«Նիկոլ Դուման» գրքի շնորհանդեսն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » «Նիկոլ Դուման» գրքի շնորհանդեսն Արցախում

«Նիկոլ Դուման» գրքի շնորհանդեսն Արցախում

Դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտի ‹‹Եվրոպա››  հյուրանոցի դահլիճում  տեղի ունեցավ Համլետ Գեւորգյանի ‹‹Նիկոլ Դուման›› վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին  մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ուժային կառույցների ղեկավարներ, Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ եւ մտավորականներ:

 

Նիկոլ Դումանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված գիրքը վերահրատարակվել է Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության գործավար Ժասմեն Բունիաթյանի հովանավորությամբ, իսկ Ստեփանակերտում գրքի շնորհանդեսը կազմակերպել էր  ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն:

 

Համլետ Գեւորգյանի ‹‹Նիկոլ Դուման›› գիրքը նվիրված է Հայ ազգային- ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանին (Նիկոլ Դուման):

 

Գրքի հեղինակը հայրենական պատմագրության մեջ առաջին անգամ, արխիվային նորահայտ վավերագրերի, հուշագրությունների, մենագրությունների ուսումնասիրությամբ  եւ օգտագործմամբ,  ներկայացրել է Նիկոլ Դուման ազգային գործչի հսկայածավալ ու հայրենանվեր գործունեությունը:

 

Այս տարվա սեպտեմբերի 28-ին է լրացել Հայ ազգային- ազատագրական պայքարի եւ ՀՅ Դաշնակցության նվիրյալներից մեկի՝   Նիկոլ Դումանի մահվան 100 -ամյա տարելիցը: Պատմական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր, ԼՂՀ ԱԺ ‹‹Դաշնակցություն›› խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի գնահատմամբ՝ կատարված աշխատանքն այժմեական է մանավանդ մեզ՝ արցախցիներիս համար.  ‹‹Նիկոլ Դումանի կատարած գործն  այսօր էլ ապրում է հայության մեջ, մեր զինվորների մեջ, եւ դրա արդյունքն է, որ մենք կարողանում ենք պետականություն ունենալ եւ սահման պահել:

 

Համոզված եմ, որ օրեցօր ավելի շատ խոսելով այդ մարդկանց մասին՝ մենք արժեւորում ենք այդ մարդկանց: Հարգանքի տուրքը մատուցելով Նիկոլ Դումանին՝ մեր երախտիքի խոսքը պետք է հղենք այն բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին, ազգային պետականություն ունենալուն››:

 

‹‹Որպես պատմաբան՝ մեր ժողովրդին ներկայացրել եմ Նիկոլ Դումանին,-aparaj.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակը եւ հավելեց,- Դումանին հնարավոր չէ որեւէ մեկի հետ համեմատել, նա իսկապես մեծություն է››:

 

Հեղինակի խոսքերով՝ գրքի ընթերցողների հիմնական բացահայտումը լինելու է այն, որ  հզոր ազգ ունենալու համար  պետք է օրինակ վերցնել Նիկոլ Դումանից: Դումանի կերպարը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես պետք է երկիր ղեկավարել՝  ապահով եւ հզոր հայրենիք ունենալու համար:

 

 

1