Ծառատունկ՝ ի հիշատակ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի հերոսների
08.04.2017թ. 19:55:04

Ապրիլի 8-ին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Արցախի հարավային զորամասերից մեկի շրջակայքում կազմակերպվեց ծառատունկ և շաբաթօրյակ: Նախաձեռնությանը մասնակցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով ՝ այսպիսի միջոցառումները նորություն չեն մեր երիտասարդության համար, սա արդեն բարի ավանդույթ է: «Այս մեկն այլ խորհուրդ ունի. հարյուրամյակներ առաջ մեր պապերն այս տարածքից ոչ հեռու Վարդանանց պատերազմի հերոսների հիշատակին նվիրված անտառներ են հիմնել, իսկ Արցախի սերունդն այսօր այստեղ ծառեր է տնկում ի հիշատակ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի հերոսների»,- նշեց Նարինե Աղաբալյանը և հավելեց, որ սրանով հաստատում ենք մեր հավատարմությունը մեր իսկ դավանած սկզբունքներին ու պայքարին:

Ավելի քան 300 երիտասարդների մասնակցությամբ այս նախաձեռնությունը ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը խոստանում է շարունակական դարձնել  և, շարունակելով բարի ավանդույթը, Արցախի տարբեր վայրերում նոր այգիներ հիմնել: