Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլ
12.09.2017թ. 11:15:25

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլ:

Թբիլիսում շարունակվող աշխարհի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր Մաքսիմ Մատլակովի հետ: Երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ հաջորդ երկուսում մեկական անգամ հաղթեցին Արոնյանը և Մատլակովը: Այնուհետ հայ գրոսմայստերին հաջողվեց երկու անընդմեջ հաղթանակ  տոնել և 5:3 հաշվով հաղթելով Մատլակովին՝ դուրս եկավ հաջորդ փուլ:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: