Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի տարեկան անդամակցական ընդհանուր ժողովը
19.04.2017թ. 15:01:18

Ապրիլի 9-ին կայացել է Հայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության տարեկան՝ 14-րդ անդամակցական ժողովը: Ժողովին հրավիրված էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը, ով բարձր գնահատեց հօմուհիների ավանդն ու աջակցությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:

Մասնաճյուղի ընթացավարտ վարչությունը ներկայացրեց գործունեության հաշվետվությունը, որն ընդգրկում է վարչության 14-ամսյա գործունեության տարբեր ոլորտներ:

ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչությունն անցնող տարվա ընթացքում, ինչպես նախկինում, որպես ուղեկից կազմակերպություն՝ ստացել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության փոխադարձ գործակցությունն ու օժանդակությունը:

Այս ժամանակահատվածում վարչությունը պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ՀՕՄ կապն ապահովող՝ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, Կենտրոնական կոմիտեի անդամների հետ, և քննարկվել են կազմակերպչական հարցեր վարչության նախատեսած ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում վարչությունը համագործակցել է նաեւ Արցախում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, համագործակցությունը շարունակել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունների, ինչպես նաև ԼՂՀ ոստիկանության հետ:

Մշտական ծրագրեր

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՕՄ-ը շարունակել է Արցախում իրականացնել ուսմանը միտված մնայուն ծրագրերը:

ա. ՀՕՄի  կրթաթոշակ

2016-2017 ուսումնական տարեշրջանի համար վարչությունը որոշեց երաշխավորել Մարտակերտ քաղաքից երկկողմանի ծնողազուրկ,  բազմազավակ, անապահով ընտանիքի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետի ուսանողուհու, ում 2016-2017 ուսումնական տարվա համար ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության «ՀՕՄ-ի կրթաթոշակի» հանձնախմբի որոշմամբ հատկացվեց 1000 ԱՄՆ դոլար:

բՀՕՄի «Լավագույն ուսանող» ծրագիր

2016-2017 ուսումնական տարեշրջանի համար ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության կողմից խրախուսվեցին  հինգ առաջադեմ ուսանողներ: Վարչության որոշումով՝ նպատակային ֆոնդի հաշվին ուսանողների թիվն ավելացվեց ևս հինգով: Եվ այսպես՝ վարչությունը, համագործակցելով ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ, ՀՕՄ-ի «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում խրախուսեց սոցիալապես անապահով ընտանիքներից  ընդհանուր թվով 10 ուսանողների, յուրաքանչյուրին տալով 100-ական ԱՄՆ դոլար:

գ. ՀՕՄի «Սոսե» մանկապարտեզներ

Հայ օգնության միության կողմից Արցախում իրականացվող և հաջողված ծրագրերից մեկը շարունակում է մնալ «Սոսե» մանկապարտեզների ծրագիրը: Այսօր Արցախում գործում են ՀՕՄ-ի 8 «Սոսե» մանկապարտեզներ՝ Ստեփանակերտում, Շուշիում, Մեծ Թաղերում, Տողում, Ակնաբերդում, Աշանում, Խնձրիստանում և Քարեգահում: Այս ծրագրի շնորհիվ հարյուրավոր երեխաներ նախադպրոցական կրթություն են ստանում, և դրանց կողքին մոտ 80 ընտանիք ապահովվում են աշխատանքով:

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության, ՀՕՄ-ի Արցախի միավորի և միության աշխարհասփյուռ կառույցի կողմից միասնական ջանքերով կյանքի է կոչվել  մանկապարտեզի նոր շենքի վերակառուցման ծրագիրը:

Դրամահավաքի հանձնախումբը և ՀՕՄ-ի աշխարհասփյուռ տարբեր կառույցներ շարունակում են նախաձեռնել դրամահավաք միջոցառումներ շինարարությունը սահմանված ժամկետում ավարտելու համար:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. սեպտեմբերին մանկապարտեզը շահագործման է հանձնվելու: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության որոշումով՝ մանկապարտեզի բացումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 6-ին:

