Խաղաղության և Պատերազմի իրավունքը
01.11.2017թ. 16:48:34

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան- Ալիև հանդիպումը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները վերլուծությունների և մտքերի փոխանակության առիթ դարձան: Չենք ուզում անդրադառնալ իրողություններին, մեկ առ մեկ կամ ժամանակագրել դրանք: Խնդիրը ո՛չ հայտարարություններն են և ո՛չ էլ՝ որևէ կողմի մեղադրանքներն ու արդարացումները:

Հայկական վերլուծական դաշտում նախ դատապարտվեց երկու նախագահների հանդիպմանը համաձայնելը, քանի դեռ չի ապահովվել վստահության մթնոլորտը: Իսկ մյուս կողմից, որպես հակափաստարկ, ասվեց. «Պետք է համաձայնենք կամ բանակցությունները շարունակելուն, կամ պատերազմին»: Առաջին հայացքից երկու կողմերի մոտեցման մեջ էլ  նկատելի են տրամաբանական տարրեր: Սակայն պետք է ի մտի ունենանք՝ բանակցությունների կամ հանդիպման ընթացքում խոսված նյութն ավելի կարևոր է, քան ինքնին գործողությունը: Եթե ճշտվում է  բանակցային օրակարգն ու դիմացինին պարտադրվում այդ շրջանակում բանակցել, բնականաբար, շահում ես բանակցելով: Մյուս կողմից,  հնարավոր է հանդիպել, բանակցել կամ երկխոսել նույնիսկ պատերազմի ժամանակ, կարելի է նաև չբանակցել և, միևնույն ժամանակ, չպատերազմել: Օրինակները  բազմաթիվ են հենց Արցախյան հակամարտության զանազան փուլերում:

Կարևորը բանակցման նյութն է ու նրանից քաղած արդյունքը:  Բանակցությունների արդյունքը երկու երես ունի. արտաքին՝ այն, ինչ ներկայացվում է  հանրությանը, և ներքին՝ այն, որ մնում է մասնակիցների սեփականությունը և, ըստ պայմանավորվածությունների, ենթակա չէ բացահայտման: Բնականաբար, յուրաքանչյուր կողմ փորձում է իր շահերից ելնելով «գովազդել» բանակցություններից ձեռք բերած իր արդյունքները և, միևնույն ժամանակ, շեփորել հակառակորդի ձախողումն ու փաստարկների անհեթեթությունը: Սա ընդհանուր օրենք է բանակցությունների մասնակիցների համար, այդ թվում նաև՝ արցախյան, և, ընդհանրապես, բանակցային գործընթացի պատկերը կարելի է մեկնաբանել նշված ելակետից:

Այս հորիզոնից հարցին նայելով՝ հնարավորություն է ստեղծվում պարզեցնել խնդրի էությունը: Ադրբեջանը փորձում է տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով հիմնավորել իր «պատերազմի իրավունքը»: Իսկ հայկական կողմը, հիմք ընդունելով խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, ձգտում է Ադրբեջանին խաղաղություն պարտադրել: Այս մոտեցումները, ազդվելով միջազգային անցուդարձերի և շահառու այլ ուժերի ներգործությամբ, ժամանակ առ ժամանակ գերակայում են միմյանց:

Հաշվի առնելով տարիներ շարունակվող կարծրացած այս մոտեցումները և դասեր առնելով 2016-ի ապրիլից՝ ժամանակը չէ՞ արդյոք նոր երանգներ տալ հայկական կողմի փաստարկային տրամաբանությանը:

Պետք է հիշեցնել թշնամուն՝ «պատերազմի իրավունիք»-ին ձգտելով, բնականաբար, զրկվում է խաղաղության մեջ ապրելու իրավունքից: Միևնույն ժամանակ, եթե թշնամին ցանկանում է ունենալ պատերազմի իրավունք, մեզ տալիս է պաշտպանվելու և ի խնդիր պաշտպանվելու պատերազմը նախապես կանխելու իրավունք: Իսկ  եթե Ադրբեջանը ինքն իրեն զրկել է  խաղաղության իրավունքից, հայկական կողմը ազատ է խաղաղություն պարտադրելու համար  ցանկացած միջոց օգտագործել: Պարբերաբար պետք է զգացնել խաղաղության իրավունքից զրկված լինելու դառնությունը…

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 նոյեմբեր, 2017թ.