիշեցման կարգով. այդ ժամանակահատվածի մեծ մասում Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցությունն ընդդիմություն էր, և դա ոչ մի բանով չխանգարեց արդյունավետ համագործակցություն իրականացնելու համար: Այդ համագործակցությունն առաջիկա երեք տարիներին ևս շարունակվելու է, դեռ ավելին՝ երկուստեք նոր արդյունքներ ապահովելու ակնկալիք ունենք՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ևս իշխանության մաս ենք  կազմում:

Դաշնակցության նկատմամբ ցեխ են շպրտում այն բանի համար, որ դեմ է եղել գործող Սահմանադրության տարբերակին, իսկ մյուս կողմից՝ առաջադրում է նախագահի թեկնածու հենց այս Սահմանադրության անցումային շրջանի համար: Այս մեղադրանքը այլ բան չէ, քան իրականության շահարկում քաղաքական նպատակներով:  Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, և ելնելով իր առաքելությունից՝ պետք է զբաղվի քաղաքականությամբ: Իսկ եթե դեմ է որևէ քաղաքական խաղի կանոների, առավել ևս՝ մասնակցելով պետք է ձգտի  շտկել դրանք:

Դաշնակցության թեկնածուն Բակո Սահակյանն է, և առաջիկա 3 տարում լիարժեք համագործակցությունն անշրջելի է:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 հուլիս, 2017թ.