Խնամատարական  ծրագրեր

ա. Որբերի խնամակալության ծրագիր  

ՀՕՄ-ի խնամակալության ծրագրի շրջանակներում արդեն ընդգրկվել են 2015-ին և 2016-ին զոհված զինծառայողների և ազատամարտիկների անչափահաս  երեխաները:

Հաշվետու ժամանակշրջանում խնամակալության ծրագրի շրջանակներում Արցախին հատկացվել է 246 երեխայի գումար՝ յուրաքանչյուրին 170-ական ԱՄՆ դոլար:

բ. Որբերի «Ուսանող» ծրագիր 

Այս տարեշրջանում «Ուսանող» ծրագրին Արցախից թվով 38 ուսանողներ ևս ընդգրկվեցին այս ծրագրում՝ ստանալով 300 -ական ԱՄՆ դոլար:

գ. ՀՕՄի «Ամանոր» ծրագիր

ՀՕՄ-ի Ամանոր ծրագրի գործադրությունը նախորդ տարիների նման շարունակվեց նաև այս տարի: ՀՕՄ-ի Արցախի «Սոսե»  մանկապարտեզների՝ թվով 360 երեխայի համար ամանորյա նվերներ ձեռք բերվեցին՝ բարձրորակ և հետաքրքիր խաղալիքներ, որոնք մեծ ուրախություն պատճառեցին փոքրիկներին:

Քառօրյա պատերազմ

Ապրիլին Արցախում ստեղծված ռազմական իրադրության հենց առաջին ժամերին հօմուհիները զինվորների համար անհրաժեշտ պարագաներով անմիջապես այցելեցին Ստեփանակերտի ռազմական հոսպիտալ, հանրապետական հիվանդանոց՝ օժանդակություն ցուցաբերելով բուժօգնություն ստացող զինվորներին, մանկական հիվանդանոցում բուժում ստացող երկու վիրավոր երեխաներին: Այդպիսի այցելություններ պարբերաբար իրականացվեցին ապրիլյան պատերազմական գործողություններին հաջորդած առաջիկա օրերին: ՀՕՄ-ի միավորներից և անհատ նվիրատուների կողմից հատկացված գումարներից Կենտրոնական վարչությունը Արցախի միավորի միջոցով փոխանցել է՝ 50.000 ԱՄՆ դոլար ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին, 16.400 ԱՄՆ դոլար ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության միավորի որոշումով ապրիլյան պատերազմի հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում ապաստան գտած ընտանիքներին օժանդակություն:

ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչությունը պատերազմի առաջին օրերից սկսած աշխատանքները կազմակերպել է՝ համագործակցելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի, Ստեփանակերտի քաղաքապետարանի,  ԼՂՀ կառավարության հատուկ հանձնաժողովի և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ: Համագործակցելով Ստեփանակերտի և Շուշիի քաղաքապետարանների կրթության բաժնի պատասխանատուների հետ, հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացրած ցանկերը և տնօրինության կողմից տրված տեղեկանքները՝ 730 դպրոցականներ ստացան նյութական օժանդակություն. Թալիշ գյուղից 25 դպրոցականներ ստացան 20.000-ական դրամ, իսկ մնացածները 10.000 -ական դրամ՝ հագուստեղեն և կոշիկ ձեռք բերելու համար:

ՀՕՄ-ուհիները, հավատարիմ մնալով կազմակերպության որդեգրած ուղեգծին, թե՛ գործով, թե՛ խոսքով շարունակել են քաջալերել, նեցուկ կանգնել հայ զինվորին, հայ կնոջն ու մանուկին: Հայաստանի եւ Սփյուռքի ՀՕՄ-ի կառույցները, մեկ բռունցք դարձած, արցախահայության կողքին էին, շարունակել են միավորի միջոցով թե՛ դրամական, թե՛ պարենային, թե՛ տարբեր այլ օգնություններ ուղարկել Արցախ՝ իրենց միասնությունն ու պատրաստակամությունը ցուցաբերելով համահայկական այս կարևոր, դժվար ու պատասխանատու գործին:

Սփյուռքահայ բարերարներ, կամավոր անհատներ և հասարակական կազմակերպություններ համագործակցելով վարչության հետ՝ գրասենյակում բազմիցս կազմակերպվել են հանդիպումներ քառօրա  պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների հետ և ցուցաբերել օգնություն:

  1. ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակում հունիսի 10-ին միաժամանակ տեղի ունեցավ երկու միջոցառում. Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության կողմից ցուցաբերվեց դրամական օգնություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին և ՀՕՄ-ուհիների նախաձեռնությամբ թեյասեղանի շուրջ կազմակերպվեց հոգեբանական զրույց-ցերեկույթ, որի մասնակիցներն էին Հադրութի շրջանից զոհվածների ընտանիքների անդամները և ՀՕՄ-ուհիներ, որոնց ամուսիններն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:

Օգնություն է ցուցաբերվել 2016-ին ապրիլյան իրադարձությունների ժամանակ ԼՂՀ քաղաքացիություն ունեցող, զոհված զինծառայողների 27 ընտանիքների: ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչը մեկ առ մեկ այցելել է զոհվածների բնակարանները, ծանոթացել պայմաններին, զրուցել հարազատների հետ, հանձնել երիտասարդների կողմից գրված սփոփող նամակներ և յուրաքանչյուր ընտանիքի հանձնել նախատեսած 1000-ական  ու ամեն երեխայի համար հավելյալ 250-ական ԱՄՆ դոլար գումարները:

  1. Օգնություն ցուցաբերվեց նաև Արևելյան Ամերիկայի «Տարոն» հայրենակցական միության կողմից՝ միության անդամ Ռաֆֆի Մարտիրոսյանի միջոցով, ով Արցախ էր եկել իր ընտանիքի անդամներով և ցանկացել մոտիկից ծանոթանալ, տեսնել այդ հերոսների հարազատներին, զրուցել նրանց հետ և անձամբ հատկացնել դրամական օգնությունը:
  2. 2013-ից սկսած՝ «Թևանիկ» խումբը համագործակցում է ՀՕՄ-ի Արցախի միավորի հետ իրականացնելով բազմաբնույթ բարեգործական ծրագրեր:

ա. «Թևանիկ» խումբը մոտ երեք տոննա և ավելի կշռով, 7500 ԱՄՆ դոլար

արժողությամբ հումանիտար բեռ է  հասցրել Արցախ:

բ. 2015թ. և 2016թ. զոհված ազատամարտիկների՝ թվով 32 ընտանիքի տրամադրվեց 200-ական  ԱՄՆ  դոլար օգնություն և նոր հագուստներ:

գ. Ամանորի շեմին 20 բազմազավակ ընտանիքներ սահմանամերձ գյուղերից (6 և ավելի  երեխա ունեցող) 100- ական ԱՄՆ դոլար  օգնություն  ստացան:

դ. Քառօրյա պատերազմում վիրավորված և հաշմանդամության խումբ ստացած, ինչպես նաև բուժման ընթացքում գտնվող՝ թվով 20  զինծառայողների ընտանիքներին  ցուցաբերվող  200-ական ԱՄՆ  դոլար  օգնությունը  ընթացքի մեջ է:

«Թևանիկ» խմբի կողմից կյանքի կոչված բարեգործական ծրագրերը    շարունակական կլինեն:

Իրականացվել են նաև հասարակական մեծ արձագանք ստացած «Ապահով մանկություն սահմանամերձ գյուղերում» և «Այցելություն   դիրքապահ զինվորներին» ծրագրերը:

Ընթացավարտ վարչությունը շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ի Արցախի միավորի բոլոր ընկերուհիներին համատեղ աշխատանքի և բարոյական աջակցության համար և երախտիքի խոսք հղեց նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել ծավալված աշխատանքներին:

Կատարված աշխատանքներն ամփոփելուց հետո նախանշվեցին առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները:

Վարչության նոր անդամներ ընտրվեցին Արմինե Հարությունյանը, Մելանյա Բալայանը, Կարինե Պետրոսյանը և Գայանե Ղուլիյանցը: Վարչության ատենապետուհի ընտրվեց Ռուզաննա Աբրահամյանը: