«ԼՂ հակամարտություն. հնարավոր զարգացումները, պատերազմի վտանգ»
24.11.2017թ. 11:23:46

Արցախի  Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանի ելույթը Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-17-ին Իրանում կայացած «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձությունների համատեքստում» խորագիրը կրող խորհրդաժողովում:

 «ԼՂ հակամարտություն. հնարավոր զարգացումները, պատերազմի վտանգ»

Ընդհանուր առմամբ էթնոքաղաքական հակամարտությունները դժվար են ենթարկվում կարգավորման: Այս առումով բացառություն չէ նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Իմ կարծիքով այն մխացող կրակի նման դեռ երկար ժամանակ մեզ կուղեկցի՝ դեպքից դեպք ունենալով բորբոքումներ: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման դժվարությունը բացատրվում է մի քանի հանգամանքներով:

Դրանք հիմնականում ոչ միայն ներքին դժվարություններն են՝ առավել շատ կապված Ադրբեջանի կոշտ դիրքորոշման հետ, այլ նաև արտաքին բազմավեկտոր գործոններն են, որոնց բարդ համակցությունը հարցը ավելի խճճված ու անլուծելի է դարձնում:

Պատերազմի ավարտից հետո 23 տարիների ընթացքում բանակցային գործընթացը բավականին անարդյունավետ է ընթացել:

Կարգավորման թեմաներն են եղել.

ա) Արցախի կարգավիճակի հարցը (Ադրբեջանի տարածքում լայն ինքնավար կարգավիճակ, ընդհանուր պետության  մասին հայեցակարգ, Լեռնային Ղարաբաղի միացում ՀՀ-ին, Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության կամարտահայտության հաշվի առնում):

բ) Զինված ուժերի հետքաշման, խաղաղապահ ուժերի տեղակայման և ազատագրված տարածքների վերադարձի խնդիրը (որ տարածք երբ պետք է վերադարձվի, խաղաղարար ուժերի կազմի ճշտում, ռուսական, թուրքական և ԵԱՀԿ պետությունների խաղաղարար մասնակցություն): Միջազգային փորձը ապացուցել է, որ միշտ էլ խաղաղապահ ուժերը կողմնակալություն են ունենում:

գ) Փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձ: Այստեղ նույնպես հակասությունները խորն են, մասնավորապես պետք է ճշտել, թե ովքեր են փախստականները և ներքին տեղահանվածները:

դ) Հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման  հիմնախնդիրը (այստեղ Թուրքիայի և Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ակնհայտ են կապված Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղի, Կարս-Ախալքալաք-Թիբիլիսի-Բաքու, ինչպես նաև Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը իրար կապող երկաթգծերի հետ):

Այս հարցում Ադրբեջանի որդեգրած «Նախ կարգավորում, ապա համագործակցություն» բանաձևը չի համապատասխանում հակամարտության կարգավորման ներքին տրամաբանությանը և դա ավելի է իրարից հեռացնում երկու ժողովուրդներին և խորացնում միմյանց նկատմամբ անվստահությունը: Ի դեպ, արցախյան կողմն այս հարցում բազմիցս կառուցողական առաջարկություններ է արել: Մասնավորապես համատեղ ջրօգտագործման, բնապահպանական և այլ ոլորտների վերաբերյալ, որոնք բոլորն էլ մերժվել են:

ե) Կրակի վերահսկողության մեխանիզմների կիրառում: Այստեղ Ադրբեջանը շարունակում է անդրդվելի մնալ: Մոտեցումը մեզ համար շատ հստակ է: Ադրբեջանը ձգտում է հյուծիչ լոկալ պատերազմի (սողացող  պատերազմ) միջոցով ծնկի բերել ՀՀ-ին և ԱՀ-ին:

Վերոհիշյալ օրակարգերից զատ բանակցությունների սեղանին դեռ նոր առաջարկությունների փաթեթներ կդրվեն:

Փաստորեն քննարկման նյութ հանդիսացող առաջարկությունները երկու կողմերի համար հիմնականում անընդունելի են և դրական հեռանկար չեն խոստանում:

Այս պարագայում ստատուս քվոյի պաշտպանությունը թերևս լայնամասշտաբ պատերազմի կանխման լավագույն միջոցն է:

Բանակցային գործընթացի ճապաղ վիճակը և աշխարհաքաղաքական զարգացումները հիմք են տալիս ասելու, որ կողմերի միջև սահմանային լոկալ բախումները հավանական են, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հնարավորությունը, թերևս, 0 նիշի վրա է: Լայնամասշտաբ պատերազմը կանխող գործոններն են.

1) Հայկական գործոնը

ա) Երկու հայկական պետություններում գոյություն ունեցող կայուն քաղաքական վիճակը, բանակի պատրաստակամությունը: Ինչքան էլ մենք քննադատենք բանակում առկա կացությունը, այնուամենայնիվ, ապրիլյան իրադարձություններից հետո զինված ուժերում իրականացվող տեղաշարժերը թշնամուն զսպող ամենահիմնական միջոցն են:

բ) Ինչքան էլ ՀՀ-ում հասարակության մի մեծ շերտ դժգոհ լինի իշխանությունից, այնուամենայնիվ, երկրի բնակչության, այդ թվում Արցախի, նշանակալից մասը ապագայի և պետության ճակատագրի նկատմամբ ունի պատասխանատվության զգացում:

Այդ ամենին եթե հաջողվի ավելացնել տնտեսական բաղադրիչի զագացման պահը, պատերազմը մեզանից ավելի հեռու կլինի:

գ) Սփյուռքի գործոնը և մասնավորապես մեր հայրենակիցների, ինչու չէ, Հայ դատի գրասենյակների և մյուս կառույցների կողմից իրականացվող լոբբիստական աշխատանքը, թույլ կտա Ադրբեջանի վրա մեծացնելու ճնշումները, արգելափակելու զենքի վաճառքի ճանապարհները:

2) Ադրբեջանական գործոն: Ներկայումս Ադրբեջանում իշխող վարչախմբի հետ կապված կոռուպցիոն սկանդալները (ադրբեջանական լվացքատուն) երկրի ներսում խանական ռեժիմի ստեղծումը ավելի ու ավելի է խորացնում Ադրբեջանի և առաջադեմ աշխարհի միջև անջրպետը: Դա ինքնին հնարավորություն կտա միջազգային կառույցների կողմից ճնշումը մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ:

3) Արտաքին գործոններ

ա) Ռուս-թուրքական բարվոք հարաբերությունները: Ի դեպ, սա մեզ համար իդեալական վիճակ է: Ռուաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գտնվում են ոչ պատերազմական և ոչ բարեկամական միջակայքում: Պատերազմի դեպքում հայոց երկիրը ոտքի կոխան կդառնա, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական անուշի դեպքում պատերազմը անխուսափելի է, որի արդյունքում մենք կզրկվենք մեր հողերից՝ առաջին հերթին Արցախից

բ) Ռուսաստանի ժողովրդագրական և տնտեսական ոչ բարվոք վիճակը: Ռուսաստանի արտաքին քաղաքական ծանր վիճակի հետ կապված սիրիական թնջուկի և ընդհանուր առմամբ մերձավորարևելյան բարդ զարգացումների, ուկրաինական իրադարձությունների, ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների տնտեսական ճնշումների մեծացման խորապատկերի վրա Ռուսաստանի օրվա իշխանությունների համար խիստ վտանգավոր է նոր ճակատի բացումը:

գ) Թուրքիայի ներքին և արտաքին բարդ գործընթացները, մասնավորապես քաղաքական հարցը: Երկրորդ, Էրդողանի կողմից Աթաթուրքի առաջ քաշած լայիցիզմի քաղաքականությունից նահանջը և պետական համակարգի իսլամականացման հանգամանքը կհասցնի թուրքական հասարակության երկփեղկմանը:

Եվրոպական որոշ երկրների հետ առաջիկայում սպասվող լարվածության մեծացումը:

դ) Սիրիայի և Իրաքի տարածքում քրդական պետության  ստեղծման հնարավորությունները:

Նման պայմաններում ներկայումս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում հայկական կողմը նորարական մոտեցումներով պետք է հանդես գա մասնավորապես մեծ տերությունների համար ընկալելի տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ նոր մոտեցումներ որդեգրելով:

Բանը նրանում է, որ մինչև 1918 թ. մայիսը Ադրբեջանի հանրապետության ծնունդը, 1917 թ. դեկտեմբերի 24-ին Շուշիում ձևավորվել էր «Հայ հեղափոխական կուսակցությունների և կազմակերպությունների ժամանակավոր խորհուրդը»: Իշխանության այդ մարմինը օժտված էր օրենսդիր և գործադիր գործառույթներով: Պատահական չէ, որ 1918 թ. ապրիլին Անդրկովկասյան սեյմում  գտնվող հայ և մահմեդական ներկայացուցիչների համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղին տրվել է ազատ շրջանի կարգավիճակ: Արցախում իշխանությունների ձևավորման ընթացքը տրամաբանական ավարտին հասավ 1918 թ. հուլիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում հրավիրված արցախահայության առաջին համագումարի ժամանակ:

Այդ հիմքերի վրա էլ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը ստացավ ինքնավար կարգավիճակ:

ԼՂԻՄ-ը սահմանադրությամբ, հետագայում՝ կանոնադրությամբ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններով, հաստատված սահմաններով խորհրդային համակեցության իրավաքաղաքական համակարգում իր տեղն ու դերն ուներ:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդում արցախահայությանը ներկայացնում էին ժողովրդի կողմից ընտրված 5 պատգամավորներ:

1924 թ. հուլիսի 6-ին ընդունված ԼՂԻՄ Սահմանադրության երրորդ գլխում արձանագրված էր. «Ինքնավար ԼՂ իշխանությունը նրա ընդգրկած ամբողջ տարածության վրա պատկանում է խորհուրդների համագումարին, կենտգործկոմին և տեղական խորհուրդներին»: Սահմանադրության առաջին գլխի երկրորդ հոդվածում նշված է. «Բոլոր գործավարությունը, դատավարությունը և ուսուցումը  դպրոցներում Ինքնավար ԼՂ-ում կատարվում է մայրենի լեզվով»:

Ինչպես ԱդրԽՍՀ-ը, այնպես էլ ԼՂԻՄ-ը միջազգային իրավունքի  սուբեկտներ չէին: Որպես այդպիսին ԽՍՀՄ-ն էր, որ ուներ չորս ձևի վարչատարածքային միավորներ: Այդ բոլոր ինքնավար միավորների վրա ճանաչված է եղել միայն ԽՍՀՄ ինքնիշխանությունը: ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ ինքնավար մարզ է եղել, որը տնտեսական հարցերում միջնորդավորված ենթակայություն է ունեցել միութենական իշխանություններից:

Մեկ այլ հանգամանք ևս. հայտնի է, որ Ադրբեջանի հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թ., մինչդեռ այդ պետությունը իրեն հռչակել է 1918-1920 թթ. Ադրբեջանի ժողովրդական հանրապետության իրավահաջորդ, որի կազմում չի եղել Լեռնային Ղարաբաղը:

ԼՂԻՄ-ը ԱԽՍՀ կազմից դուրս է եկել 1990 թ. ապրիլի 3-ի «Միութենական հանրապետությունների ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին» օրենքի համաձայն: