Խորհրդարանների դերը ՀՀ-ում և ԱՀ-ում ավելի է ամրապնդվել և դարձել վճռորոշ
09.12.2017թ. 20:20:26

«Խորհրդարանների դերը երկու երկրներում ավելի է ամրապնդվել և դարձել վճռորոշ, որովհետև մի դեպքում խորհրդարանը հակակշիռ է գործադիր իշխանությանը ի դեմս վարչապետի և կառավարության, մյուս դեպքում՝ խորհրդարանը քաղաքական բալանս է նախագահական իշխանության համար»,- այս մասին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀՀ և ԱՀ կառավարման համակարգերի տարբերության պայմաններում հետագա համագործակցության մասին «Ապառաժ»-ի հարցին:

Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի՝ անկախ նրանից, թե գործադիր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ինչպես է ձևավորվելու, ինչպես է աշխատում, ինչպիսի գործառույթներ ունի, խորհրդարանական գործառույթներն ուժեղացել են: «Մենք բոլոր դեպքերում երեք կարևոր առաքելություն ունենք՝ հանրային իրազեկում, հասարակության ներգրավում և խորհրդարանական վերահսկողություն: Այս գործառույթները մենք շարունակելու ենք իրականացնել, իսկ այստեղ փորձի փոխանակումը ոչ միայն մեր հանձնաժողովների միջև պետք է լինի, այլ նաև մնացած հանձնաժողովների»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա խոսքով՝ ուրախալի փաստ է այն, որ այս տարի զարգացել են երկու երկրների խորհրդարանների խմբակցությունների միջև հարաբերությունները: Այն ևս քաղաքական մշակույթի կայացման կարևոր գործոն է, հատկապես Արցախի հանրապետության համար, որովհետև այստեղ կուսակցական համակարգի հետագա զարգացման հեռանկարներն ավելի շատ են:

Անդրադառնալով հայկական պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների մասին հարցին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում համապատասխան հանձնաժողով է ստեղծվել և պետական ծրագիրը դեռ մշակման փուլում է: «Կարծում եմ, ծրագիրը մոտ ապագայում կհրապարակվի և միջոցառումները հասանելի կլինեն հասարակությանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության հասարակությունը»,- ավելացրել է Արմեն Աշոտյանը: