Կատալոնիան առկախել է անկախության հռչակումը
11.10.2017թ. 10:40:46

Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանի խորհրդարանում ելույթ ունենալիս` խնդրել է ներկաներին Իսպանիայից անմիջապես անկախանալու մասին դեռեւս չհայտարարել, որպեսզի հարցը լուծվի Մադրիդի հետ բանակցային ճանապարհով: Իր հայտարարության մեջ Պուչդեմոնը նաեւ նշել է, որ այս քայլով ցանկանում է նվազեցնել առկա լարվածությունը: Ավելին, Պուչդեմոնը ողջունել է անկախության կողմնակիցներին եւ քննադատել Իսպանիայի քայլերը, միեւնույն ժամանակ նշելով, որ մարդիկ բազմակողմանի մտահոգություններ ունեն հետագայի հետ կապված:

Նրա այս հայտարարությունը, սակայն, կատալոնացիները միանշանակ չեն ընդունել: Այս րոպեներին Բարսելոնայի փողոցներում անկախության հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցի են դուրս եկել: Հաղորդվում է, որ տարածաշրջանային խորհրդարանի շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե: Ըստ Կատալոնիայի իշխանությունների՝ Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը: Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին։ Տուժեց մոտ 900 մարդ: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության եւ հօգուտ Կատալոնիայի անկախության: