Կրծքիդ վրա իրավունք չունես մեդալներ կրելու, եթե սրտիդ մեջ հայրենիքդ չէ. կին ազատամարտիկ
Գլխավոր » Հասարակական » Կրծքիդ վրա իրավունք չունես մեդալներ կրելու, եթե սրտիդ մեջ հայրենիքդ չէ. կին ազատամարտիկ

Կրծքիդ վրա իրավունք չունես մեդալներ կրելու, եթե սրտիդ մեջ հայրենիքդ չէ. կին ազատամարտիկ

Առաջին անգամ, երբ նրան տեսա, երգում էր: Ժողովրդական հին երգերից մեկն էր երգում: Նուրբ ու հաճելի ձայն ուներ: Գեղեցիկ էր, կանացի: Ասաց, որ երգել շատ է սիրում, բայց երաժշտական կրթություն չունի, բուժքույր է մասնագիտությամբ: Հետո ընկերուհին միացավ մեր զրույցին. «Պատերազմի ժամանակ էլ էր երգում,-ասաց,-զինվորները սիրում էին նրա երգը…»: Այդպես իմացա, որ Ռայա Դանիելյանն իր մասնակցությունն է բերել Արցախյան պատերազմին: Նա, ճիշտ է կցկտուր, բայց մի քանի բան պատմեց, իսկ ընկերուհին լրացնում էր նրան՝ պատմելով տիկին Ռայայի անցած ուղու եւ մարտական կենսագրության մասին:

 

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, երեք երեխաների եւ ամուսնու հետ ապրում էին Երևանում: Չկարողացավ անտարբեր լինել իր ծննդավայրի ճակատագրին, հորդորեց ամուսնուն, որ գնան Արցախ: Վերջինս մերժեց, եւ տիկին Ռայան երեք երեխաների հետ շտապեց Արցախ: «Որտեղ իմ հայրենակիցներն են, այնտեղ էլ իմ տեղն է, ինչով կարող եմ կօգնեմ, կգնամ մարտադաշտ, բուժքույր կլինեմ»,-հայտարարեց: Իմանալով, որ եթե ամուսնուն թողնի ու մեկնի Արցախ, էլ հետդարձ չի լինի, նա,այդուհանդերձ, ընտրեց հայրենիքը…

 

Ռայա Դանիելյանը ծնվել է Ադրբեջանի Մինգիչավուր քաղաքում, իսկ ծնողներն արմատներով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից են: 7-րդ դասարանի աշակերտուհի էր, երբ  ծնողների հետ տեղափոխվեցին Հաթերք, որտեղի դպրոցում էլ ուսումը շարունակեց: «Ծնողներս ուզում էին, որ մենք իրենց հայրենի գյուղում մեծանանք, հայրենիքի օդը շնչենք, ու դրա համար էլ որոշեցին վերադառնալ գյուղ»,-ասում է նա:  

 

1971 թվականին Ռայան Դանիելյանն ընդունվել  Երևանի բժշկական  համալսարանի մանկաբարձական բաժինը: Ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է  Մարտակերտում, այնուհետեւ ամուսնացել ու հաստատվել է Երևանում:

 

«1988 թվի բուռն օրերն էին, ցավ էի ապրում, ուզում էի լինել հայրենակիցներիս կողքին, բայց գիտեի, որ ամուսինս չի ընդունի, կընդդիմանա: Ինչով կարողանում էի՝ Երևանից օգնում էի: Հետո, երբ սկսվեց ազատագրական պատերազմը, Հաթերքն անընդհատ ռմբակոծում էին, երկու եղբայրներս մարտադաշտում էին: Չէի կարողանում հանգիստ նստել, քնել չէր լինում, ուշք ու միտքս իմ գյուղում էր, Արցախում: Հեռուստատեսությամբ ու ռադիոյով ոչ մի բառ բաց չէի թողնում Ղարաբաղի վիճակի մասին: Անընդհատ հաղորդում էին նոր զոհերի ու վիրավորների մասին, բուժքույրերի կարիք կար խիստ: Ու մի գիշեր որոշում կայացրի՝ պիտի երեխաներիս հետ գնամ Արցախ, պիտի լինեմ մարտադաշտում, ինձ նմաններին սպասում են այնտեղ: Ամուսինս առարկեց, ասաց, որ ինքը ինձ չի հետեւի ու եթե գնամ, էլ հետդարձ չի լինելու, ես, այնուամենայնիվ, շտապեցի Արցախ…»,- տիկին Ռայան կանգ է առնում, նայում աչքերիս, ապա հարցնում՝ իսկ եթե դու լինեիր ի՞նչ կանեիր: «Չգիտեմ….»,- թոթվում եմ ուսերս: «Հայրենիքն ամեն ինչից վեր է,- ասում է,- հատկապես, երբ այն վտանգի մեջ է…»:

 

1993-ին երեք երեխաների հետ Ռայա Դանիելյանը գալիս է Հաթերք, երեխաներին թողնում է ծնողների խնամակալությանը եւ շապում օգտակար լինել վիրավոր զինվորներին: «Ցեխձորի դաշտային հոսպիտալում, որտեղ  գլխավոր բժիշկը Սերգեյ Օհանյանն էր, ինձ ընդունեցին որպես բուժքույր: 15 օրը մեկ տեսակցում էի երեխաներիս,- պատմում է, ապա ավելացնում,-  համարյա ամեն օր վիրավորներ էին բերում, ես շտապում էի  նրանց արյուն տալ, գլխավոր բժիշկը հաճախ ջղայնանում էր ասելով՝ այ աղջիկ, այդքան արյուն քեզ որտեղի՞ց, հերիք է, դու դեռ պետք ես քո երեխաներին… »:

«Ցեխձորից մեզ տեղափոխեցին Չլդրան, մնացինք վրաններում, հետո Մաղավուզ, Հոռաթաղ: Մարտակերտն ազատագրելուց հետո երեխաներիս հետ տեղափոխվեցի Մարտակերտ, մնչեւ 1999 թվականը ծառայեցի Մարտակերտի հրաձգային գումարտակում ՝որպես բուժքույր: Ամուսինս այդպես էլ չեկավ, Ռուսաստանում էր: 2000 թվականին երեխաներիս հետ տեղափոխվեցի Երևան: Հիմա մշտական աշխատանք չունեմ, բայց մարդիկ ինձ ճանաչում են, երբ պետք է լինում, մեկ էլ տեսար գիշերն էլ են զանգում, շտապ կանչում՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար: Ես, իհարկե, այդ ամենն անվճար եմ անում…»:

 

Տիկին Ռայայի որդին, հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով, ստիպված եղավ որոշ ժամանակով մեկնել Ռուսաստան: «Որդուս ուղարկած գումարով ենք ապրում: Օրեր եմ հաշվում՝ նրա վերադարձին սպասելով: Ախր, օտար հողում դժվար է ապրել, դա քո հայրենիքը չէ, այնտեղ վանդակն ընկած թռչունի պես ես քեզ զգում: Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով այսօրվա Հայաստանը: Իմ ծանոթ-բարեկամներից քանի-քանիսն են լքել երկիրը՝ սոցիալական պայմաններից դրդված: Ախր, մենք ուրիշ Հայաստան էինք ուզում, ախր մեր զոհված տղաների երազանքի Հայաստանն այլ էր… Ես չեմ ուզում, որ իմ, քո, նրա որդին ստիպված լինի լքել հայրենիքը: Մենք իրավունք չունենք…»:

 

«Երեխաներս մեկ-մեկ հարցնում են՝ մամ, որ պատերազմ լինի դարձյալ կգնա՞ս: Կգնամ, իհարկե, կգնամ, եւ ձեր բոլորիդ պարտքն էլ է դա, բոլորդ էլ պետք է գնաք. պատասխանում եմ… Ես հավատում եմ այսօրվա երիտասարդությանը,-շարունակում է տիկին Ռայան,- հավատում եմ, որ նրանք կհասնեն այն Հայաստանին, որը մենք ու մեր տղաներն էին երազում: Հայրենիքը մի քանի  հոգու սեփականություն չէ, հայրենիքն այն երիտասարդներինն է, ովքեր այսօր պայքարում են լավ Հայաստան ունենալու համար: Ես հավատում եմ նրանց…»:

 

Ռայա Դանիելյանը պատերազմի ավարտից հետո  արժանացել է  «Արիության»  եւ «Վազգեն Սարգսյան» շքանշանների: «Մեդալները չեն, որ պիտի մարդու կուրծքը զարդարեն: Այդ մեդալների անունները երբեմն մոռանում էլ եմ: Հիմա մեդալներ ունեն նաեւ նրանք, ովքեր չգիտեն անգամ, թե արիությունն ինչ է: Դու իրավունք չունես կրծքիդ վրա մեդալներ կրելու, եթե սրտիդ մեջ հայրենիքդ չէ…»:

 

Ու տիկին Ռայան երգում է. նրա երգը մերթ կորցրած սիրո մասին է, մերթ հայրենի լեռների, մերթ էլ այն գալիքի, որին ինքն է հավատում…

 

Հ.Ավագյան

1