Կայացել է «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի մամուլի ասուլիսը
27.12.2017թ. 13:09:10

Դեկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի մամուլի ասուլիսը:

Հայկ Խանումյանը նախ անդրադարձավ 2017թ. ընդունված Սահմանադրության հանրաքվեին, ԱՀ նախագահի ընտրությանը: Քննադատելով նոր Սահմանադրության ընդունումը՝ Հայկ Խանումյանն այն որակել է որպես «քաղաքական արհավիրք»:

Խոսելով նոր կառավարության ձևավորման և 2018թ. բյուջեի քննարկումների մասին, Հայկ Խանումյանը նշել է, որ  այդ քննարկումները ցույց տվեցին, որ կառավարությունը շարունակելու է աշխատել նախկին տրամաբանությամբ. «Փորձելով լուծել սոցիալական խնդիրներ, բավականին մեծացրել են պետական կառավարման ապարատը, հսկայական չափով ավելացրել բյուջետային աշխատողների թիվը»:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավարը նշել է, որ տարվա ընթացքում խմբակցությունը հանդես է եկել երկու հարցապնդմամբ, որոնցից մեկը գյուղամիջյան ճանապարհներին հատկացվող գումարների եռապատկման վերաբերյալ էր, մյուսը՝ ԱՀ կառավարության կողմից տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց տրված երաշխիքների մասին:

Այնուհետև Հայկ Խանումյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ճանաչմանը, թոշակների բարձրացմանը, կրթական համակարգին և այլ խնդիրների:

Խոսելով խմբակցության կատարած աշխատանքների մասին, Հայկ Խանումյանն առանձնացրել է վերաբնակեցման ծրագրերին վերաբերող առաջարկը, որն ընդգրկվել է բյուջեի նախագծի մեջ: «Որպես քաղաքական որոշումների վրա քիչ ազդեցություն ունեցող քաղաքական ուժ, մեր հիմնական նպատակն է քաղաքական օրակարգ մտցնել հարցեր և այդ հարցերը լոբբինգ անել»,- ավելացրել է Հայկ Խանումյանը: