Արցախի անկախության ճանաչումը կօգնի նվազեցնել լարվածությունը
02.10.2017թ. 18:13:28

«Տպավորություններս շատ դրական են, ես սոցիալ-տնտեսական առումով զգալիորեն վատ իրավիճակի էի սպասում: Գիտեմ, որ այստեղ պատերազմ է եղել, ես տեսել եմ պատերազմի հետևանքները Ուկրաինայում»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի երիտասարդ սոցիալիստների միության ղեկավար Վիտալի Ռոմանչենկոն: Ուկրաինացի երիտասարդ սոցիալիստը, ով  երկօրյա ճանաչողական այցով Արցախ է ժամանել Սոցինտեռնի ընկերվարական երիտասարդների միջազգային միության պատվիրակության կազմում, համեմատականներ է անց կացնում իր հայրենիք հետ, որտեղ տնտեսությունը կաթվածահար է եղել պատերազմի պատճառով, իսկ Արցախում, ըստ նրա, բավականին ժամանակ է անցել, մարդիկ հարմարվել են նոր պայմաններին, գտել իրենց տեղը:

Ընդհանրապես ռազմական գործողություններին բացասաբար վերաբերվող Վիտալի  Ռոմանչենկոն, դրական է գնահատում պայքարի միջոցով Արցախի անկախության հասնելը. «Ես Ուկրաինայից եմ, գիտեմ ինչ է պատերազմը, շատ բացասական եմ վերաբերում ցանկացած ռազմական գործողության, որովհետև դա նշանակում է մարդկային զոհեր, տնտեսության անկում: Իսկ Ձեր դեպքում ուրիշ տարբերակ չի եղել և ստիպված եք եղել  ծայրահեղ միջոցների դիմել»:

«Արցախի անկախության ճանաչումից հետո կասկածում եմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները կբարելավվեն, բայց դա ինչ-որ չափով կօգնի նվազեցնել լարվածությունը, կլինի այլ կարգավիճակ, ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը հնարավոր կլինի ուղղել պետության տնտեսական զարգացմանը»,- ավելացրել է  երիտասարդ քաղաքագետը: