Կայացել է ՀՀ և ԱՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
09.12.2017թ. 15:03:37

Դեկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ  Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

«Հայկական երկու հանրապետությունների միջև համակողմանի հարաբերությունները զարգացնելու պատկառելի ճանապարհ ենք անցել և այդ ամենի մեջ լուրջ տեղ են գրավում միջխորհրդարանական կապերը»,- բացման խոսքում նշել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով արտաքին դժվարություններին և մարտահրավերներին դիամակայելու միասնական ճակատի անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունն Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական կապերի ընդլայնման հարցում. «Գործնական հետաքրքությամբ մեր երկիր այցելող օտարերկրացիների մեջ պատգամավորները երկրորդ տեղում են՝ լրագրողներից հետո»:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ երկու խորհրդարանների միջև հարաբերությունները բազմաշերտ են ու բազմաբնագավառ: «Երկու երկրներում էլ խորհրդարանների դերը սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխվել է: Հատկապես ՀՀ խորհրդարանի պարագայում, որտեղ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին թույլ է տալիս խորհրդարանին ավելի մեծ ներգրավում ունենալ, այդ թվում նաև արտաքին քաղաքական հարցերի մեջ, յուրահատուկ մարտահրավեր, պատասխանատվություն է, որովհետև այս նոր գործառույթների կատարման համար մենք ունենք նոր կարողությունների, հնարավորությունների կարիք և Արցախի խորհրդարանի հետ մեր հարաբերությունները փոխադարձ հարստացման են տանելու»,- իր խոսքում ասել է Արմեն Աշոտյանը:

Այնուհետև ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանի հանդես է եկել Հայաստանի և Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ զեկուցումով:

Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին զեկույց է ներկայացրել Արմեն Աշոտյանը, որից հետո կայացել է մտքերի փոխանակություն:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել Արմեն Աշոտյանը, Հայկ Խանումյանը, Արտակ Զեյնալյանը, Կարեն Բեքարյանը, Դավիթ Մելքումյանը, Շիրակ Թորոսյանը:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է օրակարգային երկրորդ հարցի քննարկմամբ, որը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին: Թեմայի շուրջ զեկույց է ներկայացրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ հարևան երկրների և համաշխարհային ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առկա իրավիճակին և սպասվող զարգացումներին:

Քննարկվող թեմայի շուրջ մտքեր են փոխանակել Վարդգես Բաղրյանը, Արտակ Զեյնալյանը, Գեորգի Պետրոսյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Աշոտ Ղուլյանը և Կարեն Բեքարյանը:

Համատեղ նիստի արդյունքներով հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արմեն Աշոտյանը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, բացի վերոնշյալ հանձնաժողովների նախագահներից և անդամներից, ներկա էին նաև ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, անդամներ, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նախարարի տեղակալները: