Կտավի ու նկարչի միջեւ մի ամբողջ աշխարհ
02.08.2017թ. 11:13:27

Երկամյա Գեղանուշ Սարգսյանի առաջին «կտավ»-ների՝ թերթերի լուսանցքների ու ավագ եղբոր դպրոցական տետրերի, հետագայում պատերի եւ պատուհաննրի ապակիների վրա պատկերված գծագրությունները տարիներ անց պատճառ հանդիսացան Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտ ընդունվելուն եւ առիթ՝ մասնակցելու Ղրիմում կայացած Համառուսական երիտասարդական «Таврида» ֆորումին։

2014 թվականից կազմակերպվող համաժողովին այս տարի առաջին անգամ հնարավորոթյուն ունեցան մասնակցելու նաեւ Արցախի երիտասարդները։ Հուլիսի 10-17-ը Գեղանուշը զարգացրել է ինստիտուտում ստացած գիտելիքները եւ իր համար արվեստի նոր դռներ բացահայտել․

«Առաջին հերթին փորձի փոխանակում էր, քանի որ նկարչական տեխնիկան ըստ տարածաշրջանի տարբերվում է: Հետաքրքիր էր ծանոթանալ ռուսական արվեստին եւ ինչ-որ բաներ յուրացնել՝ հետագայում իմ աշխատանքներում օգտագործելու նպատակով»,- ասում է Գեղանուշը։

20292454_1684506388524135_1795511827_n

Մասնագիտությունը սիրելու՝ Գեղանուշի հարցի պատասխանը կարճ է ու հստակ՝ վայելում եմ մասնագիտությունս։

«Վրձինը ձեռքդ առնելուն պես խորասուզվում ես աշխատանքիդ մեջ եւ կտրվում առօրյայից։ Ստեղծվում է մի փոքրիկ աշխարհ, որտեղ միայն դու ես, վրձինը, թուղթը կամ կտավը։ Կտավի եւ իմ արանքում մի աշխարհ է, որտեղ անծայրածիր են մտքերն ու գաղափարները»,- ասում է Գեղանուշը։

20401349_1945077412373489_136581352_n

Նկարել Գեղանուշը սիրում է մենակության մեջ: «Երբ սկսում ես ստեղծագործել՝ անհատականանում ես, կտրվում ես միջավայրից, որպեսզի ավելի լավ տեսնես եւ կենտրոնանաս, և ստեղծես մեկուսացված տարածք նկարչի ու բնորդի միջև»,- ասում է նա և նշում, որ ինչ-որ բան նկարելուց առաջ մտքում նախապես մոտավոր պատկեր է ունենում, որը ստիպում է սկսել գործը, իսկ արդյունքը որոշվում է նկարելու ընթացքում:

«Շատ հաճախ է լինում, երբ նախապես մտքումդ պատկերվածը տարբերվում է վերջում ստացածից, քանի որ նկարելու ընթացքում նոր գաղափարներ ես ունենում»-ասում է նա։

Հիմնականում դիմանկարներ ու նատյուրմորտներ նկարող Գեղանուշն ասում է, որ երբեմն մարդու դիմագծերում պատկերված են իր բնավորության գծերը. այդ դեպքում ավելի հեշտ է ըմբռնվում, հասկացվում իր ներաշխարհը եւ մտածելակերպը։ Սակայն երբեմն դիմագծերը տարբերվում են մարդու տեսակից եւ ներքին աշխարհից։

«Նկարած նկարիդ մեջ բնավորության տեսակներ ես ավելացնում, որ իրականում այդ մարդու դիմագծերում այնքան էլ չի արտահայտված։ Օրինակ՝ ընկերդ կամ բարեկամդ, որին դու հինգ մատի պես ես ճանաչում եւ գիտես, որ նա աշխույժ ու ուրախ մարդ է, կարող է բնորդելու ժամանակ տրամադրություն չունենա: Նման դեպքում աշխուժությունն արտահայտելու համար խորացնում ես դեմքի, ժպիտի մկանները, կամ վրձնահարվածները կլորավուն ես անում, որպեզի շարժում զգացվի նկարում եւ մարդու դիմանկարը ներկայացվի ճշմարիտ»,-անկեղծանում է Գեղանուշը։

12644846_1497647630543346_498524633523485784_n

Պարզվեց, որ բացի բնորդի թաքնված տեսակը վրձնի միջոցով պատկերելուց, նկարիչներն իրենց նկարի մեջ ներ են դնում նաեւ իրենցից մի մասնիկ, այսպես ասած՝ դնում են իրենց ստորագրությունը, կնիքը:

«Եթե ուսումնասիրենք տարբեր նկարիչների միեւնույն աշխատանքները, յուրաքանչյուր նկարի մեջ պարզորոշ երեւում է նաեւ տվյալ նկարչի դիմագիծը, անհատականությունը, այսպես ասած՝ ձեռագիրը։ Հիմնականում յուրաքանչյուր նկարիչ իր բնավորության կամ դիմագծի մի գիծ է պատկերում նկարում։ Այդ նրբությունն ավելի է արտահայտված  դիմանկարներում։ Այսպես ասած՝ նկարիչները իրենց դիմագծերից կամ բնավորության գծերից մեկը բնորդի սեփականությունն են դարձնում,- ասում է Գեղանուշը եւ ավելացնում, որ նկարիչները դա կանխամտածված չեն անում,- չէ որ մարդու ձեռագրի միջոցով կարողանում ես մոտավոր ընթերցել մարդու բնավորությունը: Նույն ձեւով էլ վրձինն ունի այդ յուրահատկությունը»։

Գեղանուշը հաստատեց այն միտքը, որ արվեստագետը չպետք է խորացված լինի միայն արվեստի մի ճյուղում։ Նշում է՝ ընդհանուր էրուդիցիան եւ տարիների ընթացքում ձեռք բերված փորձը արվեստագետի հաջողության գրավականն է․«Եթե պատմաբանները գիրք կամ որեւէ աշխատություն գրելու համար պետք է իմանան պատմություն, ապա նկարիչներն իրենց ստեղծագործություններն ավելի ամուր հիմքերի վրա կառուցելու նպատակով պետք է իմանան նաեւ հին նկարիչների արվեստը։ Պետք է իմանան աշխատանքների մեկնաբանությունները՝ ինչու են օգտագործել այս կամ այն առարկան, դետալները եւ ինչ են ուզել դրանով ներկայացնել նկարում։ Եթե չես իմանում այդ մանրուքները, պարզունակ աշխատանքներ ես ստանալու»։

Վառ եւ մաքուր գույները նախընտրող Գեղանուշին հայ նկարիչների աշխատանքներից գրավում են եւ հոգեհարազատ են Մարտիրոս Սարյանի նկարները: Արտասահմանյան նկարիչներից նախընտրում է Վան Գոգին․ «Վան Գոգի նկարների շարժը կախարդական է»։

Նկարչությունն Արցախում ինչ-որ չափով հեռանկար ունի, քանի որ այսօր կան նոր ձեւավորվող երիտասարդ նկարիչներ, որոնց ոճը յուրահատուկ է եւ տարբերվում է մյուսներից։

«Այդ տաղանդը բացահայտ երեւում է իրենց աշխատանքներում, մնում է զարգացնել այն։ Նկարչությունում շատ կարեւոր է փորձի փոխանակումը եւ վերապատրաստումը։ Պետք է հնարավորություններ ընձեռվեն, որպեսզի արցախցի նկարիչները վերապատրաստվեն Երեւանում եւ արտասահմանում»,- նշում է երիտասարդ նկարիչը։

Նկարչությունը նուրբ եւ կենդանի արվեստ է: Գեղանուշին կարող է ոգեւորել փողոցում քայլող ինչ որ մի անձ, որին չճանաչելով, անունը չիմանալով հանդերձ՝ տեսնում է ու ցանկություն է զգում նրան նկարելու։ Նշում է նաեւ, որ երբ նկարչի մոտ բեղուն աշխատանքային շրջան է լինում, շուրջդբոլորը փորձում է նոր գույներ որսալ։ Սակայն նկարիչը կորցնում է այդ կարողությունները եւ ստեղծագործական միտքը, եթե կորցնում է հետաքրքրությունը նկարչության հանդեպ:

«Կյանքի բերումով նկարիչի մտածելակերպը կարող է շեղվել: Այդ դեպքում նկարիչը չի կարողանում նվիրվել իր գործին: Իսկ եթե չես նվիրվում, առաջ գնալու եւ նոր ստեղծագործություն ստեղծելու ձգտումներ չես ունենում, աստիճանաբար ստիպված ես լինում թողնել նկարչությունը,-ասում է Գեղանուշը եւ նշում, որ տաղանդը կորչում է, եթե աշխատասիրություն չես ունենում,-ավելի մեծ տաղանդ ունեցող նկարիչները կարող են ավելի շուտ սպառվել, քան փոքր տաղանդ, բայց մեծ ձգտումներ ունեցողները»։

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