ԼՂՀ վարչապետը կասկածամտորեն է վերաբերում Լեւոն Հայրապետյանի ձերբակալմանը
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը արձագանքեց բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալմանը: «Շատ ենք ցավում, որ նման դեպք է տեղի ունեցել: Մեզ համար զարմանալի դեպք է, քանի որ մենք բոլորս ճանաչում ենք Լեւոն Հայրապետյանին, գիտենք նրա մարդկային որակները, նրա կյանքի ուղին: Մենք կասկածամտորեն ենք վերաբերում այդ կալանքին, համոզված ենք, որ ժամանակի ընթացքում կպարզվի, որ մեր հայրենակիցը, մեր մեծ բարերարը որեւէ կապ չունի հանցագործության հետ»,-ասաց ԼՂՀ վարչապետը:
Նրա համոզմամբ` Լեւոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է Արցախի եւ Հայաստանի համար, այլեւ նրա շնորհիվ բազմաթիվ մեր հայրենակիցներ դարձել են բարերարներ մեր հայրենիքում:
«Այսօր բոլորը միավորվել են Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, համապատասխան մարդիկ զբաղվում են այդ գործի ուղղությամբ, մեր համապատասխան մարմիններն էլ համոզված են, որ աշխատանքները, որոնք իրականացվում են, լինելու են արդարադատության պահանջներից ելնելով: Հուսանք, որ առաջիկայում լավ տեղեկություններ կունենաք: Այսօր մեզ, իհարկե, ամենաշատը մտահոգում է նրա առողջական վիճակը: Բարեբախտաբար, այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկվել, բժիշկների կողմից վերահսկվում է նրա առողջությունը: Անհամբեր սպասենք նրա ազատման լուրին,- հավելեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում բնակվող հայազգի մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Քննչական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: