Խորհրդաժողով` նվիրված Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակին
05.09.2017թ. 17:43:24

Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակի կապակցությամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այլ միջոցառումների շարքում, կազմակերպել էր խորհրդաժողով: Խորհրդաժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին, Երեւանում, «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ» խորագրի ներքո:

Խորհրդաժողովին հրավիված էին Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանականներ, կառավարությունների անդամներ, կուսակցական գործիչներ, մտավորականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, լրագրողներ եւ ուրիշներ:

Խորհրդաժողովը սկսվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բացման խոսքով: Իր խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ հայությունը պետք է իրականացնի ծրագրված մի շարք աշխատանքներ Արցախի անվտանգությունն ապահովելու, վերջինիս շուրջ միջազգային ասպարեզում հանրային դրական մթնոլորտ ձեւավորելու համար: Հրանտ Մարգարյանը ասաց. «Դաշնակցության համար Արցախը միշտ եղել է գերխնդիր եւ մենք ամեն հանգրվանում ձգտել ենք մեր ծրագրերով, մեր տեսակետներով եւ առաջարկություններով լինել առաջին գծի վրա: Այսօր էլ մենք ունենք գաղափարներ եւ ծրագրեր, որոնք կուզեինք ձեզ հետ կիսել, նաեւ ծանոթանալ ձեր մտքերին եւ հնարավորություն ստեղծելով, որ իշխանությունը նույնպես կարողանա օգտվել այդ մտքերից, եզրակացություններից՝ նոր գաղափարներ զարգացնելու համար»,- ավելացրեց Բյուրոյի ներկայացուցիչը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը՝ ներկայացնելով «Սահմանային իրավիճակն Արցախյան հարցի կարգավորման բանակցությունների լույսի ներքո» զեկույցը:

Պարոն Առուստամյանը խոսեց այն ներքին ու արտաքին դրդապատճառների մասին, որոնցով առաջնորդվելով Բաքվի ղեկավարությունը ձգտում է մշտական լարվածության մեջ պահել հայ-ադրբեջանական սահմանային գիծը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը փորձում է ռազմական բնույթի սադրանքներով ազդել քաղաքական եւ բանակցային գործընթացների վրա: Արցախյան բանակի գնդապետը հավաստեց, որ հայկական կողմը մշըապես պատրաստ է հակահարված տալու այդպիսի քայլերին եւ զսպելու ագրեսիվ հարեւանին: Վիկտոր Առուստամյանը անդրադարձավ նաեւ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին եւ, ներկայացնելով ադրբեջանական արկածախնդրության մեջ ներքաշված ռազմական ներուժի ու ծրագրված գործողությունների պատկերը, համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածը, ոչ թե հերթական սադրանք էր կամ «հետախուզություն մարտի միջոցով», այլ միանշանակորեն նպատակ ուներ անակնկալ եւ լայնածավալ պատերազմական գործողությամբ իր օգտին լուծել Արցախի հարցը: «Հայկական կողմի ջաջխջախիչ հակահարվածն էր, որ կասեցրեց այդ նպատակի իրագործումը» հաստատեց զեկուցողը:

Պարոն Առուստամյանը խոսեց այն մասին, որ ապրիլյան դեպքերից հետո սահմանային գիծը տեխնիկապես լրջորեն բարեփոխվել է հնարավորություն ստեղծելով մշտադիտարկման ներքո պահել հակառակորդի պաշտպանական գծի խորքը եւ ժամանակին կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

«Ներկայումս հակառակորդը սադրանքների է դիմում ավելի լուրջ զենքերով, քան նախկինում էր, սակայն մենք դրանց հակադարձում ենք առավել ուժգին հարվածներով»,- ավելացրեց Արցախի բանակի ներկայացուցիչը:

Հաջորդ զեկուցողը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն էր, ով խոսեց «Ռազմական իրավիճակը, սահմանային բախումներն ու դրանց կանխարգելման միջոցառումները. Հայկական ռազմական ներուժի զարգացման արդի ռազմավարությունը» թեմայով:

Պարոն Զաքարյանը մանրամասնորեն ներկայացրեց սահմանային իրավիճակի հետ կապված խնդիրները եւ այն անելիքները, որոնք պաշտպանության գերատեսչությունը ծրագրում եւ իրականացնում է: Ըստ նրա բանակաշինության խնդիրը մշտական գործ է, որն իրականացվում է ամեն օր: Հայկական բանակը, ըստ վերջինիս, ունենալով պաշտպանական բնույթ իրականացնում է կատարելագործման ծրագիր պատրաստ լինելու համար վաղվա մարտահրավերներին: Խոսվեց նաեւ հայկական ռազմարդյունաբերական ոլորտի դերի մասին հայկական բանակի ռազմունակության հզորացման գործում:

Արցախի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարար Սամվել Ավանեսյանը զեկույցի թեման էր.«Արցախի վերաբնակեցման քաղաքականությունն ու առկա խնդիրները»:

Պարոն Ավանեսյանի տվյալների համաձայն վերաբնակեցման գործը Արցախում սկսվել է դեռեւս արցախյան ազատագրական պայքարի սկզբնական շրջանից, երբ ադրբեջանական կողմի իրականացրած հայաթափման ծրագրի հետեւանքով ժամանակ առ ժամանակ վերսկսվել է փախստականների ներհոսքը: ԼՂՀ իշխանությունները կարեւորելով վերաբնակեցման խնդիրը ամենադժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում անգամ չեն ընդհատել Արցախ ժամանողներին բնակարանի եւ ապրուստի միջոցներով ապահովելու գործը: Վերադարձողների համար կառուցվել են նոր բնակավայրեր, վերականգնվել են պատերազմի հետեւանքով ավերված շենքերն ու շինությունները: Միաժամանակ այս գործընթացն ուղեկցվել է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ՝ ճանապարհներ, ջրագծեր առեւտրի օբյեկտներ, առողջապահական, սոցաիալական ծառայություններ եւ այլն: Այս հարցերում Արցախի իշխանություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հայրենի եւ սփյուռքահայ բարեգործներ, տարբեր բարեգործական կազմակերպություններ եւ միություններ:

Խորհրդաժողովի մասնակիցների կողմից շեշտվեց այն միտքը, որ առավել ծավալուն եւ արդյունավետ կերպով վերաբնակեցման գործն իրականացնելու համար անհրաժեշտ է շատ ավելի լուրջ ներդրում, ինչը վեր է ԼՂՀ իշխանությունների հնարավորություններից եւ այս հարցում անհրաժեշտ է Հայաստանի ծրագրված ու շոշափելի աջակցությունը:

Վերջին զեկույցն էր. «Արցախյան հարցի շուրջ քաղաքական գործընթացներն ու Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ անհրաժեշտ ջանքերը», որը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան:

Համառոտ կերպով ներկայացվում է Ա. Ռուստամյանի ելույթը.

Ադրբեջանի մարտավարությունը

Նպատակը՝ հակամարտության կարգավորման «ադրբեջանական մոդուսի» կիրառման իրավունքի ձեռքերումն է.

Այս նպատակն իրականցնելու գլխավոր փուլերը բաժանվում են՝ ըստ մինչ և հետ քառօրյա պատերազմական իրավիճակների միջազգային ընկալումների ու տարբերությունների:

«Ադրբեջանական մոդուսը» միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջ մղելուն կոչված Բոբ Վոլտերի հեղինակած համապատասխան զեկույցի, ԵԽԽՎ-ում տապալվելուց հետո, Ադրբեջանը փորձեց նույն այդ մոդուսը պարտադրել բլից-պատերազմով ստատուս քվոն փոխելու միջոցով:

Ըստ այդմ՝ կարգավորման ադրբեջանական մոդուսը, մարտավարական առումով հետապնդում է գլխավոր երկու նպատակ՝ չկաշկանդվել և չսահմանափակվել միակը համարվող Մինսկի գործընթացով և վերանայել հակամարտության բնույթի և լուծման մասին նրանով ձևավորված պատկերացումը:

Քառօրյա պատերազմի ձախողումով Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր այս նպատակին, այլև ավելի ամրապնդվեց Մինսկի խմբի համանախագահների միակ, միջազգայնորեն ճանաչված, մանդատը: Ավելին, համընդհանուր ճանաչում գտավ և ամրապնդվեց զինադադարի մասին 1994թ. եռակողմ պայմանագրի անժամկետ լինելու փաստը: Արդյունքում առաջնահերթ խնդիր դարձավ ոչ թե ստատուս քվոյի անվերապահ փոփոխության, այլ իրական խաղաղ բանակցությունների համար լիարժեք պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը իր ռազմավարությունը կյանքի կոչելու և հարցի լուծման իր միակողմանի քայլերը արդարացնելու համար հրաժարվում է ընդունել հակամարտության էության մասին ձևավորված պատկերացումը և այն ներկայացնելով որպես իր ներքին խնդիր՝ փորձում է ձեռք բերել սուվերեն իրավունք Արցախի ժողովրդին պարտադրելու Ադրբեջանի սահմանադրական կարգերը: Հետևաբար, Ադրբեջանի համար բանակցությունները մաս են կազմում սոսկ իր ռազմական մարտավարության, սեփական պատերազմական գործողությունների համար քաղաքական աջակցություն ապահովելու նպատակով:

Հայկական կողմի համարժեք և իրավաչափ մարտավարությունը

Համարժեքության հիմքը՝

Հաշվի առնելով Ադրբեջանի փաստացի հրաժարումը խաղաղ կարգավորման պահանջներից և նրա առաջացրած մշտական վտանգները՝ արդարացված են բոլոր միջոցները, որ կոչված են ամրապնդելու Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը:
Իրավաչափությունը՝

արդարացված են Արցախի և Հայաստանի սուվերեն իրավունքից և պատմական ճշմարտությունից բխող, միասնական անվտանգության ապահովմանը ծառայող բոլոր իրավապայմանագրային կարգավորումները:

Ադրբեջանի մարտավարական հնարքներից է փուլային տարբերակի շահարկումը, ինչը նա կիրառում է իբրև թե հանուն առավել իրատեսական խաղաղ կարգավորման, սակայն իրական նպատակը՝ ձախողել կամ հետաձգել Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումը:

Ի հակակշիռ Ադրբեջանի փուլային լուծման պետք ներկայացնել, որ ցանկացած փուլային տարբերակ, այսպես թե այնպես, ենթադրում է համաձայնեցնել այն գլխավոր առաջին քայլը, որով միայն կարող է սկսվել քայլ առ քայլ առաջ ընթացող փուլային որևէ գործընթաց:
Ուստի, փուլային այն կարգավորումը, որի գլխավոր առաջին քայլը Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումն է, բնականաբար ևս բանակցելի է:
Ըստ այդմ, փուլային տարբերակին կողմնակից լինելը չի կարող Ադրբեջանին ինքնաբերաբար բանակցային առավելություն ապահովել:
Հաջորդը,՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը և նրա թշնամական էությունը լիարժեք հիմքեր են ստեղծում Հայաստան-Արցախի տանդեմի լիարժեք իրավական ամրապնդման և Հայաստանի՝ Արցախի անկախության երաշխավորը լինելու փաստի, միջազգային ճանաչման համար:
Հայաստանի և Արցախի շուրջը ձևավորված թշնամական միջավայրում հայ ժողովրդի անքակտելի իրավունքն է միջազգային ճանաչում և հարգանք հայցել լիարժեք անվտագության ապահովմանն ուղղված ցանկացած նախաձեռնության վերաբերյալ:
Ներկա փուլում հայկական կողմերի մարտավարական գլխավոր խնդիրն է՝ զարգացնել ապրիլյան պատերազմից հետո առաջացած հնարավորությունները՝ կապված Մինսկի գործընթացի և նրանում հակամարտության կարգավորման մասին ձևավորված պատկերացումները վերանայելու ադրբեջանական ծրագրերի ձախողման հետևանքների հետ:
Մասնավորապես, 1994թ. եռակողմ պայմանագրի համընդհանուր վերահաստատումը անխուսափելիորեն ամրագրում է նաև նրա անքակտելի մասը հանդիսացող՝ հրադադարի ռեժիմը ամրապնդելու և սահմանային միջադեպերը կարգավորելու մասին արձանագրությունը: Ինչը ուժը պահպանած և անժամկետ լինելով՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող մեխանիզմների տեղակայման վերաբերյալ ձեռք բերած համաձայնությունների հետ միասին, ունի պարտադիր գործադրման ուժ և խաղաղ բանակցությունների սեղան Ադրբեջանին վերադարձնելու կարևորագույն միջոց է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցություններից հրաժարումը փաստելը և միջազգային հանրության կողմից դրա դատապարտմանը հասնելը մեզ կարող է ապահովել լրջագույն առավելություններ և միաժամանակ խթանել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Առավել ևս որ ոչինչ չի խանգարում միջնորդ կողմերին վերահսկող մեխանիզմների և սարքավորումների տեղադրումը կատարել հայկական կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Եզրափակելով կարելի է ներկայացնել, թե որը պետք է լինի ի հակակշիռ <ադրբեջանական մոդուսի> մեր՝ բանակցությունները սուբստանտիվ (բովանդակային, առարկայական) դարձնելու և կայուն խաղաղություն ապահովելու հակամարտության կարգավորման <հայկական մոդուսը>:
1. հարգել 1991թ. անկախության և դրան հաջորդած սահմանադրական հանրաքվեներով արձանագրված Արցախի ժողովրդի կամարտահայտությունը: Ըստ որի հռչակված է անկախ պետություն ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանների տարածքները ամրագրող սահմաններով և հաստատված է, որ մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներում
Այսպիսով, որևէ կարգավորում, որ չի ապահովում ԼՂՀ անկախ կարգավիճակի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծում, անընդունելի է:
2. Բանակցային գործընթացի լիարժեքության ու արդյունավետության համար ապահովել ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին:
3. Միջազգային արդյունավետ վերահսկողություն սահմանել՝ ապահովելու 1994-95թթ. զինադադարի եռակողմ պայմանագրի և նրանից բխող հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծի երկայնքով միջադեպերի կարգավորման մասին արձանագրության անվերապահ կատարումը:
4. Բանակցային գործընթացը հունավորելու և Ադրբեջանի ռազմատենչ ու հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելու համար նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման գործին՝ ընդլայնելով Արցախի բնակավայրերի և օտարերկրյա այլ համայնքների միջև երկկողմանի <քույրացման> պայմանագրերի կնքման շրջանակը:
5. Անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ հաստատելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք՝ ամրագրելով ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորը լինելու ՀՀ կարգավիճակը՝ նկատի ունենալով անհրաժեշտ պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը:
6. Ձևավորել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան և ռազմական հանցագործությունները ապացուցող փաթեթ և հասնել դրա միջազգային դատապարտմանը:
7. Արցախյան ազատամարտի հաջողությունները ամրապնդելու և հիմնախնդրի հայանպաստ լուծումը կանխորոշելու նպատակով իրականացնել Արցախի վերաբնակեցումը և հիմքեր ստեղծել ապահովելու դրա միջազգային աջակցությունը

4 -ը սեպտեմբեր, 2017թ.
ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակ